
Աբեն կոչ է անում գերտերություններին ճնշում գործադրել Հյուսիսային Կորեայի վրա

Ճապոնիայի վարչապետ Շինձո Աբեն կոչ է արել Չինաստանի և Ռուսաստանի հետ համագործակցաբար ազդեցություն գործել Հյուսիսային Կորեայի վրա, որը հուլիսի 28-ին կրկին բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում է NHK հեռուստաալիքը:
Աբեն հիշեցրել է, որ նման փորձարկումները խախտում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան որոշումները: «Մենք ամենակոշտ կերպով դատապարտում ենք Հյուսիսային Կորեային: Մտադիր ենք սերտորեն համագործակցել ԱՄՆ-ի, Հարավային Կորեայի, Չինաստանի և Ռուսաստանի հետ Հյուսիսային Կորեայի հանդեպ ճնշում գործադրելու համար»,- ասել է Աբեն:
Հյուսիսային Կորեան հուլիսի 28-ին հերթական հրթիռն է փորձարկել: Նախնական տվյալներով՝ հրթիռները բալիստիկ էին և ուղղված էին Ճապոնական ծովի ուղղությամբ:
Պենտագոնում ևս հաստատել են, որ արձանագրել են բալիստիկ հրթիռի արձակում և խոստացել հավելյալ տեղեկատվություն տրամադրել: Ճապոնիան և Հարավային Կորեան ազգային անվտանգության խորհուրդների արտահերթ նիստեր են հրավիրել: