«Մինսկի խումբն իր հեղինակությունը բարձրացնելու և չհեղինակազրկվելու համար պետք է ավելի ինտենսիվ քայլերի անցնի»
Հարցազրույց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար, ՀՀԿ ԳՄ անդամ Վահրամ Բաղդասարյանի հետ
– Պարոն Բաղդասարյան, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նոր հայտարարություն են տարածել` կոչ անելով զերծ մնալ ցանկացած գործողությունից, որը կարող է հանգեցնել քաղաքացիական անձանց անընդունելի կորուստների: Սակայն հայտարարությունը հասցեական չի, որևէ կողմի անուն չի նշվում, իսկ Ադրբեջանը շարունակում է սադրանքները: Ժամանակը չէ՞, որպեսզի ավելի կոնկրետ գործողություններ իրականացվեն, և ՄԽ-ն չբավարարվի միայն հայտարարություններով:
– Ցավոք սրտի, դա իրականություն է, և մեր արտաքին քաղաքականությունը միտված է եղել նրան, որ հորդորել են ՄԽ-ին, որ ժամանակն է՝ հասցեական հայտարարություններ արվեն, բայց մենք չենք ցանկացել, որ որևէ անգամ կողմնակալ հայտարարություններ լինեն: Պետք է խորքային ուսումնասիրեն իրավիճակն ու նոր հայտարարություն անեն: Ինձ թվում է, այս «սադրանք» բառը վերաբերում է Ադրբեջանին, որովհետև ընդհանուր առմամբ, երբ տարեգրության մեջ ենք նայում, դա անընդունելի է, երբ նման իրավիճակներում տանում են զինվորներին, դիրքերը տեղադրում են գյուղի մոտ կամ գյուղի մեջ: Դա սադրանք է, որովհետև գիտեն, որ իրենց կրակահերթերից հետո համարժեք պատասխանը ստանալու են, և ստիպողաբար, կարծես, պայման են ստեղծում, որ իրենք քաղաքացիական զոհ ունենան, երեխայի զոհ ունենան, որպեսզի դա սարքեն մատի փաթաթան:
Դա անընդունելի է, դա անմարդկային է, որ իրենց քաղաքական կեղտոտ հնարամտություններն իրականացնելու համար իրենց իսկ քաղաքացուն զոհելու միջոցով փորձում են իրենց քաղաքական ճղճիմ նպատակներին հասնել: Եղան դեպքեր, երբ ՄԽ-ն ինչ-որ տեղ փորձում էր հասցեական հայտարարություններ անել, բայց դա պետք է լինի պարբերաբար: Իհարկե, միջազգային ցանկացած կառույցի ներկայացուցիչների հետ առանձնազրույցների ընթացքում պարզ է դառնում, թե ինչու է Ադրբեջանը դեմ տեսանկարահանող, մշտադիտարկման սարքերի տեղադրմանը, որովհետև դա հիմք կհանդիսանա իրականությունը բացահայտելու համար: Բայց նման սադրանքներով որևէ նպատակի հնարավոր չէ հասնել, ՄԽ-ն էլ է դա շատ լավ գիտակցում, որ իրենց կոնկրետ քայլեր չկատարելու դեպքում այս դանդաղ պատերազմն անընդհատ ձգձգվող է և լինելու է երկարաժամկետ:
Այդ պատճառով մենք նորից մոտակա հանդիպումների ժամանակ այս շեշտադրումը պետք է անենք, և դա արդեն իսկ սկսվել է տարբեր հանդիպումների ընթացքում, որ ՄԽ-ն իր հեղինակությունը բարձրացնելու և չհեղինակազրկվելու համար պետք է ավելի ինտենսիվ քայլերի անցնի և ավելի հասցեական գնահատականներ տա: Սակայն իրականությունն այն է, ինչ նշում եք, և առայժմ չունենք այն, ինչ ցանկանում ենք` հասնել Ղարաբաղի խաղաղ կարգավորմանը: Իսկ դրան հասնելու համար միջազգային կառույցների անմիջական միջամտությունն անհրաժեշտ է, որովհետև, երբ ասում ենք` սա երկու երկրների խնդիրն է, մեր թշնամին անկանխատեսելի է, որևէ պայման չի պահում, օրինակ` Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի համաձայնությունները, 1994թ. պայմանագրի կետերը, բանակցությունների, հանդիպումների ժամանակ նրանք ասում են մի բան, բայց գործողություններով անում են հակառակը: Այստեղ մեծ անելիք ունի Մինսկի խումբը, և ինձ թվում է, որ ՄԽ անմիջական միջամտությունը խիստ անհրաժեշտություն է, որովհետև այն միակ կառույցն է, որ դե ֆակտո և դե յուրե զբաղվում է այդ խնդրով:
– Այսինքն` ձևաչափի փոփոխություն հայկական կողմը չի՞ ցանկանում:
– Ես չեմ կարծում, որ որևէ ձևաչափի փոփոխություն անհրաժեշտ է: Այս ձևաչափը բավականին երկար ժամանակ աշխատել է, իսկ այս երկար տարիների ընթացքում այժմ այն ժամանակն է, որ այդ 3 կարևոր երկրները` ՌԴ-ն, ԱՄՆ-ը և Ֆրանսիան, հայտարարություններից անցնեն գործողությունների, իհարկե, կարող են մասնակից դարձնել նաև այլ երկրների, որոնք ունեն իրենց ազդեցությունը:
– Երեխայի սպանության ադրբեջանական շահարկումներին հայկական կողմն ի՞նչ ունի հակադրելու:
– Ապրիլյան պատերազմի ժամանակ մեր 12-ամյա Վաղարշակի սպանվելուց հետո նրանք պրպտում էին համարժեք պատասխան, և սա արհեստածին սարքած մի երևույթ է: Բոլոր տեսագրությունները ցույց են տալիս, որ նրանք դիտավորությամբ իրենց դիրքը, մեծ տրամաչափի արկերը տեղակայել են հենց գյուղի մեջ, բնակավայրի հարևանությամբ:
Բնականաբար, եթե նրանք ցերեկը ժամը 2-ին սկսել են գործողությունները, մերոնք համարժեք պատասխանը տվել են միայն երեկոյան ժամը 8:30-ին, այսինքն` սա նշանակում է, որ մերոնք համբերատար որևէ հակահարձակ գործողություն չեն կատարել, միայն զենքի տրամաչափը մեծացնելուց հետո, երբ բավականին վտանգավոր է եղել, համաչափ պատասխան են տվել` նպատակ ունենալով լռեցնել այդ կետը, իսկ նրանք կետը տեղադրել են այնպիսի վայրում, որտեղ անխուսափելի են վնասները: Սա պարզապես սադրանք է Ադրբեջանի կողմից:
– Ռուսաստանն արդեն երկրորդ անգամ Ադրբեջանին զգուշացնում է ՌԴ հայազգի քաղաքացիների հանդեպ խտրական վերաբերմունքից զերծ մնալ և չարգելել իր տարածք մուտք գործել: Մոսկվան Բաքվի մոտեցումը որակել է «վայրի»՝ հայտարարելով, որ Բաքուն պատրաստակամություն էր հայտնում հասարակական մակարդակում հայ-ադրբեջանական հաշտեցման, բայց, փաստորեն, պատրաստ չէ դրան: Սա կարելի՞ է դիտարկել՝ որպես ճնշում Ադրբեջանի նկատմամբ:
– Անհասկանալի է Ադրբեջանի ԱԳՆ-ի պատասխանը, որ նրանք պարզապես աբսուրդ են համարում Ռուսաստանի ԱԳՆ արձագանքը: ՌԴ ԱԳՆ-ն ընդամենն իր բարեկամ երկրին, այդպես է նշվում, հորդորում է՝ իր քաղաքացիների նկատմամբ խտրականություն չդրվի: Դա մարդու իրավունքների ոտնահարում է, առավել ևս՝ բարեկամական կապ ունեցող երկրների միջև: Որևէ նմանատիպ երևույթ չի եղել Հայաստանի կողմից: Պարզապես նրանք պատրվակ են բռնում՝ իբրև անվտանգություն ապահովելու համար, և ՌԴ քաղաքացու նկատմամբ անում են ոտնձգություն: Եվ դա անում են բավականին բացահայտ, առանց որևէ միջազգային նորմ պահպանելու, նրանք այդ մարդկանց պահում են առանց հաց ու ջրի, անընդհատ հարցաքննում են, ուսումնասիրում են նրանց` փորձելով հայկական ծագումնաբանություն գտնել անգամ նրանց մոտ, ով չունի հայկական ազգանուն: Դա որևէ կոնվենցիայի, որևէ միջազգային նորմի մեջ չի տեղավորվում: Դա պարզապես թուրքի վերաբերմունքն է: Դա մեզ համար անակնկալ չէ, պարզապես արդեն ՌԴ ԱԳՆ-ն շատ հստակ արձագանքել է դրան, որովհետև, հակառակ դեպքում, եթե չի արձագանքում, ուրեմն տեր չի կանգնում իր քաղաքացիներին: Այսինքն` նա խոսում է ՌԴ քաղաքացիների մասին, ոչ թե՝ ազգային պատկանելության:
– Ըստ որոշ վերլուծաբանների՝ ՀՀ իշխանություններն այս ընթացքում ավելի շատ զբաղված են ներքին խնդիրներով, 2018թ. խնդիրը լուծելով, և որոշ առումով աչքաթող է արվում արտաքին քաղաքականությունն ու լուրջ քայլեր չեն արվում:
– Ներքին խնդիրներով ավելի շատ զբաղված է մեր թշնամի պետությունը` Ադրբեջանը, որը նմանատիպ գործողություններով փորձում է իր հանրության ուշադրությունը շեղել ներքաղաքական կյանքից: Ինքը շատ լավ է հասկանում, որ լայնածավալ պատերազմով որևէ արդյունքի չի հասնելու, և դա չի լինելու: Սակայն իրենց հոխորտ հայտարարությունները, թե Երևանը, Սևանը մերն է, ապակողմնորոշել է իր հասարակությանը, բայց նրանք ասելիք չունեն բանակցային սեղանի շուրջ: Ներքին լարվածությունն իջեցնելու համար նրանց մնում է լարվածություն ստեղծել սահմանին, և նման սադրանքներով 1-2 զոհ ցուցադրել` մնացած զոհերին թաքցնելով, որ ավելի ուշ իրենց վարձկաններին որպես ավտովթարի հետևանքով զոհվածների ներկայացնեն:
Մեր 2018թ. կապակցությամբ խնդրում եմ հետևել քաղաքական զարգացումներին: Մենք ընդամենը զբաղված ենք սահմանադրական բարեփոխումների հետ կապված օրենքներն օրենսդրական դաշտին համապատասխանեցնելով: Մենք որևէ ինտրիգներ չենք ստեղծում, մենք որևէ անհանգստություն չունենք, պարզապես լծված ենք այդ գործին, որովհետև, իրոք, մինչև 2018-ի ապրիլ լուրջ գործ ունենք կատարելու, դա մի հաստափոր փաթեթ է: 2018-ը սարերի հետևում չէ, կգա ժամանակը, և կտեսնեք, որ այդ անցումը շատ ներդաշնակ կատարում ենք:
– Հետաքրքիր դեպքերի հաջորդականություն եղավ, նախ` խոսվում էր Կարեն Կարապետյանի հնարավոր փոփոխության մասին, սակայն Սերժ Սարգսյանը հերքեց դա, ապա Կ.Կարապետյանը հայտարարեց, որ չի համոզում Ս. Սարգսյանին 2018-ից հետո աշխատել վարչապետ: Այնուհետև Ս.Սարգսյանը գնաց կառավարություն… ի՞նչ է կատարվում, Հանրապետականում ներքին ի՞նչ խմորումներ կան:
– Դա ընդդիմության անհանգստությունն է և այն մամուլի, որ փորձում է հետաքրքրացնել իր տողերը: Սերժ Սարգսյանին համոզելու կարիք չկա, որպեսզի ինչ-որ մարդիկ էլ լինեն կամ չլինեն այդ թիմում: Չկա Հանրապետական կուսակցության մեջ որևէ խլրտում: Մենք ունենք մեկ նպատակ` իրականացնել կառավարության ծրագիրը: Մենք լծված ենք այդ գործին, և, եթե դա չի հաջողվում, դա համարվում է քաղաքական ուժի անհաջողությունը: Մենք նման քննարկումներ չունենք` «2018-ից հետո»: Մեր թիմը միասնական է և պետք է հասնի հաջողության: Մնացածը հորինված է, բարդ երևակայությունների արդյունք: Սերժ Սարգսյանի այցը կառավարություն բնական է, յուրաքանչյուր նոր կառավարության ստեղծումից հետո գնացել, շնորհավորել և առաջին նիստն անցկացրել է ՀՀ նախագահը: Բնականաբար, այնտեղ հայտարարության մեջ ասվում էր, որ մենք մի թիմ ենք և իրականացնում ենք կառավարության ծրագիրը: Նա իր վստահությունը ևս մեկ անգամ հայտնեց Կ.Կարապետյանի կառավարությանը:
– Հանրությանը հետաքրքրում է` ո՞վ է լինելու վարչապետը` երկրի ղեկավարը:
– Ի՞նչ եք կարծում` 9-10 ամիս առաջ, երբ կառավարության ծրագիրն իրականացման փուլում է, մենք պետք է հայտարարե՞նք, 1-2 տարի հետո կանխատեսե՞նք երկրի ճակատագիրը: Այդ դեպքում կարելի է հարցնել` 2022 թվականին ո՞վ պետք է լինի, 2023-ին` ո՞վ: Պետք է հետևել քաղաքական զարգացումներին, աշխարհաքաղաքական իրավիճակին, և մենք այդ հարցին կանդրադառնանք 2018-ի ապրիլին: Մի՛ անհանգստացեք, որևէ վտանգավոր բան չկա, որևէ որոշում չկա կայացված: Այսօր մենք վստահում ենք գործող կառավարությանը, շատ ճիշտ է գծված ճանապարհային քարտեզը, մնում է տեմպերի հաջողությունը: Բայց ծանրաձողը շատ բարձր է:
– Կուլիսներում լուրեր են շրջանառվում, որ «Ծառուկյան» դաշինքը 2018-ին ցանկանում է կոալիցիոն հուշագիր ստորագրել իշխանության հետ: Դաշինքի ներկայացուցիչները դա չեն ժխտում: ՀՀԿ-ում քննարկումներ կա՞ն:
– Դա, կարող է` ցանկությո՞ւն է: Մեզ մոտ նման քննարկում չկա: Մենք ունենք այսօր քաղաքական մեծամասնություն, ունենք կոալիցիոն հուշագիր, և հիմնական նպատակն այն է, որ կարողանանք այնպիսի աշխատանք կարգավորել, որ ընդդիմությունը լինի իր տեղում, ընդդիմությունը լինի կառուցողական: Ընդդիմության ուժեղ լինելը, ընդդիմության առողջ քննադատությունը շատ կարևոր է իշխանության համար:
– Այսինքն` ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիոն պայմանագիրը փոփոխման, ընդլայնման ենթակա չէ՞:
– Հուշագիրը մենք կնքել ենք մինչև 2022 թ.: Ընդլայնման հարց չենք քննարկել: