Տանատոֆոբիա. Մահվան վախ
Վախն անորոշություն է: Այն առաջանում է, երբ կա անհասկանալի իրավիճակ, որը մեր կառավարումից դուրս է: Սակայն, համաձայն հոգեբանական մեկնաբանության, յուրաքանչյուր վախի հիմքում ընկած է մահվան վախը:
Իսկ մահվան վախն այն ամենամեծ անորոշությունն է, որը մինչ այսօր բացահայտված չէ: Իսկ ինչը բացահայտված չէ, չունի ձև, բացատրություն, ծնում է մեծ անորոշություն, որը հասկանալու համար յուրաքանչյուր մարդու մոտ առաջանում են այդ անորոշությունը հստակեցնող հարցեր:
Եթե ավելի կոնկրետացնենք և խոսենք մահվան վախի մասին, ապա պետք է նշել, որ նման վախ ծագում է յուրաքանչյուրիս մոտ՝ առանց բացառության: Առաջանում է այն պատճառով, որ, առհասարակ, գոյություն ունեն երկու օբյեկտիվ ճշմարտություններ, առաջինը՝ որ բոլորս էլ մահանալու ենք, և երկրորդը՝ անհայտ է, թե երբ: Այսինքն, կա հստակ բացահայտված երևույթ, որ մահն անխուսափելի է, և կա չբացահայտված առեղծված՝ ի՞նչ է մահը, և ե՞րբ այն վրա կհասնի:
Մասնագիտական տերմինաբանությամբ մահվան վախն անվանում են տանատոֆոբիա, որն ամենատարածված վախերից մեկն է: Սակայն մահվան վախը, դա վախ է՝ առանց իրապես վտանգ պարունակող իրավիճակների: Այսինքն, քանի դեռ մենք ապրում ենք՝ այն չկա: Իսկ երբ նա գալիս է, արդեն մենք գոյություն չունենք:
Այս գաղափարախոսությունից ելնելով, տվյալ վախի հետ աշխատանքը և հաղթահարումն ավելի իրատեսական է և կիրառելի, քան այն վախերի հաղթահարումը, որոնք ունեն իրական վտանգ պարունակող շեշտադրումներ, և մենք խուսափում ենք անընդհատ դրանց հետ բախվելուց: Մահվան վախի հետ աշխատանքն իրականանում է կոգնիտիվ՝ իմացական ոլորտում: Այսինքն՝ մենք կառավարելով և փոխելով մեր մտքերը վախի մասին, այն դարձնում ենք ավելի երկրորդական՝ կարևորելով ներկա պահի վայրկյաններն ու իրադարձությունները:
Գիտակցելով և ընդունելով այն փաստը, որ մահն անխուսափելի է, մենք սովորում ենք չմտածել դրա մասին և շարունակել ապրել, քանի որ պայքարել մի բանի դեմ, որը չկա՝ անարդյունավետ է: Խրախուսվում է մտածել և կյանքը կառուցել ավելի էքզիստենցիալ՝ կյանքի իմաստային բովանդակությունը շեշտող իրավիճակների և ընթացքի հիմքով:
Եթե խոսենք տարիքային առանձնահատկության մասին, թե երբ է առաջանում մահվան վախը, ապա կարելի է մասնագիտական գրականության և հետազոտությունների հիման վրա պատասխանել, որ առաջանում է նախադպրոցական տարիքից, այն է՝ 4-7 տարեկան հասակից: Այս տարիքային շեշտադրումը շատ անհատական է, ինչպես և բոլոր հոգեբանական դրսևորումները և զարգացման փուլերը: Սակայն այն հստակ առաջանում է, երբ երեխայի մոտ ստեղծվում է կորցնելու կամ ընդմիշտ հեռանալու զգացողությունը:
Երեխան վախենում է կորցնել իր համար միակ ապավեն և ապահովության զգացում ստեղծող ծնողին, առանց որի՝ անհնար է նրա գոյությունը: Եվ երբևէ չի խրախուսվում փակ պահել այս թեմայի շուրջ զրույցները:
Երբ նկատեք, որ երեխայի մոտ առաջանում են մահվան հետ կապված հարցեր, ապա պետք է տալ նրան որոշակի պատկերացում այդ երևույթի մասին, չհերքել այն՝ ասելով, որ նման բան չկա, այլ խոսել, որ դա բնական ընթացք է, և տեղի է ունենում, երբ օրգանիզմը ծերանում է: Այսպիսով՝ մենք ժամանակի ահռելի տարածական սահման ենք դնում մահվան և ներկայի մեջ՝ տալով երեխային ապահովության զգացում:
Մահվան վախի առաջացման պատճառները
Կան մահվան վախի առաջացման մի քանի ենթադրելի պատճառներ.
1. Անհատական փորձ: Երբ կյանքում եղել են այնպիսի իրավիճակներ, որ անհատը բախվել է մահվան վտանգի հետ՝ հիվանդություն, վթար, հարազատ կամ սիրելի մարդու կորուստ: Ողբերգությունը, կորուստը կարծես կյանքի զարթուցիչ լինեն, մարդն արթնանում է քնից և սկսում մտածել, ի՞նչ է մահը՝ զուգահեռ արժևորելով կյանքը և ներկան:
2. Տեղեկատվական հիպնոզ: Սա ամենատարածված տեղեկատվական ներշնչումն է, որը տալիս է մարդուն մեծ քանակությամբ բացասական ինֆորմացիա մահվան, վթարների, համաճարակների և այն դեպի մահ տանող երևույթների մասին:
3. Կրոնական համոզմունքների ուսումնասիրում:
4. Ծայրահեղ դատողությունները կյանքի իմաստի վերաբերյալ: Երբ կան չիրականացած նպատակներ, գաղափարներ, անհաջողություններ, պատանեկան հայացքների անցում ավելի իրատեսականի, շարունակական սթրես:
5. Անորոշության հանդեպ խուճապային մոտեցում: Այն ձևափոխվելով և զարգանալով՝ վերածվում է մահվան հանդեպ վախի:
Գիտակցական կյանքն իրականանում է այստեղ և հիմա: Եթե կա ցանկություն՝ ապրել բանական և իրատեսական, հաղթահարեք վախերը՝ ապացուցելով դրանց անիրական լինելը, և սկսեք ապրել իրական կյանքով: