ԵԱՀԿ երևանյան գրասենյակի հարցով Ադրբեջանի մերժումը վնաս է հասցնում Կազմակերպությանը. ՀՀ ԱԳՆ

ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը ԵԱՀԿ արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպմանն անդրադարձել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի փակմանը և հիշատակել կոնսենսուսի սկզբունքի չարաշահումը, մասնավորապես, Ադրբեջանի կողմից: ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ դրա հետևանքով ոչ միայն հարված է հասցվում վստահության պահպանմանը, այլ նաև խարխլվում է ԵԱՀԿ բուն առաքելությունը՝ խնդիրները հանգուցալուծել երկխոսության ու համագործակցության միջոցով, այլ ոչ թե մասնակից մի պետության դիրքորոշումը պարտադրել` ի վնաս մյուսների և ողջ կազմակերպության: «Ադրբեջանի` ԵԱՀԿ երևանյան գրասենյակի մանդատի երկարաձգման շուրջ կոնսենսուսին միանալու մերժումը ոչ միայն վնաս է հասցնում ԵԱՀԿ դաշտային առաքելությունների գործունեությանը, այլև հանձնառությունների կատարման գործում համագործակցությանը: Ադրբեջանն իր իսկ երկրում ոտնահարելով ԵԱՀԿ հանձնառությունները՝ փակեց Բաքվում ԵԱՀԿ գրասենյակը, որից հետո հարված հասցրեց ընդհանրապես տարածաշրջանում ԵԱՀԿ ներկայությանը»,- ասել է Նալբանդյանը՝ ավելացնելով, որ ընդհանուր նորմերի և սկզբունքների ոտնահարումն ու չարաշահումը ինքնաբերաբար տեղի չեն ունենում:

«Զարմանալի չէ, որ մասնակից այս պետությունը ԵԱՀԿ երևանյան գրասենյակին մարտահրավեր նետելիս մնաց միայնակ և հայտնվեց մեկուսացման մեջ: Ադրբեջանի հակադրումը ԵԱՀԿ հանձնառություններին ներառում է ԵԱՀԿ բոլոր երեք հարթությունները: Ադրբեջանի ղեկավարությունն որևէ առիթ բաց չի թողնում ներակայացնելու իր երկիրը որպես բազմամշակութայնության ջատագով: Իրականում Ադրբեջանի կողմից հայկական մշակութային և պատմական ժառանգության՝ եկեղեցիների, վանքերի, խաչքարերի ավիրումը և վերացումը հակառակն են վկայում: Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողովի (ՌԱԵՀ) 2016 թվականի զեկույցում նշվում է. «Քաղաքական առաջնորդները, կրթական հաստատությունները և լրատվամիջոցները շարունակում են հայերի նկատմամբ ատելությամբ լի կոչեր հնչեցնել. ադրբեջանցիների մի ամբողջ սերունդ է մեծացել` անսալով ատելության այս հռետորաբանությանը»:

Նմանօրինակ քարոզչության մթնոլորտում մեծացած հենց այս սերունդն է, որ կրկին ու կրկին ազգային ատելության հողի վրա զազրելի հանցագործություններ է իրականացնում: Ինչպե՞ս կարող է Բաքվի ղեկավարությունը խոսել բազմամշակութայնության մասին և միաժամանակ «բոլոր հայերին Ադրբեջանի համար մեկ թշնամի» անվանել»,- նշել է ՀՀ ԱԳ նախարարը՝ հավելելով, որ հավանաբար, Բաքուն սա համարում է ինքնահռչակ «խելամիտ ուժի» դրսևորում: Նալբանդյանի խոսքով, խելամիտ ոչինչ չկա միջազգային հանրությանը մոլորեցնելու փորձերի մեջ։ «Շատ երկրներ քաջատեղյակ են Ադրբեջանում առկա իրողությանը, և հայկական ծագում ունեցող իրենց քաղաքացիներին նախազգուշացնում են զերծ մնալ Ադրբեջան այցելություններից, որտեղ նրանք մոլեգին ռասիզմի խտրական քաղաքականության զոհը կարող են դառնալ»,- ասել է նա։

Տեսանյութեր

Լրահոս