««Իսկանդերը» շատ վտանգավոր է, և ամեն դեպքում՝ ադրբեջանական կողմը պետք է դա հաշվի առնի»

Հարցազրույց ռուսաստանցի ռազմական փորձագետ, վերլուծաբան Պավել Ֆելգենգաուերի հետ։

– Պարոն Ֆելգենգաուեր, Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը բնորոշվում է՝ որպես անարդյունավետ, Ադրբեջանի պաշտպանության նախարար Հասանովը ռուսական «ՌԻԱ» լրատվական գործակալության միջոցով սպառնում է «լուծել» Հայաստանի հարցերը, որից հետո երեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը «Ռ-Էվոլյուցիա» հաղորդաշարին տված հարցազրույցում հայտարարել է, որ ով կարծում է՝ «Իսկանդերը» հոգեբանական նշանակություն ունի, նա չի հասկանում դրա կործանարար ուժը։ Ի՞նչ է այս ամենը նշանակում, արդյո՞ք Ղարաբաղյան հակամարտության խնդրի քաղաքական լուծումները սպառված են և զարգացումներն անցնում են ռազմական հարթություն։

– Հակամարտությունը վաղուց կրում է զուտ ռազմական բնույթ, քաղաքական հարթությունում ամեն ինչ սառեցված է, վերջին տարիներին որևէ առաջընթաց ընդհանրապես չի եղել։ Եվ, ինչպես նախորդ հանդիպումները, նախարարների այս հանդիպումն էլ, դատելով ամեն ինչից, ոչինչ չի փոխել։

– «Իսկանդերի» հարցում համաձա՞յն եք ՀՀ նախագահի գնահատականի հետ։

Կարդացեք նաև

– Այո, դա շատ լուրջ զենք է, հատկապես՝ Հայաստանի համար, որը չունի լուրջ ավիացիոն հնարավորություններ։ Դա բարձր ճշգրտության զենք է, որը կարող է ուղիղ հարվածներ հասցնել բարձրարժեք օբյեկտներին։ Ես, անկեղծ ասած, չգիտեմ, թե կոնկրետ ինչ տեսակի հրթիռներ են մատակարարվել Հայաստանին, բայց հիմնականը բեկորային են, որ օդում պայթում են և խոցում զգալի տարածք, որը բաց տեղանքում մահացու է մարդկանց համար, իսկ շենքերում գտնվողների համար այնքան էլ զգայուն չէ։ Բայց կան նաև կետային հարվածներ հասցնող տարբերակներ։ Թե կոնկրետ ո՞ր տեսակի հրթիռներ կան հայկական զինվորականների մոտ, ես չգիտեմ, բայց հնարավոր է, որ և՛ առաջին, և՛ երկրորդ տարբերակն էլ կա։ Այդ զենքը նախատեսված է և կարող է ոչնչացնել հակառակորդի խորը թիկունքում գտնվող հրամանատարական կետերը, ինչպես նաև՝ տնտեսական, կոմունիկացիոն կարևորագույն օբյեկտները։

Դրա հրթիռները բացառիկ ճշգրիտ են հարվածում, մարտական հատվածը գրեթե կրկնակի փոքր է, քան, օրինակ, Ռ-17-ի մոտ, որն Արևմուտքում հայտնի է՝ որպես «Սկադ-Բ», և որը Հայաստանն ունի դեռ խորհրդային տարիներից։ Դրանց մոտ մարտական հատվածը մոտավորապես 1 տոննա է, բայց ճշգրտությունը տատանվում է ընդամենը 1-2 կմ, իսկ «Իսկանդերը», ինչպես ասացի, բացառիկ ճշգրտություն ունի, նաև ունի մանևրելու հնարավորություն։

Ճիշտ է, պետք է ունենալ թիրախ օբյեկտի թվային քարտեզը։ «Իսկանդերով» կարելի է խոցել ադրբեջանական հրամանատարական օբյեկտները, շտաբները, այդ թվում՝ ճշգրիտ խոցել Բաքվում թիրախները՝ նախագահական նստավայրը, գլխավոր շտաբը, և այլն։ Դա շատ վտանգավոր է, և, ամեն դեպքում, ադրբեջանական կողմը պետք է դա հաշվի առնի։ Եթե հայկական կողմին մատակարարվել է «Իսկանդեր-Է» (ՀՀ անկախության 25-րդ տարեդարձին նվիրված զորահանդեսի ժամանակ ցուցադրվել են «Իսկանդեր-Է» օպերատիվ մարտավարական հրթիռային համակարգերը.- Գ.Խ.), այն ի վիճակի է հակաօդային պաշտպանությունը ճեղքելով` խոցել մինչև 300կմ հեռավորության վրա, այս սահմանափակումը մտցվել է Հրթիռային տեխնոլոգիաների չտարածման մասին միջազգային պայմանագրով, իսկ, օրինակ, ռուսական բանակում կիրառվում է «Իսկանդեր-Մ», որն ունի տեխնիկական տարբերություններ թե՛ ճշգրտության, թե՛ հեռահարության առումով, այն հարվածում է մինչև 500 կմ շառավղով։

– Հասանովը հայտարարել է, թե «Իսկանդերի» դեմ «հակամիջոց» ունի։ Ձեր կարծիքով՝ դա հնարավո՞ր է։

– Նա բացատրել է, թե իրենք էլ հրթիռներ ունեն։ Թեև տեսականորեն հնարավոր է խոցել թռչող «Իսկանդերը», բայց կարծում եմ՝ Ադրբեջանը լավ հարմարեցված համալիրներ չունի, ըստ երևույթին, ունի ինչ-որ իսրայելական համալիր, որովհետև խորհրդային վերջին արտադրության «Պատրիոտ» զենիթահրթիռային համալիրներ նրանք չունեն։ «Հակամիջոց» ասելով՝ Հասանովը, ամենայն հավանականությամբ, խոսում էր ոչ թե՝ «Իսկանդերի» հրթիռը խոցելու, այլ՝ սեփական հրթիռներով Հայաստանին հարվածներ հասցնելու մասին՝ զսպելու համար հայկական կողմին։

– Անկարան մտադիր է ձեռք բերել ռուսական С-400 (Տրիումֆ) զենիթահրթիռային համալիրներ։ Սա իրատեսակա՞ն է, և Թուրքիային ինչո՞ւ են հարկավոր դրանք։

– Դժվար է ասել՝ ձեռք կբերե՞ն, թե՞ ոչ, թե՞ դրա իրական նպատակն այն է, որ ամերիկացիներից ավելի հարմար պայմաններով ՀՕՊ-եր ստանան։ Թուրքիայում արդեն կան նման համալիրներ, կարծեմ՝ հոլանդական թե այլ տեսակի, որոնք տրամադրել են ՆԱՏՕ-ի դաշնակիցները։ Համալիրները տեղադրված են Սիրիայի հետ սահմանին։ Բայց Թուրքիան ցանկանում է ունենալ սեփականը։ Սակայն մի ժամանակ նույն կերպ խոսում էին ռուսական մարտական ուղղաթիռներ ձեռք բերելու մասին՝ «Սև շնաձուկ», «К-52» և այլն, այն դեպքում, երբ միաժամանակ սակարկում էին ԱՄՆ-ի հետ և, ի վերջո, գնեցին ամերիկյան «Սուպեր Կոբրաներ», իսկ մեզ հետ բանակցում էին միայն ԱՄՆ-ի վրա ճնշում գործադրելու նպատակով, որ ավելի լավ պայմաններով ստանան։ Հիմա С-400-ի դեպքում կկրկնվի՞ նույն պատմությունը, դժվար է ասել։

– Բարձրաստիճան թուրք սպաներից մեկը հայտարարել է, որ նոր համալիրները կտեղակայվեն Էգեյան ծովի ափին, Հունաստանի և Հայաստանի հետ սահմանին։ Ի՞նչ է անելու Թուրքիան Հայաստանի սահմանին այդ համալիրը։

– Պարզ է, թե ինչ է անելու՝ «պատերազմելու» է Հայաստանի և Ռուսաստանի հետ։ Բայց պարզ չէ, թե ինչո՞ւ է С-400 տեղակայում, եթե մենք կարող ենք դրանք անջատել՝ Ռուսաստանի հետ բախման պարագայում։ Երկրորդ՝ եթե անգամ այդպիսի պայմանագիր կնքվի, այն կկատարվի ոչ առաջիկայում, այլ միայն՝ 3-4 տարի հետո։ Այդպիսի համալիրների ստեղծման արտադրական ցիկլը տևում է առնվազն 2 տարի։ Այժմ Ռուսաստանն ավելորդ համալիրներ չունի։ Մոտ ապագայում մենք պետք է С-400 համալիրներ մատակարարենք Չինաստանին, բայց այդ պայմանագիրը վաղուց է ստորագրված և ընթացքում է։ Այսինքն՝ եթե անգամ Թուրքիայի հետ պայմանագիր արագ կնքվի, կարծում եմ՝ 4 տարուց շուտ Հայաստանի սահմանին ոչ մի նման համալիր չի հայտնվի։

– Իսկ այդ համալիրները կարո՞ղ են հակահարված տալ «Իսկանդերին», և կա՞ հավանականություն, որ դրանցից մեկը նախատեսված է Ադրբեջանի համար։

– Սկզբունքորեն՝ ինչ-որ չափով կարող են։ Բայց հակահրթիռային պաշտպանությունը С-400 համալիրների հիմնական գործառույթը չէ։

– Սերժ Սարգսյանը հարցազրույցում նաև հայտարարել է, որ Ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացը, ըստ էության, փակուղի է մտել, բայց ԼՂ ինքնորոշման իրավունքն այլընտրանք չունի։ Իսկ Ադրբեջանը վերջերս դադարել է խոսել իրավական կարգավորման մասին՝ առաջ քաշելով միայն հայկական զորքերի դուրսբերման պահանջը։ Ձեր կարծիքով՝ Բաքվում չե՞ն հասկանում, թե որքան աբսուրդային է այդ պահանջը, և, որ խաղաղ գործընթացը միակ ճիշտ ուղին է։

– Խաղաղ կարգավորումն այժմ փակուղում է, և ոչ մի առաջընթաց, կարծես, չի կարող լինել, այդ թվում՝ թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում ներքաղաքական իրավիճակով պայմանավորված։ Մոտ 5 տարի առաջ փորձեր կային, Սարգսյանն ու Ալիևը հանդիպում էին, բայց հիմա պարզ է, որ անգամ փորձեր չեն արվում։ Եվ քաղաքական կարգավորման ոչ մի հեռանկար չկա։

– Աշնանը նախատեսվում է նախագահների հանդիպում։

– Եվ ի՞նչ։ Այո, նրանք հանդիպում են ժամանակ առ ժամանակ՝ կանխավ իմանալով, որ որևէ առաջընթաց չի լինելու։

Տեսանյութեր

Լրահոս