11 ֆիլմ, որ առաջարկում է դիտել դերասանուհի Տաթև Ղազարյանը
«Մարդիկ գալիս են կինոթատրոն, որպեսզի կիսեն միևնույն երազանքը». Բեռնարդո Բերտոլուչի:
Նույն երազանքները, ապրումներն ու հույզերն ունենալու հարցում այս շաբաթ օգնության է հասել Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի դերասանուհի Տաթև Ղազարյանը, ով 168.am-ի ընթերցողին է առաջարկում դիտել իր ամենասիրելի 11 ֆիլմերը:
«Կյանքը հիասքանչ է» (La vita è bella)
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Իտալիայում համակենտրոնացման ճամբար են ուղարկում հրեաների: Ֆիլմի գլխավոր հերոսը և նրա փոքրիկ որդին նույնպես հայտնվում են ճամբարում: Իտալուհի կինն ինքնակամ հետևում է նրանց: Ճամբարում հայրն ասում է որդուն, որ այն, ինչ կատարվում է այնտեղ, մեծ խաղ է, որի հաղթողին տանկ են նվիրում, և տանկը կստանա այն տղան, ով լավ կթաքնվի «գոռացող» մարդկանցից:
«Կյանքը հիասքանչ է» իտալական գեղարվեստական ֆիլմի սցենարի հեղինակը, գլխավոր ռեժիսորը և գլխավոր դերակատարը Ռոբերտո Բենինին է։
Ֆիլմը կարող եք դիտել այստեղ
«Գոյայի ուրվականները» (Goya’s Ghosts)
Ռեժիսոր Միլոշ Ֆորմանի ֆիլմը պատմում է Գոյայի, 18-րդ դարում իսպանական ինկվիզիցիայի և դրա հետևանքով մարդկանց խեղված ճակատագրերի մասին։
Հայտնի դիմանկարիչ Ֆրանցիսկո Գոյայի (Ստելլան Սկարսգարդ) մուսային՝ Ինեսին (Նատալի Պորտման), պանդոկներից մեկում խոզամիս չուտելու պատճառով իսպանական եկեղեցին մեղադրում է թաքնված հուդայականության մեջ, նետում բանտ ու տանջում: Հուսահատության մեջ գտնվող նկարիչն օգնություն է խնդրում իր ընկերոջից՝ քահանա Լորենցոյից (Խավիեր Բարդեմ): Նրանց հարաբերությունները խիստ փորձությունների են ենթարկվում՝ անդառնալիորեն փոխելով բոլոր երեքի ճակատագրերը:
Ֆիլմը կարող եք դիտել այստեղ
«Բունկեր» (Der Untergang)
Գերմանացի ռեժիսոր Օլիվեր Հիրշպիգելի ֆիլմը պատմում է Երրորդ Ռայխի վերջին օրերի մասին: Ապրիլ, 1945թ.: Խորհրդային զորքերը շրջափակում են Երրորդ Ռայխի մայրաքաղաքը՝ Բեռլինը: Մոտալուտ պարտությունից խուսափելու համար Նացիստական Գերմանիայի ղեկավարները փրկություն են փնտրում գաղտնի բունկերում: Մերժելով փախուստի առաջարկությունը՝ Հիտլերը (Բրունո Հանց) վստահեցնում է, որ հաղթանակը մոտ է: Նա հրամայում է հողին հավասարեցնել Գերմանիան և քննարկում է իր ինքնասպանության մանրամասները:
Ֆիլմը կարող եք դիտել այստեղ
«Հիլարի և Ջեքի» (Hilary and Jackie)
Ռեժիսոր Անանդ Թաքերի կողմից 1998թ. նկարահանված անգլիական ֆիլմ-դրաման պատմում է մանկությունից անբաժան քույրեր Հիլարիի (Ռեյչել Գրիֆիթս) և Ջեքիի (Էմիլի Ուոթսոն) մասին, ովքեր ապրում են իրենց ստեղծած աշխարհում: Նրանք դարձել են մեկը մյուսի մասնիկները: Բայց երաժշտական տաղանդով ճակատագիրն օժտել է քույրերից միայն մեկին՝ Ջեքիին:
