«Սասնա ծռերի» փաստաբանները լքեցին նիստերի դահլիճը
Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանը քիչ առաջ հրապարակեց իր որոշումը՝ «Սասնա ծռերի» գործով պաշտպան Հարություն Բաղդասարյանի նկատմամբ: Դատարանը կդիմի Փաստաբանների պալատ՝ նրան պատասխանատվության ենթարկելու հարցով: Որոշման հրապարակումից հետո փաստաբան Ինեսսա Պետրոսյանը հանդեդ եկավ հայտարարությամբ, որուց հետո պաշտպանները լքեցին նիստերի դահլիճը։
«19.07.2017թ. դատական նիստում նախագահող դատավորը կարգադրիչների զեկուցագրի հիման վրա դատական ակտ կայացրեց: Առանց պաշտպանների կարծիքը հաշվի առնելու և առանց խորհրդակցական սենյակ հեռանալու՝ նախագահողը սանկցիա կիրառեց մեր գործընկերների նկատմամբ: Որոշումները հրապարակելուց հետո դատարանն արգելեց իր գործողությունների վերաբերյալ առարկություններ ներկայացնել, ներկայացնում էր լռելու ապօրինի պահանջ և այս ապօրինի պահանջին չենթարկվելու համար երեք պաշտպանի նկատմամբ դատական սանկցիա կիրառեց՝ նախազգուշացում, և հեռացավ խորհրդակցական սենյակ՝ պաշտպան Հարություն Բաղդասարյանի նկատմամբ սանկցիա կիրառելու վերաբերյալ:
Բացի այդ՝ չնայած լրացել է ամբաստանյալների նկատմամբ ապօրինի կիրառված սանկցիայի ժամանակը, նրանց, միևնույն է, չեն ներկայացնում նիստերի դահլիճ: Նման պայմաններում դատական նիստին մեր մասնակցությունը դառնում է ինքնանպատակ, ձևական, հակասում է մեր պաշտպանյալների շահերին, իսկ արդարադատությունը կոպիտ կերպով ոտնահարվում է: Հեռանալով դատարանից՝ միջնորդում ենք հետագա դատական նիստերին ապահովել դատավարության բոլոր մասնակիցների իրավունքների ապահովումը և դադարեցնել վերը նշված ապօրինությունները»,- հայտարարությունը հրապարակեց Ինեսսա Պետրոսյանը։
Նշենք, որ հայտարարությունը ստորագրել են փաստաբաններ Տիգրան Հայրապետյանը, Արա Ղարագյոզյանը, Երվանդ Վարոսյանը, Արմինե Ֆանյանը, Դավիթ Գյուրջյանը, Աննա Ջուվանովան, Հրանտ Գևորգյանը, Հարություն Բաղդասարյանը, Ինեսսա Պետրոսյանը: Դատավոր Արտուշ Գաբրիելյանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ նշված պաշտպանների վերաբերյալ որոշում կայացնելու համար։