
ԵԱՀԿ ԽՎ-ում ընդգծել են ԼՂ և այլ ձգձգվող հակամարտությունների կարգավորման կարևորությունը

Մինսկում տեղի ունեցած ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում քննարկվել են ԵԱՀԿ տարածաշրջանում առկա հակամարտություններն ու դրանց լուծման ուղղությամբ քայլերը: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն նշել է, որ վեհաժողովն արդյունավետ միջոց է տարածաշրջանում անվտանգության ամրապնդման ուղղությամբ, ինչը ԵԱՀԿ-ի համար խիստ կարևոր է: Նա անդրադարձել է Մերձավոր Արևելքում առկա հակամարտություններին, որոնք ազդեցություն են ունենում Եվրոպայի վրա, ինչպես նաև ԵԱՀԿ տարածաշրջանում ձգձգվող հակամարտություններին, ինչպիսիք են Լեռնային Ղարաբաղի և Մերձդնեստրի հակամարտությունները:
Լուկաշենկոն խստորեն կարևորել է միջազգային հանրության ուշադրության կենտրոնացումն այդ հարցերի ուղղությամբ, քանի որ դրանք դեռևս մնում են մեծ խնդիրներ: Լուկաշենկոն նաև կոչ է արել մոտ պագայում անցկացնել ԵԱՀԿ գագաթնաժողով և ընդգծել է ԵԱՀԿ հիմնարար սկզբունքների ակտիվացման անհրաժեշտությունը, որոնք համաձայնեցվել են 1975 թվականին Հելսինկիում:
ԵԱՀԿ ԽՎ նախագահ Քրիստին Մուտոնենը նշել է, որ ԵԱՀԿ երկրներն իրենց պատմական ընդհանուր փորձի հիման վրա ստանձնել են ընդհանուր արժեքներ և պարտավորություններ՝ նպաստելու անվտանգության համապարփակ մոդելին, որն առաջին պլանում է դնում ժողովրդավարությունն ու մարդու իրավունքները:
ԵԱՀԿ գործող նախագահ Սեբաստիան Կուրցն էլ ընդգծել է, որ խարհրդարանակնները վճռական դեր ունեն ԵԱՀԿ տարածաշրջանում առկա հակամարտությունների գոտիներում լարվածության թուլացման և վստահության կառուցման գործում: