Թուրքիայում ՌԴ նորանշանակ դեսպանը հավատարմագրերը կհանձնի Էրդողանին
Թուրքիայում Ռուսաստանի Դաշնության նորանշանակ դեսպան Ալեքսեյ Երխովը հուլիսի 27-ին հավատարմագրերը կհանձնի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Այս մասին հայտնում է Sputnik-ի թուրքական ծառայությունը:
Հավատարմագրերի հանձնման արարողությունից հետո Երխովը պաշտոնապես կսկսի դիվանագիտական ծառայությունը Թուրքիայում:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Երխովին Թուրքիայում Ռուսաստանի դեսպանի պաշտոնում էր նշանակել 2017 թվականի հունիսին: Դիվանագետն ավելի վաղ աշխատել է Եգիպտոսում, ինչպես նաև զբաղեցրել Ստամբուլում ՌԴ գլխավոր հյուպատոսի պաշտոնը:
Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովը 2016 թվականի դեկտեմբերի 19-ին Անկարայում ցուցահանդեսի բացման ժամանակ սպանվել էր: Հանցագործը մի քանի անգամ թիկունքից կրակել էր դեսպանի վրա: Ոստիկանության գործողությունների արդյունքում մարդասպանը ևս սպանվել էր: