Շքեղության հարկը` հեռավոր երազ
Հայաստանում տարիներ շարունակ տնտեսագետները խոսում են շքեղության հարկի անհրաժեշտության մասին: Կառավարությունը երբեմն որոշ փոփոխություններ իրականացնում է գույքահարկի հետ կապված, սակայն դրանք շրջանցում են հարուստների դղյակները:
Կարեն Կարապետյանի` վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո, կառավարությունը սկսեց խոսել պրոգրեսիվ գույքահարկի մասին: Դեռ անցած տարի աշնանը ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը 168.am-ին ասել էր, որ աշխատանք է տարվում գույքահարկի բարձրացման ուղղությամբ, որի արդյունքը պետք է ներկայացվեր՝ նախքան խորհրդարանական ընտրությունները:
«Մեր խնդիրը նախաձեռնելն է, մենք նախաձեռնելու ենք՝ ներկայացնենք»,- նշել էր Վ.Գաբրիելյանը` հավելելով, թե «շքեղություն» տերմինն անհասկանալի է, թե ինչն է շքեղություն, ինչը` ոչ:
Այս տարվա մայիսին Կարեն Կարապետյանն անդրադարձավ հանրապետությունում պարապուրդի մատնված անշարժ գույքի խնդրին: Կարեն Կարապետյանը նշել է, որ Հայաստանի ողջ տարածքում առկա է մեծ քանակությամբ պարապուրդի մատված գույք, չնայած այն հանգամանքին, որ դրանք ունեն բավականին լուրջ ներուժ՝ հավելյալ արժեք ստեղծելու համար: Վարչապետը նշել էր, որ աշխատող բիզնեսը լրացուցիչ բեռ չպետք է ստանա, իսկ այն բիզնեսի նկատմամբ, որը չի աշխատում, պետք է կիրառել պրոգրեսիվ գույքահարկ:
ՀՀ ֆինանսներրի նախարար Վարդան Արամյանը 168.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ դեռևս տարբեր սցենարներն են մշակվում, թե որն է այն ճիշտ միջնակետը, որի հիման վրա կարելի է վերանայել պրոգրեսիվ հարկման համակարգը:
«Իրականում, ամենայն հավանականությամբ, դրույթների հետ ոչ մի բան չենք անելու, հիմնականում Բազեի գործիքակազմն ենք ներդնելու»,- ասաց նա:
Վ.Արամյանը դժվարացավ ասել, թե, օրինակ, շքեղ առանձնատան գույքահարկն ինչպես կփոխվի, որքան կթանկանա: Նա նշեց, որ այժմ ճշգրտում են բազան:
«Որպեսզի այդ հարցին պատասխանենք, պետք է իմանանք՝ այդ շքեղ առանձնատունը հիմա ինչքանով է հաշվառված կադաստրում: Ենթադրենք` հաշվառված է 50 մլն դրամով, բայց իր շուկայական արժեքի մոտարկումը 400 մլն դրամ է: Դրանից ադեկվատ դուրս կգա, թե գույքահարկն ինչքան պետք է լինի: Հիմա մենք անում ենք այդ վարժությունները, որ համատարած մոտեցում լինի, որովհետև չենք կարող գնալ յուրաքանչյուր առանձնատուն: Հարյուր-հազարավոր գույքեր կան, այդքանը չենք կարող գնահատել, դրա համար մոտեցում պետք է լինի: Այդ մոտեցումներն ենք անում, թե ոնց համատարած մեթոդիկայի վրա անշարժ գույքի գները մոտարկենք շուկայականին»,- ասաց նախարարը: