Դերդո մայրիկի հուզիչ պատմությունը ներկայացվել է «Դերդո մայրիկը և ընկուզենին» ժապավենում
«Դերդո մայրիկը և ընկուզենին» կինոնկարը պատմում է 70-ամյա հայ կնոջ մասին, որն ապրում է Ստամբուլում և Բիթլիսում՝ երեխաների ու թոռների հետ: Ծնվել է գյուղում՝ Արևելյան Թուրքիայի Բիթլիս գավառում: Ֆիլմն այս տարի ներկայացվել է «Ոսկե ծիրան» 14-րդ միջազգային կինոփառատոնի վավերագրական ֆիլմերի մրցույթում: Ֆիլմի առանձնահատկությունների մասին հուլիսի 12-ին լրագրողների հետ հանդիպմանը խոսեց ժապավենի ռեժիսոր Սերդար Ունալը:
«Հինգ տարի առաջ, երբ Տրապիզոնից Ստամբուլ գնացի՝ ֆիլմ նկարահանելու, այնտեղ պատահաբար հանդիպեցի Դերդո մայրիկի թոռնուհուն՝ Մերիին, ով պատմեց այս հետաքրքիր պատմությունը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց ռեժիսորը:
Սերդար Ունալը նախագիծը «Ոսկե ծիրան»-ի շրջանակում ներկայացրել է Հայ-թուրքական կինոպլատֆորմում, որտեղ հավանության է արժանացել ու նկարահանել:
Նա ընդգծեց, որ Դերդոյին հանդիպելուց հետո երկար է խոսել նրա հետ: «Չնայած նա չի սիրում խոսել իր կյանքի պատմության մասին` ինձ հաջողվեց շահել նրա վստահությունը, և մենք մտերմացանք: Դերդոն զարմանալի կին է, կենսուրախ, հետաքրքիր, և մեծ բավականություն եմ ստացել նրա հետ աշխատելով»,-ասաց նա:
Կինոնկարը նկարահանվել է Բիթլիսում, Էջմիածնում, Երևանում:
«Նշեմ, որ այդ պատմությունը լսելիս մենք շատ ենք տխրել, հուզվել ու անգամ փշաքաղվել»,-եզրափակեց նա:
Դերդո մայրիկը 70-ամյա հայ կին է, որն ապրում է Ստամբուլում և Բիթլիսում՝ երեխաների ու թոռների հետ: Ծնվել է գյուղում՝ Արևելյան Թուրքիայի Բիթլիս գավառում: Դերդոյի քույր-եղբայրներն ու անգամ հայրը 1915-ից հետո կրոնափոխ են եղել և մահմեդական դարձել, բայց Դերդոն դիմադրել է ու մնացել քրիստոնյա: Երբ Դերդո մայրիկն ամուսնու և ութ երեխաների հետ մնացել էր Բիթլիսում՝ զբաղվելով գյուղատնտեսությամբ ու անասնապահությամբ, գյուղի ղեկավարները շարունակ նեղել են նրա ընտանիքին ու սպառնացել: Մի օր էլ, երբ Դերդոն երեխաների հետ աշխատում էր դաշտում, գյուղում սպանում են ամուսնուն: Նրա մահից հետո անգամ Դերդո մայրիկը սպառնալիքներ էր ստանում և ստիպված էր երեխաների հետ փախչել: 1976-ին նրանք գնում են Ստամբուլ՝ առաջին տարիներն անցկացնելով խիստ ծանր պայմաններում: Դերդո մայրիկը դատի է տալիս գյուղի ղեկավարներին, որպեսզի վերադարձնի իրենից խլված հողերը: Ինը տարի անց նա շահում է դատն ու վերադառնում գյուղի իր տունը: Այսօր՝ նույնիսկ այդ բոլոր տառապանքներից ու դեպքերից հետո, Դերդոն չի հրաժարվում գյուղ գնալուց և ամեն ամառ երկու ամիս անցկացնում է այնտեղ. իրեն մնացած մի փոքրիկ հողակտորի ծառերից ընկույզ է հավաքում, իսկ հետո վերադառնում Ստամբուլ:
«Ոսկե ծիրան» փառատոնն 2017-ն ստացել է 1100 հայտ՝ 96 երկրից: Մրցութային ու արտամրցութային ծրագրերում ընդգրկվել են ավելի քան 100 ֆիլմ։
«Ոսկե ծիրան» փառատոնի բացմանը կներկայացվի Համո Բեկնազարյանի «Խասփուշ» ֆիլմը, քանի որ այս տարի լրանում է ժապավենի նկարահանման 90-ամյակը: Փառատոնի փակմանը կինոյի երկրպագուների համար կցուցադրվի
ռեժիսոր Ջո Բեռլինգերի «Բնաջնջման մտադրությունը» կինոնկարը:
«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնն անցկացվում է 2003 թվականից: Այն տարեցտարի ընդլայնել է իր աշխարհագրությունը` Հայաստան բերելով աշխարհի տարբեր ծայրերում ապրող և ստեղծագործող ռեժիսորների, դերասանների, պրոդյուսերների ֆիլմերը: