
ԱՄՆ-ի պետքարտուղարը ՌԴ-ի հետ կառուցողական հարաբերությունների հաստատման ծրագիր է պատրաստել

ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը պատրաստել է ծրագիր, որում շարադրված են Ռուսաստանի հետ կառուցողական աշխատանքային հարաբերությունների հաստատման երեք հիմնական ուղղություններ: Այդ մասին հունիսի 19-ին հայտնել է BuzzFeed ամերիկյան ռեսուրսը՝ վկայակոչելով Պետդեպարտամենտի աղբյուրների տեղեկատվությունը:
Նրանց տեղեկությունների համաձայն՝ Թիլերսոնի կողմից պատրաստված փաստաթուղթը ներառում է երեք հիմնական դրույթներ: Առաջինում խոսվում է այն մասին, որ Մոսկվային պետք է ապացուցվի երկու կողմերի համար այն մի շարք քայլերի անարդյունավետությունը, որոնք Վաշինգտոնը վերագրում է ՌԴ-ին: Մասնավորապես, խոսքը վերաբերում է Աֆղանստանում զենքի վաճառքին «Թալիբան» շարժմանը եւ Մոսկվայում ամերիկացի դիվանագետների հետ կապված միջադեպերին: Յուրաքանչյուր առանձին դեպքում ամերիկյան կողմին առաջարկվում Է հակահարված տալ նման գործողություններին:
Ծրագրի երկրորդ կետով նախատեսվում է Ռուսաստանի հետ փոխգործակցություն հաստատել ԱՄՆ-ի ռազմավարական շահերին համապատասխանող ուղղություններում: Դրանց թվում նշված են պատերազմի դադարեցումը Սիրիայում, «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ջախջախումը, Կորեական թերակղզու միջուկազերծումը եւ համատեղ աշխատանքը կիբեռանվտանգության ոլորտում:
Երրորդ կետով կարեւորվում է Ռուսաստանի հետ «ռազմավարական կայունության» պահպանումը, նշում է ռեսուրսի աղբյուրը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: