Բաժիններ՝

«Հնարավոր չէ ունենալ միջավայր, որտեղ բոլոր լրատվամիջոցների իսկությունը պարզ կլինի». Սամվել Մարտիրոսյանը՝ Արփինե Հովհաննիսյանի ելույթի մասին

Օրեր առաջ ԱԺ փոխնախագահ, ԵԽ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանն իր ելույթում նշել էր, որ մեդիան թափանցիկ չէ, առցանց մեդիայի իրական սեփականատերերի և մեդիայի գործունեության թափանցիկությունն ապահովող տվյալները որոշակի չեն: Եվ սա լուծելու համար նա առաջարկել էր գտնել այնպիսի մեխանիզմներ, որ յուրաքանչյուր ընթերցող կարողանա հասկանալ, թե ո՞վ է լրահոսի հետևում կանգնած, ո՞վ է այդ լրահոսի աղբյուրը:

«Երբ խոսքը գնում է մեդիայի իրական սեփականատերերի բացահայտմանը, ապա գոյություն ունի հասարակությանը տեղեկատվությունը հասանելի դարձնելու երեք միջոց.

1. Հատուկ կարգավորումներ, որ պահանջում են լրատվամիջոցներին բացահայտել սեփականատիրոջ մասին տեղեկատվությունը հանրային մարմնին, ինչպիսին է լրատվամիջոցների կարգավորող մարմինը:

2. Տեղեկատվության անմիջական բացահայտում. հատուկ կարգավորումներ, որ պահանջում են լրատվամիջոցների սեփականատիրոջ մասին տեղեկատվությունը բացահայտել անմիջապես հանրությանը:

3. Ընկերությունների մասին օրենք. ընդհանուր իրավական պահանջներ, որոնք կարող են ուղղակիորեն կամ անուղղակիորեն պահանջել լրատվամիջոցների պատկանելության թափանցիկություն, ինչպես, օրինակ, կանոններ, որոնք պահանջում են ընկերության բաժնետերերի մասին տեղեկությունը բացահայտել, և տեղեկատվությունը ներկայացվում է գրանցամատյանում:

Սակայն պետք է նշել, որ այս միջոցներից որևէ մեկի ընտրությունն առցանց մեդիայի դեպքում բավական բարդանում է: Թե՛ Հայաստանում, և թե՛ այլ երկրներում փորձը ցույց է տալիս, որ օնլայն մեդիայի դեպքում հաճախ անհնար է լինում պարզել, թե ով է կանգնած կայքի հետևում: Կարծում եմ՝ մենք պետք է օգտագործենք այս հարթակը՝ գտնելու այնպիսի հավասարակշռված մեխանիզմներ, որ յուրաքանչյուր ընթերցող համացանցային կարողանա հասկանալ, թե ով է լրահոսի հետևում, ով է այդ լրահոսի աղբյուրը, հակառակ դեպքում խոսք լինել չի կարող մեդիա բազմազանության մասին, և այն իրավունքները, որոնց ապահովման համար արդեն քանի տասնամյակներ ջանքեր են գործադրում Եվրոպայի խորհրդի անդամ երկրները և Եվրոպայի խորհուրդը, կարող են միանգամից վերածվել միայն թվացյալ իրավունքների»,- իր ելույթում ասել է Ա. Հովհաննիսյանը:

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ տեխնիկապես այսօր դա հնարավոր չէ անել, առավել ևս, այն դեպքում, երբ շատ բարդ է ասել, թե ի՞նչ է լրատվամիջոցը:

Սամվել Մարտիրոսյանն օրինակ բերեց մեր հարևան երկրներ Իրանի և Ռուսաստանի այլընտրանքային տեղեկատվության աղբյուր դարձած տելեգրամ մեսինջերի ալիքները: Փորձագետի խոսքով՝ այս ալիքները շատ հայտնի են հիմա և բառի բուն իմաստով դարձել են լրատվամիջոցներ: Նրանք առաջնային են համարվում, նրանց հղումներ են տրվում: Բայց դրանց աշխատանքի հիմքում ընկած է գաղտնիությունը, և դրանք չբացահայտվող աղբյուրներ են:

«Youtube-ում էլ մարդ կարող է ալիք բացել, ինչ-որ բաներ տեղադրել և դարձալ չերևալ: Հետևաբար՝ հիմա հնարավոր չէ ունենալ միջավայր, որտեղ բոլոր լրատվամիջոցների իսկությունը պարզ կլինի: Իրականում այս ամեն ինչը շատ բարդ է պատկերացնել, բարդ է պատկերացնել նաև, թե ինչ մեխանիզմներ կարելի է գտնել»,- ասաց Սամվել Մարտիրոսյանը:

Իսկ ինչ վերաբերում է լրատվամիջոցների սեփականատիրոջ մասին տեղեկատվության բացահայտմանը, ապա Սամվել Մարտիրոսյանն ասաց, որ, երբ խոսքն այլընտրանքային մամուլի մասին է, և մարդն ուզում է մնալ անանուն, նա կմնա, քանի որ դրա համար կան բազմաթիվ ձևեր, և օրենքը պարզապես չի աշխատում:

«Միլիոն հատ պահանջ դիր, եթե ես viber-ով կամ telegram-ով ալիք բացեմ, կամ com-ի վրա կայք գրանցեմ, ո՞նց եք իմանալու, թե ես ո՞վ եմ»,- ասաց Սամվել Մարտիրոսյանը:

Փորձագետի խոսքով՝ բաժնետերերի դեպքում խնդիրը լրիվ ուրիշ է: Որովհետև, եթե մենք գործ ունենք լրատվամիջոցի հետ, որը ՀՀ-ում գրանցված է՝ որպես իրավաբանական անձ, մենք լրիվ ուրիշ ոլորտ ենք մտնում, և սա արդեն օրենքի պարտադրությամբ պետք է բաց լինի:

Անի Թորոսյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս