«Բաքուն առայժմ վախենում է լայնամասշտաբ պատերազմից, քանի որ դա կնշանակեր վա-բանկ գնալ»

Մեր զրուցակիցն է Միջազգային իրավունքի ռուսական ասոցիացիայի անդամ, իրավաբանական գիտությունների թեկնածու Դենիս Դվորնիկովը

 – Պարոն Դվորնիկով, հունիսի 16-ին և 17-ին Ադրբեջանը սահմանում ակտիվացրել է ռազմական գործողությունները, որի արդյունքում հայկական զինված ուժերի 4 զինծառայող է զոհվել: Հայկական վերլուծաբանները գտնում են, որ այդ սադրանքները տեղի են ունեցել այն փուլում, երբ Ադրբեջանը միջազգային կենտրոններից հակամարտության ռազմական «լուծման» մերժում է ստանում, սակայն սահմանագծում Բաքուն շարունակում է իր քաղաքականությունը: Ձեր կարծիքով՝ ո՞րն էր այս անգամ Բաքվի ակտիվացման պատճառը:

– Բարդ է վերլուծել ավտորիտար վարչակարգերի գործողությունները, առավել ևս, նրանք գտնվում են ցայտնոտի վիճակում: Նավթի արդյունահանումը նվազում է, տարբեր իշխող խմբերն ակտիվորեն իրար խժռում են, բնակչությունը գնալով ավելի համառորեն է բարձրաձայնում բարեկեցության մակարդակի նվազման մասին: Այս ֆոնին Ռուսաստանի ԱԳՆ-ն առաջին անգամ բաց հանդես եկավ՝ ի պաշտպանություն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակչության, իսկ միջազգային կառույցներրը հստակ հասկացնել տվեցին, որ ռազմական լուծումը բացառված է:

Գործոններից ցանկացածը կարող էր կայծի դեր խաղալ: Ժամանակը հայկական կողմի օգտին է աշխատում, դա բոլորին ակնհայտ է: Դա Բաքվին ստիպում է խիստ նյարդայնանալ և արկածախնդիր քայլերի դիմել:

– Ի տարբերություն նախորդ հաղորդագրությունների, որտեղ նշվում էր, որ ադրբեջանական ուժերը գործողություններ են իրականացրել՝ «ի պատասխան հայկական կողմի սադրանքների», այս անգամ Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ ոչ մի արդարացում չկա և անթաքույց նշվում է, որ Ադրբեջանը միտումնավոր «ոչնչացրել է հինգ հայ զինվոր»: Ի պատասխան՝ ի՞նչ կարելի է սպասել այս օրերին Բաքվում գտնվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից:

– Հրապարակավ՝ ինչպես միշտ` «լուրջ մտահոգություն»: Ենթադրում եմ, որ Մինսկի խումբը արձագանքի հարցում դեռ չի կողմնորոշվել: Եթե շարունակեն չնկատելու տալ, թե ինչպես են իրենց հայտարարություններն աղբարկղ նետում, ապա հեղինակությունը վերջնականապես կորցնելու վտանգի առջև կհայտնվեն: Այժմ Մինսկի խումբն ընտրության առջև է` կա՛մ դա գործող կառույց է, սակայն այդ դեպքում պետք է ձայն բարձրացնել, կա՛մ էլ դա բուտաֆոր կառույց է, որի կարծիքը շուտով նույնիսկ լրագրողները բանի տեղ չեն դնի, էլ չխոսելով հակամարտող կողմերի մասին:

– Ադրբեջանը կշարունակի՞ լարվածությունը: Հնարավո՞ր է, որ Բաքուն հրաժարվի ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցային ձևաչափից:

– Ադրբեջանն արդեն սրում է իրավիճակը: Թեպետ զգացողություն կա, որ Բաքուն առայժմ վախենում է լայնամասշտաբ պատերազմից, քանի որ դա կնշանակեր վա-բանկ գնալ: Ապրիլյան «բլից-կրիգի» փորձը կրկնել արդեն հնարավոր չէ: Այժմ Արցախի բանակը մարտական ավելի բարձր մակարդակի պատրաստականության ունի, իսկ անարդյունավետ գեներալները զորքերից հեռացված են: Երկարատև պատերազմը պարզապես կոչնչացնի Ադրբեջանի տնտեսությունը. ներդրողները կհեռանան, խողովակները կայրվեն, իսկ բանակին պետք է կերակրել: Իմ կարծիքով՝ ադրբեջանական կողմը ցանկանում է սահմանափակ լարում մտցնել, որպեսզի այն հյուծի հայերին, սակայն չտեղափոխվի այն փուլ, երբ ռազմավարական կետերն «Իսկանդերի» թիրախ կդառնան:

– Ի՞նչ տեղի կունենա, եթե Ադրբեջանը հայտարարի ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցային ձևաչափից դուրս գալու մասին: Կարո՞ղ են այդ խմբի համանախագահները, մասնավորապես՝ Ֆրանսիան և ԱՄՆ-ը, Ադրբեջանին սանձահարելու ուղղությամբ որոշակի քայլեր ձեռնարկել: Եվ կարո՞ղ է նման քայլերի թվում Արցախի անկախության ճանաչումը լինել:

– Եթե Ադրբեջանը դուրս գա բանակցություններից, ապա Հայաստանը կճանաչի Արցախը, իսկ խաղաղարար առաքելության ամբողջ «քաղցրությունը» կմնա Ռուսաստանին: Այդ իսկ պատճառով Ալիևի գլխին սառը ցնցուղ հիմա է պետք լցնել, այլ ոչ թե՝ հետո, երբ ստիպված լինեն Բաքվից Երևան վազվզել՝ նայելով, թե ինչպես է մի ամբողջ տարածաշրջան աղետի մեջ հայտնվում: Միաժամանակ, շատ ծանր հարցեր են միանգամից առաջ քաշվելու՝ սկսած ՀԱՊԿ-ի բուն գոյության փաստից, վերջացրած պատմական քաղաքակրթական ընտրությունից, որը պետք է կատարել:

– Նախիջևանում Թուրքիայի հետ համատեղ զորավարժություններից հետո Ադրբեջանը հայտարարեց հունիսի 19-ին լայնամասշտաբ զորավարժությունների մեկնարկի մասին, որին մասնակցելու է մինչև 20 հազար զինծառայող և ռազմական տեխնիկա, այդ թվում՝ ռազմաօդային ուժերը: Հայկական կողմի համար այս զորավարժություններում սպառնալիք տեսնո՞ւմ եք:

– Այնտեղ, որտեղ թուրքական զորքեր են հայտնվում,  միշտ սպառնալիք կա: Սա աքսիոմա է ռուս մարդու համար, սկսած՝ Սուվորովից, վերջացրած՝ Ռուսաստանի հերոս, օդաչու Օլեգ Պեշկովով, որին «մեր թուրք գործընկերներն» ավանդության համաձայն՝ թիկունքից կրակեցին: Պետք է զգոն լինել և միջազգային հանրության ուշադրությունը հնարավորինս ուղղել այս սադրիչ զորավարժություններին:

Տեսանյութեր

Լրահոս