«Արցախում զինվորականները հոգեպես ավելի պինդ են, քան մենք և դուք, այստեղ` Երևանում». Կոմանդոս. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը զրուցել է Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանի` Կոմանդոսի հետ.
– Դուք նոր եք վերադարձել Արցախից, ինչպիսի՞ն է վիճակն այնտեղ: Ինչպե՞ս է մարդկանց տրամադրությունը:
– Մարդկանց տրամադրությունները մարտական են: Ընդամենը մի քիչ լարվածություն առաջացավ վերջին դեպքերի առնչությամբ: Իրավիճակը սրվեց ու կրակեցին Հարավային թևի ուղղությամբ: Սակայն, ընդհանուր առմամբ, ամեն ինչ նորմալ է, և արտառոց որևէ բան չկա ժողովրդի և՛ տրամադրության, և՛ ընկալումների մեջ:
Ավելին ասեմ` զինվորականները հոգեպես ավելի պինդ են, քան մենք և դուք, այստեղ` Երևանում գտնվող մարդիկ: Որովհետև դիրքերում կանգնած մեր տղաներն ավելի լավ են պատկերացնում իրավիճակը, ավելի լավ գիտեն, թե ինչն ինչոց է: Պարզապես վերջին դեպքերի առնչությամբ հետևյալը պետք է ասեմ` ինչպես միշտ, այս անգամ էլ էր այդպես՝ մենք սպասում ենք, որ մեզ նեղացնեն, նոր պատասխանենք նրանց: Ճիշտ է` լա՛վ ենք պատասխանում: Բայցև միշտ հարցը մնում է` ե՞րբ են նորից հարձակվելու, որ մենք էլ նորից պատասխանը տանք: Այսպիսի շրջանակ է ստեղծվել:
– Իսկ խուճապային տրամադրություն գոյություն չո՞ւնի մարդկանց մոտ:
– Ոչ մի խուճապ: Խուճապն այստեղ` Երևանում ենք մենք ապրում: Արցախում շատ հանգիստ են, աշխատում ու ապրում են մարդիկ: Այն էլ ասեմ, որ հենց դա էլ հակառակորդի նպատակն է` Ալիևի տակտիկան նաև մեր ժողովրդին խուճապի մեջ գցելն է: Իսկ մենք դա պետք է հասկանանք ու այնպես անենք, որ ժողովուրդը խուճապի մեջ չընկնի: Եվ բանն այն է, որ ո՛չ միայն մեզ, նա ձգտում է խուճապի մեջ գցել նաև ի՛ր ժողովրդին, ի՛ր հասարակությանը»։
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։