Բաժիններ՝

Սևանի ափամերձ անտառների ջրածածկվող հատվածներում այս տարի կատարվել է 10 հեկտար անտառմաքրման աշխատանք

Սևանա լճի ափամերձ ու ջրածածկման վտանգի տակ հայտնված անտառային տարածքներում այս տարվա ընթացքում անտառմաքրման աշխատանքներ իրականացվել են 10 հեկտարի վրա: Ինչպես տեղեկացրել է «Սևան Ազգային պարկ» ՊՈԱԿ տնօրեն Վահե Գուլանյանը, մաքրման աշխատանքները մեկնարկել են այս տարվա մայիսից, «Սևան Ազգային պարկ» ՊՈԱԿ և ֆիզիկական անձանց միջև անտառմաքրման նպատակներով կնքված պայմանագրերի շրջանակներում:

«Ֆիզիկական անձանց ուժերով անտառմաքրման աշխատանքներ իրականացվել են Նորատուսի և Մարտունու մասնաճյուղերում: Հուլիսի վերջերի դրությամբ 5 հեկտար անտառային տարածք ծառերից, արմատներից ու այլ բույսերից մաքրվել է Նորատուսի, 5 հեկտար՝ Մարտունու մասնաճյուղերին պատկանող տարածներում: Մինչև տարեվերջ նույն տեղերում կիրականացվեն նույն ծավալների անտառմաքրման աշխատանքներ»,-ներկայացրել է Վահե Գուլանյանը, հավելելով, որ անտառմաքրման ներկա տեմպերը մնում են անբավարար:

«Ներկա պահին զգացվում է մոտ 200 հեկտար անտառային տարածքի հրատապ մաքրման կարիք: Մեր ուժերով մենք ի վիճակի ենք մաքրել մինչև 20 հեկտար: Մնացածը պետք է կատարվի պետբյուջեի միջոցների հաշվին, որտեղից համապատասխան հատկացումներ այս տարի դեռևս չի արվել: Ֆինանսական միջոցների հատկացման դեպքում հնարավոր կլինի գոնե կիսով չափ անտառմաքրման աշխատանքները մինչև տարեվերջ հասցնել ավարտի»,-հավաստել է «Սևան Ազգային պարկ» ՊՈԱԿ տնօրենը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս