Բաժիններ՝

ՊԵԿ-ի պատասխանը՝ բագրատաշենցիներին

Հուլիսի 1-ից ուժի մեջ մտած Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի կողմից հաստատված նոր պահանջները, ըստ որոնց՝ ԵԱՏՄ տարածք առանց մաքսազերծման կարելի է ներմուծել միայն մինչև 5 կգ կարանտինային հսկողության ենթակա բուսասանիտարական արտադրանք, լուրջ խնդրի առաջ են կանգնեցրել Տավուշի մարզի Բագրատաշեն գյուղի բնակիչներին:

Նրանցից շատերն իրենց ապրուստը վաստակում էին Վրաստանից միրգ ու բանջարեղեն բերելով, իսկ հիմա անգամ մեկ ամբողջական ձմերուկ չեն կարող բերել իրենց երեխաների համար` առանց մաքսազերծելու, եթե այն գերազանցում է թույլատրված 5 կիլոգրամը:

Վերջին օրերին սահմանային անցակետի մոտ բողոքի ակցիաներն առայժմ արդյունք չեն տվել և ՀՀ պաշտոնյաներն աներկբա հետևում են Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի սահմանած նորմերին:

Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից 168.am-ի հարցմանը, թե այս նոր կարգը վերաբերում է բոլո՞ր միրգ ու բանջարեղենին, բացառություններ կա՞ն, և եթե, օրինակ, անձը Վրաստանից 10 կիլոգրամանոց ձմերուկ է բերել, ի՞նչ պետք է անի, տեղեկացրին, որ խոսքը ոչ թե խնդրո առարկա ապրանքներից` 5կգ-ը գերազանցող մասի նկատմամբ մաքսային վճարների կիրառման (մաքսազերծման) մասին է, այլ այդ ապրանքների ԵԱՏՄ մաքսային սահմանով տեղափոխման դեպքում` միասնական կարանտին բուսասանիտարական պահանջների կիրառման մասին:

«Այսինքն, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 30.11.2016թ. թիվ 157 որոշման համաձայն 2017թ. հուլիսի 1-ից ԵԱՏՄ տարածք, այդ թվում նաև Հայաստանի Հանրապետություն, ներմուծվող բարձր բուսասանիտարական ռիսկայնության ապրանքները` տվյալ դեպքում նաև միրգ-բանջարեղենը պետք է ուղեկցվի արտահանող և/կամ վերաարտահանող երկրի լիազոր մարմնի կողմից տրված, միջազգային նմուշին համապատասխան, բուսասանիտարական հավաստագրով»,- նշված է ՊԵԿ-ի պատասխանում:

Պետական եկամուտների կոմիտեն նաև ընդգծել է, որ խոսքը գնում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշման մասին է, որը պետք է կիրառվի նաև Հայաստանի Հանրապետությունում: Ինչ վերաբերում է մաքսային սակագներին, ապա դրանց փոփոխություն տեղի չի ունեցել:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս