«Ավտոկայանատեղիի վճարի 50 տոկոս թանկացումը հերթական հարկատեսակ դառնալու միտում ունի». «Դուրս մեր գրպանից» նախաձեռնության անդամ
«Դուրս մեր գրպանից» նախաձեռնության անդամ Արսեն Պետրոսյանի համոզմամբ՝ ավտոկայանատեղիի վճարի 50 տոկոս թանկացումը հերթական հարկատեսակ դառնալու միտում ունի, ինչպես գույքահարկը և տեխզննման հարկը:
Արսեն Պետրոսյանի կարծիքով՝ 50 տոկոսը շատ բարձր թիվ է թանկացման համար, թեկուզ դա ստացվում է օպերատորական ծառայությունների և ավելացված արժեքի գումարով. «Մարդ մի օր կայանելու համար 500-ի փոխարեն՝ պետք է մուծի 750 դրամ»:
«Ի՞նչ է նշանակում՝ ժամանակավոր պայմանագիր են կնքել օպերատորների հետ երեք տարի առաջ: Հենց օգոստոսի 1-ին պիտի վերջանա՞ր: Ինչի՞ մյուս տարվա սկզբին չի վերջանում: Եթե այդպես անեին, մարդիկ հենց սկզբից կորոշեին՝ վճարեի՞ն, թե՞ ոչ»,- ասաց Արսեն Պետրոսյանը:
«Դուրս մեր գրպանից» նախաձեռնության անդամի խոսքով՝ այս գործընթացը հանգեցնում է նրան, որ «մարդ գնա և տարեկան մուծում անի»՝ քաշքշուկից խուսափելու համար: Այնինչ, նրա կարծիքով՝ այստեղ էլ իշխանություններն ազնիվ չեն խաղում:
«Մարդ որ լսում է՝ թանկացում է լինում, գնում է՝ 12.000 մուծում է մեկ տարվա համար: Բայց չի բարձրաձայնվում այն փաստը, որ, եթե հուլիսի 12-ին մուծես, մեկ տարին ավարտվելու է ոչ թե 2018 թվականի հուլիսին, այլ 2017 թվականի դեկտեմբերի 31-ին: Այսինքն՝ մնացած գումարը կորում է: Կամ՝ առհասարակ՝ ի՞նչ է նշանակում՝ 100 դրամ չվճարելու համար 50-ապատիկ տուգանել: Որտե՞ղ է տենց բան գրած: Աշխարհում տենց բան կա՞: Չի վճարել 100 դրամը, 10-ապատիկը թող վճարի»:
Նրա կարծիքով՝ բոլորովին պատահական չէ, որ թանկացումն անում են հենց ամռանը, քանի որ դա այն ժամանակն է, երբ ԱԺ պատգամավորներն արձակուրդի են մեկնում: «Ընտրություններն անցավ, հիմա կամաց-կամաց ամեն ինչ թանկացնում են: Արդեն ամառը վերջանում է, նոր կարմիր գիծ տեսե՞լ եք: Շատ դեպքերում այդ գծերն էլ չեն երևում: Նույնիսկ ծախսեր էլ չեն ուզում անել: Գոնե ներկեք, մարդիկ իմանան՝ դա կարմի՞ր ա, թե՞ չէ»,- ասաց Արսեն Պետրոսյանը:
Արսեն Պետրոսյանի խոսքով՝ այս խնդրի մասին ԱԺ-ում բարձրաձայնել է «Ելք» դաշինքը և «Ծառուկյան» դաշինքը:
Նրա դիտարկմամբ՝ այս թանկացումը ձեռնտու է Երևանի քաղաքապետարանին, այնինչ երեկ փոխքաղաքապետը հայտարարել է, որ իրենք չեն թանկացրել այդ ծառայությունը: «ՎիվաՍելն» էլ հաղորդագրություն է տարածել, որ իրենք ոչ մի կապ չունեն այս որոշման հետ:
«Չեմ կարծում, որ փոփոխության ենթարկեն այս որոշումը: Արձագանքից է կախված, եթե մարդիկ իրենց բողոքը մասսայաբար բարձրաձայնեն, ուղղակի կկանգնեցնեն թանկացումը, եթե չէ, լավ էլ կթանկացնեն: Եթե այս երկրում կան իրենց իրավունքների համար պայքարող մարդիկ, թող հելնեն, դուրս գան, իրենց խոսքը բարձրաձայնեն»,- հավելեց Արսեն Պետրոսյանը:
Հիշեցնենք, որ SMS հաղորդագրության միջոցով ավտոկայանատեղիի վճարի վճարման հետ կապված մոտ 50 տոկոսի թանկացում է լինելու ս.թ. օգոստոսի 1-ից: 5045 համարին SMS հաղորդագրության միջոցով ավտոկայանատեղիի վճար կատարելիս բաժանորդի հեռախոսահամարի հաշվից կգանձվի 748 դրամ գումար, որից 500 դրամ՝ ավտոկայանատեղի վճար, 124.6 դրամ՝ միջնորդավճար, և 123.4 դրամ՝ ԱԱՀ:
Անի Թորոսյան