«Բաքվի դատապարտելի սադրանքների հեղինակները պետք է պատասխանատվության ենթարկվեն». Արմեն Աշոտյան
Հայկական կողմը տարբեր առիթներով միջազգային հանրությանը տեղյակ է պահել այն մասին, որ Ադրբեջանն իր բնակչությանն օգտագործում է որպես կենդանի վահան Արցախի տարածքը ռմբակոծելու համար: Այս մասին ասվում է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի բաց նամակում՝ ուղղված «Եվրանեսթ»-ի խորհրդարանական վեհաժողովի համանախագահներին, բյուրոյի անդամներին, ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի անդամներին:
«Ցանկանում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ վերջին շաբաթների ընթացքում Ադրբեջանը շարունակաբար խախտում էր 1994-1995 թվականների հրադադարի եռակողմ համաձայնագրերը: Հուլիսի 4-ին Ադրբեջանի զինված ուժերը TR-107 տիպի համազարկային հրթիռային կայանքն օգտագործել են Լեռնային Ղարաբաղի դեմ: Որպես պատասխան՝ ԼՂ պաշտպանության բանակը ստիպված էր քայլեր ձեռնարկել ադրբեջանական կողմի ագրեսիվ գործողությունների հակազդելու նպատակով: Պարզվեց, որ Լեռնային Ղարաբաղի դիրքերը հարձակման են ենթարկվել այն տարածքից, որտեղ բնակեցված է Ադրբեջանի քաղաքացիական բնակչությունը:
Առաջին անգամը չէ, որ Ադրբեջանի ղեկավարությունն օգտագործում է իր սահմանամերձ բնակչությանը որպես կենդանի վահան Արցախի տարածքը ռմբակոծելու համար: Այս փաստը տարբեր առիթներով ներկայացվել է միջազգային հանրության ուշադրությանը: Եվ այժմ Բաքուն փորձում է մանիպուլացնել քաղաքացիական կորուստների փաստը՝ շեղելու միջազգային հանրության և մարդասիրական կազմակերպությունների ուշադրությունը Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական օրենքի մասսայական խախտումներից, որոնք իրականացվել են նախորդ տարի Լեռնային Ղարաբաղի դեմ»,- ասվում է նամակում:
Աշոտյանը հիշեցրել է ԼՂ-ում քաղաքացիական բնակչության նկատմամբ 2016 թվականին իրականացված կոտորածները, երեխաների սպանությունը, ծերերի բարբարոսական տանջանքները, «Իսլամական պետություն» խմբավորման ոճով իրականացված գլխատումները: «Բաքվի կողմից նման դատապարտելի սադրանքների հեղինակներն ու իրականացնողները պետք է պատասխանատվություն կրեն: Լեռնային Ղարաբաղի շփման գծում և Հայաստանի հետ միջազգային սահմանին Ադրբեջանի զինված ուժերի շարունակվող սադրանքները ընդգծում են 2016 թվականի մայիսի 16-ին Վիեննայում և 2016 թվականի հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում գագաթնաժողովների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչման կենսական կարևորությունը, մասնավորապես 1994-1995 թվականների հրադադարի եռակողմ պայմանագրերի խախտման հետաքննության մեխանիզմների ստեղծումը, որը կարող է դառնալ գործիք՝ կանխելու միջադեպերը»,- նշել է նամակում Աշոտյանը: Նա կարևորել է նաև ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման հանձնառության վերահաստատումը, ինչպես նաև հավատարմությունը ԼՂ հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով լուծելուն, որն առաջարկվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից և աջակցություն է ստացել Եվրամիության ու Եվրախորհրդարանի կողմից: