«Ամերիկան առաջին հերթին» սկզբունքը չի կարող նշանակել, թե Եվրոպան վերջին հերթին է. Յունկեր
ԱՄՆ-ի պատժամիջոցների հարցում «Ամերիկան առաջին հերթին» սկզբունքը չի կարող նշանակել, թե Եվրոպան վերջին հերթին է: Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերը ՌԴ-ի, Իրանի եւ ԿԺԴՀ-ի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցների մասին նոր օրինագծի քննարկման արդյունքների վերաբերյալ։
Նա ընդգծել է, որ Եվրամիությունն այժմ բոլոր դիվանագիտական ուղիներն օգտագործումէ՝ ԱՄՆ-ի հետ Ռուսաստանի դեմ նրա նոր պատժամիջոցների խնդրի քննարկման համար:
«Եվրամիությունը լիովին կողմնակից է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների ռեժիմին: Սակայն պատժամիջոցների շուրջը միասնությունը «մեծ յոթնյակի» շրջանակներում եւ դաշնակիցների հետ սերտ համագործակցությունը հիմնական պայմանն են Մինսկի համաձայնությունների լրիվ կատարման համար: Դա բազային նպատակն է, որը բաժանում են ԵՄ-ն եւ ԱՄՆ-ը»,- ասել է նա:
«Ամերիկյան օրինագիծը կարող է ունենալ ոչ դիտավորյալ հետեւանքներ, որոնք կազդեն էներգաանվտանգության բնագավառում ԵՄ-ի շահերի վրա: Հենց այս պատճառով Եվրահանձնաժողովն այսօր ընդունեց որոշում, որ եթե ԵՄ-ի անհանգստությունները բավականաչափ նկատի չառնվեն, մենք պատրաստ ենք համապատասխան գործելու մի քանի օրվա ընթացքում»,- ընդգծել է Եվրահանձնաժողովի ղեկավարը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: