«Ռուս-ադրբեջանական հարաբերություններում ինչ-որ մի սև կատու է անցել». Էդուարդ Շարմազանով
Հարցազրույց Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հետ
– Պարոն Շարմազանով, Եվրոպական խորհրդարանն օրերս ընդունած բանաձևում ամրագրվել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը և ուժի չկիրառման սկզբունքը: Սա ի՞նչ հետագա զարգացումների կարող է բերել։
– Այն բոլոր բանաձևերը, որտեղ կա Արցախի ինքնորոշման հարցը, դրական են։ Ինքնորոշման սկզբունքը 3 իրավահավասար սկզբունքներից մեկն է, որոնց հիման վրա ԵԱՀԿ Մինսկի խումբը փորձում է տարիներ շարունակ բանակցություններ իրականացնել և լուծել խնդիրը։ Ազգերի ինքնորոշման իրավունքը ՄԱԿ-ի նպատակներից է, իսկ տարածքային ամբողջականությունն ընդամենը սկզբունք է և, պարզ է, որ այն պետք է ծառայի նպատակներին։
Ինչ վերաբերում է ինքնորոշման իրավունքի ամբողջական իրացմանը, ապա ես համոզված եմ, որ աշխարհն անշեղորեն գնում է ինքնորոշման իրավունքի հաղթարշավի ճանապարհով, ու կարելի է հաշվել, թե ընդամենը երկրորդ աշխարհամարտից հետո քանի երկիր կար և այսօր քանիսը կա։ ՄԱԿ անդամ երկրների թիվն ավելացել է 3-4 անգամ։
Մենք ունենք բազում օրինակներ, վերջինը Շոտլանդիայի օրինակն է, որտեղ որոշեցին իրենց ինքնորոշման իրավունքով՝ մնա՞լ Բրիտանիայի կազմում, թե՞ դուրս գալ։ Իսկ մենք չենք ապրում անտիկ ժամանակաշրջանում, որտեղ նշվում էր՝ «ինչ կարելի է Զևսին, չի կարելի եզին»։
Մենք 21-րդ դարում ենք, ես կասեի՝ այն, ինչ կարելի է Շոտլանդիայի քաղաքացիներին, կարելի է Կոսովոյի և այլ հազար ու մի քաղաքացիների, կարելի է նաև Արցախի քաղաքացիներին, որովհետև 21-րդ դարում ժողովրդավարության սկզբունքներից մեկը մարդկանց իրավահավասարությունն է, և, եթե աշխարհի մի ծայրում այդ ինքնորոշման իրավունքից լիարժեքորեն օգտվում են, ապա պետք է այդ իրավունքը հասանելի լինի նաև աշխարհի մյուս տեղերում ապրող քաղաքացիներին։
Երկրորդ՝ չեմ բացառում, որ այսպես ԵԽ-ն արձագանքում է Ադրբեջանի, մեղմ ասած, ահաբեկչական քաղաքականությանը։
– Այդ ահաբեկչական քաղաքականությանն արձագանքելու գիծն ինչպե՞ս է շարունակվելու։
– Նախ՝ պետք է ասեմ, որ թե՛ մեր դիվանագիտական ներկայացուցչությունները, թե՛ պատգամավորական խմբերը, թե՛ պատվիրակությունները պետք է շատ ակտիվ լինեն։ Չեմ ասում, որ ակտիվ չենք։ Ես ինքս նոր եմ վերադարձել պատվիրակության հետ ԵՄ անդամ երկրներից, և բավականին ակտիվ աշխատանք ենք կատարել։ Բոլորն իրենց տեղում պետք է ակտիվ աշխատեն՝ լրատվամիջոցները, պատգամավորները, դիվանագետները, պետք է նախաձեռնող լինել և կարողանալ ներկայացնել։
Այս վերջին շրջանում նաև ԶԼՄ-ների միջոցով հնարավոր դարձավ, մենք բոլոր նյութերն ուղարկում ենք եվրոպացի և ոչ միայն՝ եվրոպացի պատգամավոր գործընկերներին, որոնք հետաքրքրությամբ հետևում են Արցախում իրավիճակին, որովհետև այսօրվա լրահոսի թիվ 1 հաջողությունը, այսինքն՝ ինֆորմացիոն պատերազմի, օպերատիվությունն է։ Պետք է նախաձեռնող լինել, պետք է հնարավորինս շատ, ճիշտ ու հայանպաստ ինֆորմացիա տալ։ Այլապես թուրքերը 20-30 ինֆորմացիա են կեղծում, իսկ գեբելսյան պրոպագանդան աշխատում է։
Ի՞նչ էր ասում Գեբելսը։ Ասում էր՝ եթե ուզում ես քո ստին հավատան, ավելի մեծ սուտ հորինիր, և կհավատան։ Հիմա Ադրբեջանի ագիտպրոպն աշխատում է գեբելսյան պրոպագանդայի տխուր ոճով։ Դրան դիմակայելու համար լավագույն ճանապարհը ոչ թե արձագանքող, այլ նախաձեռնող քաղաքականությունն է, ինչն էլ արվում է։
Ապրիլյան պատերազմի օրերին մենք տեսանք, որ և՛ մեր դիվանագետները, և՛ պատգամավորները, և՛ լրատվամիջոցները, և՛ հասարակությունը բավականին ակտիվ էին, բայց մենք չպետք է թայմ աութ վերցնենք։ Ապրիլյան պատերազմից հետո շատերին թվում է, թե վերջացավ, բայց ոչ մի բան էլ չի վերջացել։ Մինչև խաղաղության վերջնական պայմանագիր չկնքվի, մենք ապրում ենք ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն կարգավիճակում։
Թուրքական, ադրբեջանական մամուլին պետք է հետևենք, նրանք այնքան նենգ են, որ այդ խեղճ երեխայի մահը դարձրել են… մեկը երգ է գրում, մեկը՝ կլկլոց է անում։ Այսինքն՝ մենք էլ պետք է ևս մեկ անգամ, նաև մեր բարեկամ երոպացի պատգամավորներն են դրա մասին խոսում, շատ հստակ ասենք, որ նա, ով թաքնվում է խաղաղ բնակչության թիկունքում, հենց նա ինքն է պատճառն այդ խաղաղ բնակչության մահացության։
– Միջազգային մամուլում Թրամփ-Պուտին հանդիպման համատեքստում որևէ խոսք չկա Ղարաբաղյան խնդրի մասին։ Այդ հարցը նրանց օրակարգում չէ՞ր։
– Նրանց հանդիպումը 2 ժամ 20 րոպե է եղել, ես չեմ կարծում, որ այդ առաջին հանդիպման ժամանակ պետք է հատուկ անդրադառնային Հայաստանին։ Գուցե տարածաշրջանի մասին խոսք եղել է, բայց պարզ է, որ այսօր գլոբալ աշխարհում կա մի քանի լուրջ խնդիր՝ Կորեաների պայքարը և Հյուսիսային Կորեայի բարձրացրած աղմուկը, Սիրիական ճգնաժամը և Ուկրաինայում Դոնբասի ու Ղրիմի հետ կապված իրավիճակը, նաև ամերիկառուսական, եվրոպառուսական սանկցիաները և դրանցից բխող թեժ կետերը, կամ, որ կարող են թեժանալ, այդ թվում՝ իրավիճակը Կովկասում, վրաց-օսական, վրաց-աբխազական խնդիրը, ղարաբաղաադրբեջանական խնդիրը։ Ես չեմ բացառում, որ մի քանի րոպե խոսել են, բայց առաջին հանդիպման համար բնական էր, որ հիմնական շեշտադրումները պետք է լինեին այն հարցերի շուրջ, որոնց մասին հրապարակվել է։
Սրանով ես չեմ ուզում փոքրացնել Ղարաբաղի հարցի կարևորությունն աշխարհի համար, բայց իրատես լինելով, պետք է ասել, որ այն ո՛չ Սիրիական, ո՛չ էլ Հյուսիսկորեական խնդիր է։
– Որոշակի լարվածություն է նկատվում ռուս-ադրբեջանական հարաբերություններում, ՌԴ ԱԳՆ-ն 2 անգամ կոշտ հայտարարություն տարածեց ծագումով հայ ՌԴ քաղաքացիների հանդեպ Ադրբեջանի դրսևորած խտրական վերաբերմունքի անթույլատրելիության վերաբերյալ, որ արգելվում է նրանց մուտքն Ադրբեջան։
– Ես դրական եմ վերաբերվում Մոսկվայի այդ կոշտ հայտարարությանը՝ Ադրբեջանի «վայրի» քաղաքականության կապակցությամբ։ Սա սահմանային իրավիճակի մասին մեր լրահոսի մեջ մի քիչ կորավ, բայց շատ լուրջ մեսիջ է և ադրբեջանառուսական, իբր թե, դրական ու բարեկամական հարաբերություններին լուրջ հարված է։ Ադրբեջանի ԱԳՆ արձագանքը պաշտոնական Մոսկվայի հայտարարությանը հստակ ցույց է տալիս, որ ռուս-ադրբեջանական հարաբերություններում ինչ-որ մի սև կատու է անցել։ Չեմ կարողանում դեռ բացատրել՝ ինչն է պատճառը, բայց դա հստակ երևում է և՛ Զախարովայի հայտարարությունից, և՛ պաշտոնական Բաքվի արձագանքից։
Վերջինս շատ ավելի նյարդային է, նեղացած է, և սա թույլ է տալիս ինձ ենթադրել, որ, եթե նման մակարդակի պաշտոնական հայտարարություններ են հնչում, այդ թվում՝ նաև Մոսկվան հնչեցնում է ազգությամբ հայ ՌԴ քաղաքացիների նկատմամբ ադրբեջանական ոչ բարեհաճ վերաբերմունքի մասին, սա խոսում է, որ միգուցե ռուս-ադրբեջանական ստվերային որոշ պայմանավորվածություններ կամ խոստումներ չեն իրականացել, կամ մեր հարևան ադրբեջանցիների հույսը չի իրականացել՝ ռուսների հետ կապված:
Փաստն այն է, որ նրանք փորձեցին երեխայի այս սպանությունը շոու սարքել և որևէ ադրբեջանամետ հայտարարություն չեղավ, որը կարող էր տուրք տալ ադրբեջանական կեղծ գեբելսյան քարոզչությանը, հակառակը՝ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն տարածեց՝ մեղադրելով Ադրբեջանին իր ծագումով հայ քաղաքացիների նկատմամբ խտրական վերաբերմունքի մեջ։ Բայց դա նոր չի, և, եթե հիմա է հայտարարություն արվում, նշանակում է՝ ինչ-որ մի բան կա։ Եվ ավելի ցցուն է Ադրբեջանի ԱԳՆ արձագանքը։