«Չարն այնտեղ, բարին այստեղ….»
Գաղտնիք չէ, որ յուրաքանչյուր երեխայի աշխարհայացքի ձևավորման ու դաստիարակության հարցում իրենց անուրանալի տեղն ունեն հեքիաթները, որոնց ընթերցումը բոլոր սերունդների մանուկների ամենասիրելի զբաղմունքն է: Այս թեմայի շուրջ զրուցել ենք ենք հեքիաթագետ, թարգմանիչ, լեզվաբան, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ անգլիական բանասիրության ամբիոնի դասախոս Ալվարդ Ջիվանյանի հետ, ով նաև «Զանգակ» հրատարակչության մանկապատանեկան գրականության խմբագիրն է և Հովհաննես Թումանյանի թանգարանում գործող Հեքիաթագիտության բաժնի ղեկավարը: Զրույցի սկզբում նա ամփոփ ներկայացրեց հեքիաթին բնորոշ այն առանձնահատկությունները, որոնք հենց գրավում են մանուկ ընթերցողին.
-Հեքիաթում առկա նույնիսկ ամենազարմանալին ժամանակի ընթացքում դառնում է սովորական, երբ սկսում ես մի փոքր այլ տրամաբանությամբ մտածել: Ինձ համար հեքիաթը ոչ միայն ընթերցանության, այլև ամենօրյա ուսումնասիրության նյութ է: Բոլոր գրական ժանրերից այն ամենահամարժեք ձևով է ներկայացնում մեր իրականությունից արմատապես տարբեր մի իրականություն, որի գլխավոր առանձնահատկությունն այս է` չկա անկարելի որևէ բան: Հեքիաթը մանուկների կյանքում գոյություն ունի նրա համար, որ փոքրիկ ընթեցողին (և ոչ միայն նրան) ցույց տա, որ բարին պետք է հաղթի` ի տարբերություն մեր իրականության, որտեղ բարին միշտ չէ, որ հաղթում է չարին: Այստեղ է հեքիաթի բարոյախրատական, հոգեբանական, անգամ աստվածաբանական բանաձևը: Հեքիաթը չենք լսում պարզապես զվարճանալու համար. այդ իմաստուն զրույցը կարող է կյանքի ինչ-ինչ փորձություններում շատ օգտակար լինել: Հեքիաթներն ունեն նաև համընդհանուր նշանակություն. նրանցում, ի տարբերություն օրինակ` էպոսի, կոնկրետ ազգային երազանք չի առանձնանում, իրենց «մուրազին» հասնելու մակարդակում (տղան հասավ աղջկան, կամ որբ աղջիկը բախտավորվեց, կամ քնած գեղեցկուհին արթնացավ համբույրից և այլն) հայկական հեքիաթը չի տարբերվում այլ ազգերի հեքիաթներից: Ուստի այս գրական ժանրի դեպքում պիտի խոսել համընդհանուր մարդկային արժեքների ու երազանքների, թեմաների ու խնդիրների մասին: Սակայն թարգմանության ժամանակ բոլոր արժանիքներով հանդերձ, անգամ բարբառից գրական լեզվի փոխելիս, թիրախ տեքստը մի փոքր արժեզրկվում է, ինչը չի նշանակում, որ չպետք է լինեն թարգմանված բանահյուսական հեքիաթներ:
-Ներկայումս հայկական հեքիաթներն ե՞ն շատ կարդացվում, թե՞ արտասահմանյանները:
-Կարդացվում է ավելի շատ այն, ինչը շատ է տպվում: Իհարկե, առաջին տեղում Հովհաննես Թումանյանի հեքիաթներն են, ընդ որում, առանց տարբերակելու` նրա գրա՞ծ հեքիաթներն են, թե՞ փոխադրած: Ծնողը գնում է Հովհաննես Թումանյանի հեքիաթները`վստահ լինելով, որ երեխայի համար ավելի ցանկալի, ավելի առողջ մշակութային սնունդ չի էլ կարող լինել:
-Ի՞նչ դաստիարակչական նշանակություն ունի հեքիաթը երեխայի զարգացման հարցում:
-Մեծ, երբ երեխան հեքիաթներ է լսում, նրա գիտակցության մեջ մշակվում են որոշակի վարքագծային կանոններ, որ օգնում են առանց ավելորդ դիդակտիկ նյութերի, զուտ գլխավոր հերոսի վարքագծի ու հեքիաթի զարգացմանը հետևելով, հասկանալ նախընտրելի ու ճիշտ պահվածքը որևէ իրավիճակում: Բայց և ցանկանում եմ նշել, որ հեքիաթի գրական արժեքն առաջին հերթին մեր գեղագիտական պահանջների բավարարման մեջ է:
– Հեքիաթն ունի՞ հոգևոր շերտեր:
-Զարմանալի և անգնահատելի է մեր հոգևորականների կատարած դերը ոչ միայն հեքիաթի, այլև ազգագրության զարգացման առումով: Առաջինն, իհարկե, պիտի առանձնացնեմ Գարեգին Սրվանձտյանցին, որի «Մանանա» և «Համով-հոտով» ժողովածուներում կան հեքիաթների փոքրիկ բաժիններ: Նշենք նաև Մխիթարյան միաբաններին, որ հսկայական դեր են խաղացել մեր ազգագրական նմուշները գրի առնելու հարցում: Նկատի ունեմ հատկապես Ղևոնդ Ալիշանի «Հին հավատք կամ հեթանոսական կրոնք Հայոց» երկը, որ մի անգնահատելի հանրագիտարան է մեր գերբնական հավատալիքների մասին: Ինչ վերաբերում է հոգևոր շերտերին, ապա հեքիաթը խստորեն հետևում է քրիստոնեական գաղափարախոսությանը, օրինակ` «Չարն այնտեղ, բարին այստեղ» վերջաբանով: Իհարկե, ոչ քրիստոնյա մշակույթների հեքիաթները ևս ամփոփվում են նման բանաձևերով, բայց բոլոր դեպքերում մենք ունենք բացառիկ քրիստոնեական միջուկով հեքիաթներ:
-Հեքիաթները հիմնականում վերջանում են նաև հետևյալ բանաձևով`«Մեկն` ասողին, մեկը` լսողին, մեկն էլ` ականջ դնողին»: Ո՞վ է այդ ականջ դնողը:
-Հեքիաթը շատ է սիրում կրկնություն, և կարող է ուղղակի ռիթմի համար կրկնվել, այսինքն` ականջ դնողը և լսողը նույն անձինք լինեն: Թեև կան նաև այլ տարբերակներ: Այսպես, «ականջ դնողը» կարող է լինել թաքուն ականջ դնող մեկը, օրինակ`փոքրիկ երեխան, որ ուշ ժամին պետք է, որ անկողնում լինի, բայց մեծ ցանկություն ունի հեքիաթ լսելու և թաքուն է ականջ դնում: Կա նաև մեկ այլ տարբերակ, որ թերևս քիչ հավանական է. առանձին թեմատիկայով հեքիաթներ նախատեսված չեն եղել կանանց համար, նույնիսկ որոշ վայրերում հայոց մեջ արգելված է եղել, որ երիտասարդ կինը մասնակցի հեքիաթալսմանը, այդ պատճառով էլ գուցե թաքուն են ականջ դրել:
-Բոլոր փոքրիկները մեծ հեքիաթասացներ են, ինչո՞ւ:
-Նրանց հոգեբանության, մտածողության, աշխարհատեսության մեջ կան մի շարք նախադրյալներ, որոնք համահունչ են հեքիաթի ոգուն, այսինքն`հորինելը, իրականությունը մտացածին արժեքներից չտարբերելը նրանց համար սովորական բան է, իսկ մեծահասակի համար` շատ դժվար:
-Ինչո՞ ւ է հեքիաթն այսօր պակասել մեր կյանքում:
-Կարծում եք` մարդիկ հնում հեքիաթային կյանքո՞վ էին ապրում: Այդ հեքիաթայինը շատ սահմանափակ տեղ կարող է գրավել մեր կյանքում, քանի որ ընդհանրապես բոլոր լավ բաները չեն կարող շատ լինել, և մեզ ուղղակի թվում է, որ առաջ հեքիաթը շատ է եղել: Հիշե՛ք` ինչպես է սկսվում հեքիաթը` «ժուկով-ժամանակով», «շատ տարիներ առաջ» և այլն: Ինչ-որ մի պատճառով հեքիաթը գերադասում է այդ պատմությունները վերագրել անհիշելի ժամանակներին, այստեղից մեր` գուցե կեղծ տպավորությունը, որ հնում ապրել են ավելի լավ, ավելի հեքիաթային կյանքով, քան այսօր: Մենք եկանք հեքիաթի սահմանման մի զարմանալի տարբերակի, որ ամենակարևորներից է. «Այն ամենը, ինչ հեքիաթում պատմվում է, ինչի մասին, որ խոսվում է, անխուսափելիորեն եղել է շատ վաղուց»: Այստեղից էլ այդ ենթադրությունը, որ առաջ հեքիաթային է եղել մեր կյանքը:
-Ինչպե՞ս պահպանել մեր հոգու հեքիաթը:
-Եթե մարդու հոգում հեքիաթ կա, ապա պետք է հոգեբանական այնպիսի տարածք ապահովի, որտեղ անհեքիաթ մարդիկ չեն կարողանա ներխուժել:
-Ի՞նչ կմաղթեք մեր ընթերցողին:
-Հեքիաթի բառերով կարելի է ասել` նրանք հասան իրենց մուրազին, դուք էլ հասնեք ձեր մուրազին, բայց ընդհանրապես աշխարհի լավագույն մաղթանքն, իհարկե, «Չարն՝ այնտեղ, բարին՝ այստեղ» մաղթանքն է, որից ավելի վեր բան չեմ պատկերացնում:
Արփի ԽԱՉԱՏՐՅԱՆ
Սկզբնաղբյուրը՝ «Շողակն» երկշաբաթաթերթ
qahana.am