Բաժիններ՝

«5 կգ-ից ավելի բուսական ծագման մթերքի ներմուծումը պետք է ուղեկցվի բուսասանիտարական հավաստագրով»

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության ծառայության (ՍԱՊԾ) բուսասանիտարիայի տեսչության պետ Արթուր Նիկոյանն անդրադառնալով ԵԱՏՄ հանձնաժողովի կողմից հաստատված նոր պահանջներին, մասնավորապես՝ այն հատվածին, որ առանց մաքսազերծման կարելի է ներմուծել մինչև 5 կգ կարանտինային հսկողության ենթակա բուսասանիտարական արտադրանք՝ նշեց, որ 5 կգ-ից ավելի բուսական ծագման մթերքի ներմուծումը պետք է ուղեկցվի բուսասանիտարական հավաստագրով:

Արթուր Նիկոյանի հավաստմամբ՝ սա արգելանք չէ և կապ չունի մաքսազերծման հետ:

«Մինչ այս այդպես չի եղել, քանի որ պահանջն առաջացավ այն բանից հետո, երբ ԵԱՏՄ-ի կողմից ընդունվեց համապատասխան որոշում, որը ԵԱՏՄ կարգավորումների ընդամենը մի մասն է կազմում»,- ասաց Արթուր Նիկոյանը:

Վերջինիս խոսքով՝ նախկինում բնաիրային ապրանքների անվան տակ մարդիկ մի քանի անգամ ներմուծում էին ապրանքներ, և գոյանում էր առևտրային խմբաքանակ:

«Բնաիրայինն այն քանակն է, որ մարդն օգտագործի իր համար: Մենք սկսում էինք սպառել այն մթերքը, որն ընդհանրապես վերահսկողության չէր ենթարկվում: Սակայն այս կանոնակարգի որոշման արդյունքում այս բացն արդեն լրացվել է»,- նշեց բանախոսը:

Նրա խոսքով՝ այս կարգավորումները վերաբերում են ինչպես՝ Հայաստանի Հանրապետությանը, այնպես էլ՝ ԵԱՏՄ բոլոր պետություններին:

Հիշեցնենք, որ Տավուշի մարզի Բագրատաշեն գյուղում քաղաքացիները բողոքում էին, որ 5 կգ-ից ավելի կարանտինային հսկողություն է իրականացվում ապրանքների վրա, չի թույլատրվում մաքսազերծել:

Անի Թորոսյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս