Ասում են՝ Մանուկ Սիմոնյանը պարբերաբար բռնություն է գործադրել կնոջ նկատմամբ. «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մենք 2 օր առաջ գրել էինք, որ Արմավիրի մարզպետի խորհրդական Մանուկ Սիմոնյանն անհետացել է, ոստիկանությունում անհետացման փաստի առթիվ քննություն էր գնում։ Հաջորդ օրը խորհրդականի դին գտնվեց մոտակա Դալարիկի ձորում՝ կապկված, խոշտանգված։ Սպանության առիթով գործ հարուցվեց, ապա տեղեկացանաք, որ կասկածյալներ կան։ Մեր աղբյուրները հայտնեցին, որ սպանության մեջ կասկածվում են ընտանիքի անդամները, մասնավորապես՝ կինն ու որդին։ Սպանության դրդապատճառը, նախնական տեղեկություններով, անհաշտ հարաբերություններն են եղել։ Ասում են՝ ընտանիքում տևական ժամանակ անտանելի մթնոլորտ է եղել, Մանուկ Սիմոնյանը պարբերաբար բռնություն է գործադրել կնոջ նկատմամբ։
Մեր հարցմանն ի պատասխան՝ Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից նշեցին, որ շուտով հաղորդագրություն կտարածեն, ապա հավելեցին, որ ձերբակալված անձ կա: Ճի՞շտ են տեղեկությունները, որ սպանության մեջ կասկածվում են ընտանիքի անդամները, մեզ պատասխանեցին, որ նման տեղեկություններ այս պահին չեն կարող տրամադրել:
Հիշեցնենք, որ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի 52-ամյա խորհրդական Մանուկ Սիմոնյանը հուլիսի 23-ից որոնվում էր որպես անհետ կորած»։
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։