«Սա պարտադրանք է». Վահագն Խաչատրյանը՝ կառավարության՝ էլեկտրաէներգետիկական համակարգի էլեկտրաէներգիայի շուկան ազատականացնելու մտադրության մասին
«Վստահություն չվայելող իշխանության, վստահություն չվայելող կառավարության որոշումները միշտ անհանգստացնում են»,- 168.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀԱԿ անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը՝ խոսելով ՀՀ կառավարության՝ էլեկտրաէներգետիկական համակարգի էլեկտրաէներգիայի շուկան ազատականացնելու մտադրության մասին: Նշենք, որ դրա վերաբերյալ օրինագիծը ներառված է կառավարության այսօրվա նիստի օրակարգում:
Վ. Խաչատրյանը նշեց, որ, երբ կառավարությունը մի բան է նախաձեռնում, ինքը հասկանում է, որ դրանից լավ բան չի ստացվի. «Նույն Հարկային օրենսգրքի հետ կապված փոփոխությունները փոխանակ ավելի նպաստավոր պայմաններ ստեղծեին տնտեսվարողների և մեր քաղաքացիների համար, ընդհակառակը, մենք դրա բացասական ազդեցությունները դեռևս կտեսնենք»:
Տնտեսագետը նշեց, որ ռիսկերի մասին դեռևս ոչինչ գրված չէ ներկայացված փաստաթղթում. «Որպես առաջին հարցադրում՝ պետք է փորձել հասկանալ, թե ինչ ռիսկեր է այն իր մեջ պարունակում, և առաջին հերթին՝ ինչքանո՞վ է ապահովագրված լինելու քաղաքացին: Այսինքն՝ շուկայի ազատականացումն ինչքանո՞վ է սակագների վրա ազդելու, և դրանից ելնելով՝ մեր ՀՀ քաղաքացու բարեկեցությունը բարձրանալո՞ւ է, թե ՞ոչ: Կա մի իրականություն, որ գործող համակարգը, հատկապես գների ձևավորման համակարգը չի համապատասխանում շուկայական տնտեսությանը: Սրա մասին ես, իմ գործընկերները շատ ենք խոսել նախորդ 5 տարիների ընթացքում և անընդհատ մենք այդ հարցը բարձրացրել ենք, որ իրականության մեջ շուկայական տնտեսության պայմաններում չի կարող սակագների սահմանման այսպիսի մեխանիզմ գործել, որտեղ որևէ ձևով այդ գների սահմանումը չի շահագրգռում էլեկտրաէներգիա արտադրող, սպառող կազմակերպություններին՝ ավելի արդյունավետ աշխատել»:
Տնտեսագետի դիտարկմամբ՝ այսօրվա էլեկտրաէներգիայի սակագնի սահմանումը չի նպաստում այդ համակարգի արդյունավետությանը. «Դա է պատճառը, որ ստիպված՝ այսպիսի քայլեր են անում: Սրանք ուշացած քայլեր են, պետք է շուտ անեին: Երբ կարդացի կառավարության այդ որոշման նախագծերը, այնտեղ երկու հանգամանքի վրա ուշադրություն դարձրեցի: Առաջինը, որ սա Ասիական բանկի պահանջ է, որովհետև ինքը, ամենայն հավանականությամբ, վարկային որոշակի ծրագրեր ունի, բայց ինքը երևի համոզված պետք է լինի, որ դա կբերի էներգետիկ համակարգի ազատականացմանը և հնարավորություն կտա նոր տնտեսվարողների մուտք, այդ թվում նաև՝ շուկայական նոր մեխանիզմների կիրառում էներգետիկական համակարգում: Երկրորդը, որ այս նախագծին մասնակցություն ունի ԱՄՆ USAID զարգացման գործակալությունը, որի աշխատանքի արդյունքը, չեմ ասի, որ միշտ դրական է ստացվում, որովհետև նույն Հարկային օրենսգրքի և այլ օրենսդրական նախաձեռնությունների շրջանակում իր օգնությունը բերել է հակառակ էֆեկտը: Սա կարևոր հանգամանք է, այսինքն՝ սա միայն ՀՀ իշխանությունների ցանկության արդյունք չէ, սա պարտադրանք է»:
Վ. Խաչատրյանը գտնում է, որ սա, ամենայն հավանականությամբ, պայմանավորված է այն հանգամանքով, որ այս համակարգում ներդրողներ չեն գալիս. «Մեկ ուրիշ հանգամանք էլ կա երևի՝ այն մարդիկ, որոնք այսօր հանդիսանում են Հայաստանի էլեկտրացանցերի կամ էներգետիկ համակարգի այլ ակտիվների սեփականատերեր, ամենայն հավանականությամբ, արդեն իրենց մաշկի վրա են զգացել, որ գործող մեխանիզմներն արդյունավետ չեն և չեն նպաստում ո՛չ ներդրումային դաշտին, և ո՛չ էլ էներգետիկ համակարգի արդյունավետության բարձրացմանը: Ես մի կողմից՝ ուրախ եմ, որ այն հարցադրումները, որ մենք արել ենք ժամանակին, հիմա արձագանք են գտել այս փաստաթղթում, մյուս կողմից էլ՝ ես շատ ցավով եմ ասում, որ սա կարելի էր անել մի քանի տարի առաջ, որից կշահեր և՛ համակարգը, և՛ մենք՝ քաղաքացիներս: Որպես նախաձեռնություն՝ ինձ համար ընդունելի է, բայց ներկայացված փաստաթուղթն ամբողջապես բավարար չէ, որպեսզի ինքը կարողանա դառնալ ընդունելի շատերի կողմից՝ որպես այս համակարգում բարեփոխում ապահովող փաստաթուղթ»:
Հարցին, թե՝ սրա արդյունքում սակագնի տատանում կլինի՞, Վ. Խաչատրյանն այսպես պատասխանեց. «Անպայման կլինի: Իրենք ընդհանրապես չափորոշիչներն էլ են փոխում, մասնակիցների կարգավիճակն էլ են փոխում, նոր խաղացողներին մուտքի հնարավորություն են տալիս: Այդ ամենը բերելու է սակագնի փոփոխության»:
Մեր ճշտող հարցին՝ բարձրացո՞ւմ, թե՞ ցածրացում կլինի, թե՞ դա դեռևս հստակ չէ, տնտեսագետը պատասխանեց, որ դա դեռ հստակ չէ. «Դա կախված է նրանից, թե ինչքանով կաշխատեն շուկայական ինստիտուտները, մեխանիզմները, թե ինչքանով մրցակցություն կապահովվի, այս մենաշնորհային կարգավիճակը չի շարունակվի, կամ ինչ-որ մարդկանց համար սա չի արված, որովհետև ես իշխանության ազնիվ խոստումներին չեմ հավատում»: