«Ադրբեջանն այն պետությունը չէ, որին կարելի է զենք վաճառել». Էդուարդ Շարմազանով
ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Էդուարդ Շարմազանովն այսօրվա ասուլիսին անդրադարձավ նաև Ադրբեջանին վաճառվող ռուսական զենքի խնդրին և նշեց, որ Ադրբեջանն այն պետությունը չէ, որին կարելի է զենք վաճառել.
«Զենք վաճառում են այն երկրներին, որոնք դա պետք է ինքնապաշտպանական նպատակներով օգտագործեն։ Ես հուսով եմ, որ ժամանակի ընթացքում բոլորը դրանում կհամոզվեն»։
Մյուս կողմից, ըստ Շարմազանովի՝ դա չպետք է խոչընդոտի հայ-ռուսական ռազմավարական, ռազմաքաղաքական հարաբերությունների խորացմանը. «Ռուսաստանի հետ մենք ունենք իրավապայմանագրային շատ հարուստ բազա, և այս տարիների ընթացքում նաև պաշտպանության ոլորտում շատ լուրջ համագործակցություն ենք ապահովել ու դեռ ապահովելու ենք։ Հայ-ռուսական ռազմաքաղաքական համագործակցությունն ունի դաշնակցային բնույթ, որն ամրագրված է համապատասխան պայմանագրերով, և կարող ենք փաստել, որ այս պահին թե՛ Հայաստանը, թե՛ Ռուսաստանն իրականացնում են այդ պայմանագրերի կետերը»։
«Մենք հիացած չենք, և մեկ անգամ չէ, որ մեր դժգոհությունը հայտնել ենք Ադրբեջանին՝ զենք վաճառելու հետ կապված, բայց մենք հայ-ռուսական հարաբերությունները չպետք է պայմանավորենք միայն ռուս-ադրբեջանական հարաբերություններով»,- ասաց ԱԺ փոխնախագահը՝ ընդգծելով, որ հայ-ռուսական հարաբերությունները շատ ավելի խորն են, շատ ավելի բազմաշերտ են ու բխում են մեր պետական շահերից։
Նա նաև հավելեց, որ ռուսների շահերից էլ է բխում Հայաստանի հետ նման դրական հարաբերություններ ունենալը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում