«Պոլսո Հայոց պատրիարքի ընտրությունները հավանաբար տեղի կունենան այս տարվա դեկտեմբերին». արքեպիսկոպոս Բեկչյան
Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանը, որն այս օրերին գտնվում է Հայաստանում, լրատվամիջոցների հետ զրույցում հայտնել է, որ Պոլսո Հայոց պատրիարքի ընտրությունների նախապատրաստական աշխատանքները զարգանում են անխափան ու խաղաղ մթնոլորտում, իսկ Ստամբուլի հայ համայնքում Արամ Աթեշյանի հրաժարականից առաջ առաջացած լարվածությունը թուլացել է։
Ինչպես փոխանցում է «Հայ Ձայնը»-ը, արքեպիսկոպոս Բեկչյանը նշել է, որ պատրիարքական ընտրությունները, ամենայն հավանականությամբ, տեղի կունենան այս տարվա դեկտեմբերին։
Արքեպիսկոպոս Բեկչյանը հայտնեց, որ բացի իրենից ու Պոլսո պատրիարքի տեղապահի ընտրություններին մասնակցած մյուս երկու սրբազաններից՝ արքեպիսկոպոսներ Արամ Աթեշյանից ու Սահակ Մաշալյանից Պոլսո պատրիարքի այլ թեկնածուներ էլ կարող են լինել, այդ թվում՝ Նավասարդ արքեպիկսպոս Կճոյանը։ Կարևոր պայման է նրանց Թուրքիայում ծնված լինելը։
«Թուրքիայում ծնված այլ եկեղեցականներ էլ կան, որոնք իրավունք ունեն մասնակցելու պատրիարքական ընտրությանը: Կարգը պահանջում է, որ մենք նամակ գրենք բոլորին և հարցնենք՝ թեկնածո՞ւ են, թե՞ ոչ», – ասել է Բեկչյանը՝ հավելելով, որ եթե վերջիններս հաստատեն իրենց մասնակցությունը, իրենք պաշտոնապես կհրավիրեն նրանց Ստամբուլ և տեղի համայնքին կծանոթացնեն նոր թեկնածուների հետ։
«Այդպիսի մի յոթ-ութ հոգի կան: Խաժակ Սրբազանը կարող է լինել, Նավասարդ Սրբազանի հայրն էլ պոլսեցի է, ծագման առումով ինքն էլ իրավունք ունի առաջադրվելու: Միքայել Սրբազանի հայրն էլ Թուրքիայում է ծնվել՝ Կիլիկիայում: Երուսաղեմի Սեւան Սրբազանի հայրն էլ Թուրքիայում է ծնվել, էլի անուններ կան, թող գան», – նշել է պատրիարքի տեղապահը։