«Ռուսաստանը պատժամիջոցների ներքո ապրում է արդեն 500 տարի». Անդրեյ Սուզդալցև

Հարցազրույց Եվրոպական և միջազգային հետազոտությունների կենտրոնի վերլուծաբան, ՌԴ Պետական համալսարան-տնտեսագիտության բարձրագույն դպրոցի համաշխարհային տնտեսագիտության ֆակուլտետի փոխդեկան Անդրեյ Սուզդալցևի հետ

– Պարոն Սուզդալցև, ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն օրինագիծ է ընդունել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների կիրառման մասին։ Ձեր կարծիքով՝ դա ինչպե՞ս կանդրադառնա Ռուսաստանի տնտեսության և ԵԱՏՄ-ի վրա։

– Այդ պատժամիջոցները շատ բազմակողմ են և ոլորտային։ Դրանք վերաբերում են մեր բանկերի գործունեությանը, ընկերությունների վարկավորմանը, դժվարանում է գնումների իրականացումն արտերկրում, մասնավորապես՝ խոսքը նավթի վերամշակման տարբեր սարքավորումների մասին է, նաև Հյուսիսային ծովում տարբեր հետազոտությունների համար սարքավորումների, խնդիրներ կառաջանան մեր երկաթուղիների, մետաղագործական արդյունաբերության հետ կապված, և այլն։ Այսինքն՝ պատժամիջոցները վերաբերում են այն ոլորտներին, որոնք վերաբերում են տարբեր ուղղություններով արտահանմանը։

Ռուսաստանին մղում են անկյուն, որպեսզի նա միայն հումքային առևտուր անի, և զարգացման լուրջ խնդիրների առաջ հայտնվի։ Բայց չի կարելի ասել, որ այս պատժամիջոցները կկործանեն ռուսական տնտեսությունը։ Իրադրությունը, իհարկե, ցավալի է, բայց ծայրահեղ չէ։

– Այստեղ տեսակետ կա, որ Ռուսաստանն արդեն վարժվել է ապրել պատժամիջոցների ներքո և այժմ լուրջ խնդիրներ չի ունենա։

– Ռուսաստանը պատժամիջոցների ներքո ապրում է արդեն 500 տարի, դեռ Իվան Ահեղի իշխանության ժամանակաշրջանից Ռուսաստանի դեմ տարբեր տեսակի պատժամիջոցներ են կիրառում։ Ցավոք, Ռուսաստանի շահերը չեն համընկնում Արևմուտքի, ԱՄՆ-ի շահերի հետ, դրանք հակասական են։ Պատժամիջոցերի ենթարկվել է Ցարական Ռուսաստանը, այժմ էլ տարիներ շարունակ դրանք չեն մեղմացվում, և, մեծ հաշվով, արդեն այդքան էլ մեծ խնդիր չեն մեզ համար։

– Ամեն դեպքում, տնտեսության անկում չե՞ք կանխատեսում։

– Ոչ, բացասական զարգացումներ չեն կանխատեսվում։ Ընդհանրապես  տնտեսությունը բազմաճյուղ է, ինքնակարգավորվող, շուկայական։ Իհարկե, որոշ ճյուղերի վրա այդ պատժամիջոցները կազդեն, բայց դրանք չեն հանգեցնի տնտեսության քայքայման։

– Ամերիկյան պատժամիջոցները կարո՞ղ են ազդել նաև Ադրբեջանի վրա՝ հաշվի առնելով, որ դրանք տարածվում են նաև Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նախագծի վրա, որտեղ մասնաբաժին ունի նաև Ռուսաստանը։

– Կարծում եմ՝ ոչ։ Ռուսաստանի մասնաբաժինն այդ նախագծում ընդամենը 10% է։ Եվ հետո, դա կապված է ոչ թե՝ գործող նախագծերի, այլ՝ ծրագրվող նախագծերի հետ։ Իսկ ռուսական և ադրբեջանական կապիտալներով համատեղ խոշոր ծրագրեր մոտ ապագայում չեն նախատեսվում։

– Հնարավո՞ր է, որ այս նախագծի և պատժամիջոցների հարցը եղել է Ադրբեջանի նախագահ Ալիևի և ԱՄՆ պետքարտուղարի ու ՌԴ նախագահ Պուտինի հանդիպումների օրակարգում։

– Հնարավոր է, դա զարմանալի չէ, բայց նաև դա հիմնական կարևոր հարցը չէր։ Իհարկե, Ադրբեջանի համար ավելի կարևոր է Լեռնային Ղարաբաղի խնդիրը՝ հաշվի առնելով, որ ԱՄՆ-ը և Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ են։ Ամեն դեպքում, պետք է հաշվի առնել, որ որևէ երկրի նկատմամբ պատժամիջոցների կիրառումն ազդում է նրա հարևան երկրների վրա։ Եվ քանի որ Ռուսաստանն ու Ադրբեջանը մեծ առևտրաշրջանառություն ունեն, մեր երկրի խնդիրները կտարածվեն նաև Ադրբեջանի վրա։

– Իսկ այդ պատժամիջոցներն ի՞նչ կերպով կազդեն Հայաստանի վրա։

– Բնականաբար, ազդեցություն կլինի։ Հայաստանի տնտեսությունն ուղիղ կախվածության մեջ է Ռուսաստանի տնտեսությունից։ Ընդ որում՝ Հայաստանի տնտեսության մեծ մասը ծառայությունների և հումքային ոլորտն է։ Եվ քանի դեռ Ռուսաստանում իրադրությունը չի բարելավվում, Հայաստանը ևս դժվարությունների առաջ կհայտնվի։ Ռուսական տնտեսության զարգացման դեպքում Հայաստանի արդյունաբերության և գյուղատնտեսության համար ևս կբացվեն նոր շուկաներ, հնարավորություններ։ Օրինակ՝ ես հունիսի վերջից սնվում եմ միայն հայկական ծիրանով, և ամբողջ Մոսկվայում իսկական որս է գնում ծիրանի համար։ Բնական է, որ ռուս-հայկական առևտուրն ակտիվ զարգանում է, մեր տնտեսությունները շատ փոխկապակցված են, և որևէ մեկում որևէ տատանում տարածվում է նաև մյուսի վրա։

Տեսանյութեր

Լրահոս