Բաժիններ՝

«Թեև նախագիծն այնքան էլ արժանի չէ, բայց խմբակցությունը պարտադրված է կողմ քվեարկելու». Վարդան Բոստանջյան

«Սևանի մասին ձոներ ասելու փոխարեն՝ հարկավոր էր գործեր անել»,- այսօր ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը՝ Սևանա լճից հավելյալ 100 մլն խմ ջուր բաց թողնելու նախագծի քննարկման ժամանակ:

Հիշեցնելով «Սևանի մասին» օրենքի ստեղծմանն իր մասնակցության մասին` Վ.Բոստանջյանը հայտարարեց` «ջրառը որոշների լավ զգալու ձևն է»: Ըստ նրա` հարակից զեկուցող, ԲՆ նախկին նախարար Արամ Հարությունյանին ասել են, որ հանգիստ կարդա նախագիծը, կարող է՝ մարդ էլ չլինի դահլիճում, միևնույն է` բոլորը կգան քվեարկության, կքվեարկեն ու կստացվի.

«Ժողովուրդը ծանր վիճակում է, արտագաղթում է, վիճակը մի քիչ մեղմելու համար կարելի է՝ ջուրը թողնենք: Բայց ամբողջ նախագիծը հակասահմանադրական է»:

Ըստ նրա` անհասկանալի է նախագծում առկա «լրացուցիչ վճարներ» ձևակերպումը, քանի որ ՀՀ օրենսդրությունում կան հարկեր, տուրքեր, բայց «լրացուցիչ վճարներ» հասկացություն գոյություն չունի.

«Տնտեսվարող սուբյեկտների 2՝ Էլեկտրացանցերի և Միջազգային էներգետիկ կորպորացիայի անունն է նշված, ասում են՝ ինչ ունեք-չունեք, կտաք մեզ, բայց բացի լրացուցիչ գումարներից: Կարող է պատահի՝ տունն էլ պահած փող ունեն, էդ էլ կարող է ուզեն, հասկանո՞ւմ եք: Սահմանադրության 60-րդ, 78-դ, 79-րդ հոդվածներով սեփականության իրավունքը ՀՀ-ում պաշտպանված է: Ինչպե՞ս կարելի է մի հասարակ օրենքով, էն էլ սխալ օրենքով նման բաներ անել»:

Վ.Բոստանջյանը նշեց, որ լրացուցիչ գումարները տեղափոխվում են արտաբյուջետային ֆոնդ, բայց հարց է առաջանում՝ ինչո՞ւ ոչ՝ պետբյուջե, քանի որ արտաբյուջետային ֆոնդերը ծածկված, թափանցիկությունից զուրկ են, դրանցում շատ կոռուպցիոն ռիսկեր գոյություն ունեն, և հայտնի չէ, թե ինչ ուղղությամբ են ծախսվելու: Ըստ նրա` թեև նախագիծն այնքան էլ արժանի չէ, բայց խմբակցությունը պարտադրված է կողմ քվեարկելու:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս