«Պատասխան կրակի դեպքում քաղաքացիական բնակչության շարքերում որոշակի զոհերից խուսափել հնարավոր չեղավ»

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը ադրբեջանցի 2-ամյա երեխայի մահվան հանգամանքը որպես քարոզչամիջոց օգտագործելը համարում է անբարոյականություն: Նրա համոզմամբ՝ Ադրբեջանը միանշանակ օգտագործելու է այս փաստը քաղաքական դիվիդենտներ շահելու համար:

«Ցավոք սրտի, վերջին օրերի լարվածության պատճառով եղան զարգացումներ, որոնք անդառնալի էին. գիտենք, որ երեխա է զոհվել,  ինչն իսկապես շատ ցավալի զարգացում  է, եւ կարծում եմ՝  բավականին լուրջ ազդեցություն կունենա իրավիճակի վրա: Ադրբեջանը վերջին 3 տարիներին իրականացնում է մի քաղաքականություն, որի տրամաբանությունը սահմանային լարվածության միջոցով քաղաքական որոշակի խնդիրներ լուծելն է կամ որոշ բացասական երեւույթներ կոծկելն է, ինչին օրերս ականատես եղանք»,- լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքագետը:

Նրա կարծիքով՝ վերջին օրերի սահմանային լարվածությունը ոչ այլ ինչ է, քան բուլղարական մամուլում տեղ գտած սկանդալային բացահայտումից միջազգային հանրությանը շեղելու փորձ:

«Կարծում եմ՝ սա կարող է Ադրբեջանին լուրջ հարված հասցնել միջազգային հեղինակության տեսանկյունից: Նրանք որեւէ ավելի լուրջ պաշտպանվելու ձեւ չգտան, քան սահմանում իրավիճակ լարելը: Լավ հասկանալով, որ կրակ բացելու դեպքում նրանց լռեցնելու են, այնպես արեցին, որ աղմուկը հնարավորինս շատ լինի, մեր դիրքերի ուղղությամբ կրակ բացեցին բնակավայրերից եւ բնականաբար, պատասխան կրակի դեպքում քաղաքացիական բնակչության շարքերում որոշակի զոհերից  խուսափել հնարավոր չեղավ»,- ասաց Հրանտ Մելիք- Շահնազարյանը:

Տեսանյութեր

Լրահոս