Այդ պատճառով էլ, երբ նա մեծանում է, իր թավջութակի հետ սկսում է ճամփորդել ամբողջ աշխարհով, վաստակում է համաշխարհային ճանաչում և լողում է փառքի մեջ: Նա կյանքում ամեն ինչ ստացել է, բացի ամենակարևորից՝ ընտանեկան երջանկությունից: Սիրված լինելով բոլորի և ոչ մեկի կողմից՝ նա նախանձում է խաղաղ ընտանեկան դրախտում ապրող Հիլարիին: Եվ երբ աշխարհը երես է թեքում Ջեքիից, նա վերադառնում է տուն, որպեսզի կործանի իր երբեմնի սիրելի քրոջ կյանքը:
Ֆիլմը կարող եք դիտել այստեղ
«Շինդլերի ցուցակը» (Schindler’s List)
Ամերիկացի կինոռեժիսոր Սթիվեն Սփիլբերգի ֆիլմը պատմում է նացիստական կուսակցության անդամ, հանելուկային Օսկար Շինդլերի (Լիամ Նիսոն) մասին, ով Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում փրկում է մոտ 1200 հրեաների։
Ֆիլմը կարող եք դիտել այստեղ
«Լավագույն առաջարկությունը» (La migliore offerta)
Իտալացի կինոռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր Ջուզեպե Տորնատորեի մելոդրամայի գլխավոր հերոսը տարեց աճուրդավար, գեղանկարների կոլեկցիոներ, հավերժ միայնակ Վերգիլիոս Օլդմանն է (Ջեֆրի Ռաշ): Վերջինս Կլեր անունով մի առեղծվածային հաճախորդից ստանում է հնաոճ իրերի գնահատման պատվեր: Կլերը հիվանդ է ագորաֆոբիայով և վերջին տասներկու տարիների ընթացքում իր պալատից երբեք դուրս չի եկել:
Աշխատելով աղջկա տանը, Օլդմանը ոչ միայն բացահայտում է ամենուր սփռված հնաոճ իրերի գաղտնիքը, այլ նաև աստիճաբանար սիրահարվում է տանտիրուհուն:
Աղջկա սիրտը գրավելու հարցում նրան օգնում են ընկերների՝ երիտասարդ ինժեներ և կանանց փորձագետ Ռոբերտի (Ջիմ Սթարջես) և ձախողված նկարիչ Բիլլիի (Դոնալդ Սազերլենդ) խորհուրդները:
Շուտով, սակայն, Վերգիլիոսը ստիպված է վերանայել իր արժեքները և թարմ հայացք նետել իր կյանքի վրա:
Ֆիլմը կարող եք դիտել այստեղ
«12»
2007 թվականին նկարահանված ռեժիսոր Նիկիտա Միխալկովի «12» ֆիլմն ամերիկյան «12 զայրացած տղամարդ» (12 Angry Men) ֆիլմի ռիմեյքն է։
Երդվյալ ատենակալների դատարանը քննում է 18-ամյա չեչեն մի երիտասարդի գործ, ով մեղադրվում է իր խորթ հոր սպանության մեջ։ Նրա հայրը ռուսական բանակի սպա էր, ով կռվել էր Չեչնիայում։
Դպրոցի սպորտդահլիճում հավաքված 12 ատենակալներից 11-ը պատրաստ են դատապարտել երիտասարդին, բայց նրանցից մեկը վստահ է, որ ամեն ինչ այդքան ակնհայտ չէ, որքան թվում է, և գործընկերներին առաջարկում է մանրամասնորեն քննել գործը:
Ֆիլմը կարող եք դիտել այստեղ
«Լեգենդ դաշնակահարի մասին» (La leggenda del pianista sull’oceano)
Իտալացի ռեժիսոր Ջուզեպե Տորնատորեի երաժշտական դրաման նկարահանվել է Ալեսանդրո Բարիկոյի «Նովեչենտո» («Քսաներորդ դար») գրքի հիման վրա:
Ամեն ինչ սկսվում է նրանից, որ 20-րդ դարի առաջին օրը «Վիրջինիա» նավի դաշնամուրի վրա գտնվեց փոքրիկ տղա, ով իր ամբողջ կյանքն անցկացրեց՝ երբեք նավից դուրս չգալով: Խորհրդավոր կերպով սովորելով դաշնամուր նվագել՝ Դենի Բուդմեն Տ. Դ. Լիմոն հազար ինը հարյուրերորդը (Թիմ Ռոթ) դառնում է իսկական վիրտուոզ և զվարճացնում հանդիսատեսին՝ նվագելով ռեստորանային նվագախմբում: Իր հետ են կապված անհավատալի պատմություններ, իսկ իր կյանքը վերածվել է հիասքանչ լեգենդի։
Ֆիլմը կարող եք դիտել այստեղ
«Զոլավոր գիշերազգեստով տղան» (The Boy in the Striped Pyjamas)
«Զոլավոր գիշերազգեստով տղան» ամերիկացի ռեժիսոր Մարկ Հերմանի դրամատիկ ֆիլմն է, որը նկարահանվել է 2008 թվականին։ Ֆիլմի համար հիմք է հանդիսացել իռլանդացի գրող Ջոն Բոյնի համանուն վեպը։
Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում տեղի ունեցող պատմությունը ներկայացվում է բարձրաստիճան նացիստական չինովնիկի որդու՝ ութամյա գերմանացի անմեղ տղայի՝ Բրունոյի (Ասա Բատերֆիլդ) աչքերով: Նրա պատահական հանդիպումը և ընկերությունը հրեա տղայի հետ, ով գտնվում է ճամբարի ցանկապատի մյուս կողմում, վերջ ի վերջո, հանգեցնում է ամենազարմանալի ու անսպասելի հետևանքների:
Ֆիլմը կարող եք դիտել այստեղ
«Մենք ենք, մեր սարերը»
«Մենք ենք, մեր սարերը» Հենրիկ Մալյանի՝ Հրանտ Մաթևոսյանի համանուն ստեղծագործության հիման վրա նկարահանած գեղարվեստական կինոնկարն է։ Այն նկարահանվել է Հայֆիլմ կինոստուդիայում, 1969 թվականին։
Իշխանի հոտում հայտնվում են անծանոթ ոչխարներ, և նա երեկոյան աշխատանքից հոգնած հովիվներին ու հնձվորներին առաջարկում է մորթել ոչխարները։ Առանց երկար-բարակ մտածելու՝ ընկերովի մորթում են ոչխարներն ու խորոված պատրաստում։ Խորովածն ուտելու պահին հայտնվում է Ռևազն ու միանում նրանց կերուխումին։ Ուտելուց հետո Ռևազը հիշում է, որ ոչխար է կորցրել, ու հովիվներին հարցնում է, թե նրանք անծանոթ ոչխարներ չե՞ն տեսել արդյոք։ Իշխանն ու ընկերները հասկանում են, որ իրենց մորթածը Ռևազի ոչխարներն էին:
Ռևազի կինը դիմում է միլիցիային, և գյուղ գործուղված քննիչը փորձում է քանդել պատմության կծիկը։ Սակայն լեյտենանտը հասկանում է, որ արվածը դիտավորյալ գողություն չէ, և որոշում է հետաքննություն չանցկացնել։ Բայց իր ղեկավարության առաջ անաչառ երևալու համար նա սկսում է, օրենքի տառին համապատասխան, հետաքննել գործն ու հարցաքննել մասնակիցներին։
Քննությունը շարունակելու համար լեյտենանտը որոշում է գործի մասնակիցներին՝ Իշխանին, Ավագին, Պավլեին, Զավենին ու Ռևազին, տանել միլիցիայի բաժանմունք։ Իսկ քանի որ հենց այդ օրերին գյուղից պետք է ոչխարներ տանեին մթերակայան, նրանք քաղաք են գնում սարերով՝ իրենց հետ տանելով մթերման հոտը։
Ֆիլմը կարող եք դիտել այստեղ
«Մաշկը, որի մեջ ես ապրում եմ» (La piel que habito)
Իսպանացի ռեժիսոր Պեդրո Ալմոդովարի ֆիլմը պատմում է աշխարհահռչակ վիրաբույժ Ռոբերտ Լեդգարդի (Անտոնիո Բանդերաս) մասին, ով բացահայտել է մարդկային արհեստական մաշկի ստեղծման գաղտնիքը: Նա գործընկերներին վստահեցնում է, որ մկների վրա փորձարկումներ է իրականացնում, բայց գաղտնի կերպով իր ամառանոցում փակի տակ է պահում Վերա (Ելենա Անայա) անունով մի երիտասարդ կնոջ, ով էլ հանդիսանում է նրա փորձարկումների հիմնական օբյեկտը:
Ֆիլմը կարող եք դիտել այստեղ
Անի Գաբուզյան