Թուրքիայի քրդամետ կուսակցությունը դատական հայց է ներկայացրել Էրդողանի դեմ
Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը դատական հայց է ներկայացրել ընդդեմ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի: Պատճառն այն է, որ վերջինս քրդամետ կուսակցության կալանավորված առաջնորդ Սելահաթթին Դեմիրթաշին անվանել է «ահաբեկիչ»: Այս մասին հայտնում է թուրքական Diken-ը:
Կուսակցությունը մեղադրել է Էրդողանին «վիրավորելու» և «արդար դատավարության վրա ազդելու փորձ անելու» մեջ՝ նրա համար պահանջելով մինչև 5 տարվա ազատազրկում:
Թուրքիայի նախագահը G-20 գագաթնաժողովից հետո պատասխանելով լրագրողներից մեկի այն հարցին, թե Դեմիրթաշն ու մյուս քուրդ պատգամավորները երբ են բանտից դուրս գալու, ասել էր. «Ձեր նշած անձն ահաբեկիչ է»:
2016 թվականի նոյեմբերից կալանքի տակ են գտնվում քրդամետ կուսակցության 11 պատգամավոր, այդ թվում և առաջնորդ Սելահաթթին Դեմիրթաշը: Կուսակցության մյուս համանախագահ Ֆիգեն Յուքսեքդաղը և պատգամավոր Նուրսել Այդողանը զրկվել են պատգամավորական մանդատից:
Նրանց դեմ հետաքննություն է իրականացվում «զինված ահաբեկչական խմբավորման անդամ լինելու, հանցագործություն կատարելուն դրդելու և ահաբեկչական խմբավորման քարոզչությունն իրականացնելու» մեղադրանքներով: