Թուրքիայում ԻՊ անդամներ են ձերբակալվել. նրանք հարձակում էին ծրագրել «արդարության երթ»-ի վրա
Թուրքիայի իրավապահ մարմինները ձերբակալել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման 6 անդամի, ովքեր հարձակում են ծրագրել ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի նախաձեռնած «արդարության երթ»-ի ժամանակ: Այս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ»-ը:
Ահաբեկիչներից երկուսը ձերբակալվել են Քոջաելիում, չորսը՝ Կայսերիում:
Կայսերիի նահանգապետ Սուլեյման Քամչըն նշել է, որ մեծ սադրանք է կանխվել: Նա հայտնել է, որ ԻՊ ահաբեկիչները միկրոավտոբուսի վրա կախելու էին Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության դրոշներն ու դրանով հարձակվելու էին երթի մասնակիցների վրա:
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն և նրա կողմնակիցները հունիսի 15-ին սկսել են իրենց երթը Անկարայի Գյուվենպարկ զբոսայգուց: Երթը պետք է ավարտվի Ստամբուլի Մալթեփեի բանտի մոտ: Այն իրականացվում է՝ ի նշան բողոքի նույն կուսակցության պատգամավոր Էնիս Բերբերօղլուին 25 տարվա ազատազրկման մասին դատարանի որոշման: Քըլըչդարօղլուն ասել է, որ օրական պետք է անցնեն 18 կմ: Ակնկալվում է, որ երթը կշարունակվի 28 օր: Քեմալականները քայլելուց հետո գիշերելու են ճանապարհների վրա տեղադրված վրաններում:
Էնիս Բերբերօղլուի դեմ դատական գործ էր հարուցվել «պետական գաղտնիք համարվող տեղեկությունները և փաստերը ռազմական ու քաղաքական լրտեսության նպատակով տարածելու» և «գյուլենականների խմբավորմանը գիտակցաբար և ցանկանալով օգնելու» մեղադրանքներով: Նշվում է, որ հենց նա էր տվյալներ տրամադրել «Ջումհուրիեթ»-ի նախկին գլխավոր խմբագիր Ջան Դյունդարին այն բեռնատարների վերաբերյալ, որոնցով թուրքական հետախուզությունը զենք էր մատակարարում Սիրիայում գործող ԻՊ ահաբեկիչներին: Հունիսի 14-ին նա դատապարտվել է 25 տարվա ազատազրկման ու կալանավորվել միանգամից դատարանի դահլիճում: