«Արարատբանկն» այս տարի աճ է կանխատեսում բանկային բոլոր ծառայությունների գծով

Հունիսի 16-ին տեղի ունեցավ «Արարատբանկ» ԲԲԸ-ի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը։ Ժողովից առաջ լրագրողների հետ զրույցում «Արարատբանկ» ԲԲԸ վարչության նախագահ Աշոտ Օսիպյանն ասաց, որ 2016 թվականն «Արարատբանկի» համար հաջողակ տարի էր։ Նա նշեց, որ «Արարատբանկն» ավելացրել է բանկի ընդհանուր կապիտալը, որոշում է կայացրել ձեռք բերել Հայկական Զարգացման Բանկը, որի արդյունքում արձանագրել են հետևյալ հիմնական ֆինանսական ցուցանիշները.

Ակտիվներ՝ 200 մլրդ 456.2 հազար ՀՀ դրամ՝ 2015թվականի 132 մլրդ 27.5 հազար դրամի դիմաց. աճը կազմել է 51.8%:

Վարկեր՝ 104.8 մլրդ հազար ՀՀ դրամ (աճը կազմել է 58.7%):

Պարտավորություններ՝ 167.3  մլրդ ՀՀ դրամ՝ 2015թ. 109.6 մլրդ դրամի դիմաց. աճը կազմել է 52.7%։

Կարդացեք նաև

Ցպահանջ և ժամկետային ավանդներ՝ 107.1 մլրդ ՀՀ դրամ։

Կապիտալ՝ 33.2 մլրդ ՀՀ դրամ։

Բանկի զուտ շահույթը 2016 թվականին կազմել է 1 մլրդ 89.5 մլն ՀՀ դրամ, որը 2015 թվականի համեմատ՝ աճել է 15.7%-ով։

Աշոտ Օսիպյանն ասաց, որ նոր ռազմավարական ծրագրով «Արարատբանկը» բաղկացած է լինելու երեք բաղկացուցիչ մասից. «Ունենալու ենք դասական, թվային և ներդրումային բանկեր։ Երեքն էլ համապատասխան ծառայություններ կմատուցեն մեր հաճախորդներին։ Մեր կարգախոսն է լինելու՝ «Տե՛ս քո ապագան»։ Ծրագիրը նախատեսված է 3 տարվա համար. 3 տարվա ընթացքում մենք ունենալու ենք 100 տոկոսանոց թվային և ներդրումային բանկեր։ «Արարատբանկը» վերջին ամիսների ընթացքում իրականացրեց պարտատոմսերի տեղաբաշխում, մենք մի քանի օրից կներկայացնենք նոր պարտատոմսերի իրականացման ծրագիր՝ նոր միջազգային ընկերության համար։ Նաև մշակում ենք տարբեր ծրագրեր, որոնք կբերեն ընկերությունների առք ու վաճառքի նպաստման, ընկերությունների իրական հատվածի խոշորացման և այլ ներդրումային բանկինգին վերաբերող գործառույթներ»։

Ներդրումային բանկն իրականացնելու է հետևյալ գործառույթները՝ պահառուական ծառայություններ, IPO-ների կազմակերպում, պարտատոմսերի տեղաբաշխում, ունեցվածքի կառավարում, ընկերությունների միաձուլումներ և ձեռքբերումներ և իրավաբանական ծառայություն։ Թվային բանկը՝ ինտերնետ բանկինգ, մոբայլ բանկինգ, А TERM  բանկինգ, հեռախոսային բանկինգ, վիրտուալ մասնաճյուղ, էլեկտրոնային մասնաճյուղ, UBER բանկ, NET-SPEND համակարգը։

Աշոտ Օսիպյանը նշեց, որ «Արարատբանկն» աշխատում է բոլոր ֆինանսական շուկաների հետ։ Օսիպյանի խոսքով՝ «Արարատբանկն» ունիվերսալ բանկ է և մատուցում է բոլոր բանկային ծառությունները. «Մեր հաճախորդների թիվը 126 հազարից ավելի է։ Հիմնականում իրականացնում ենք վարկավորման բոլոր տեսակները, պլաստիկ քարտերի թողարկում, արժեթղթերով գործառնություններ, պահառուական գործառնություններ, շատ ակտիվ ենք մանրածախ բիզնեսում, կոմունալ վճարումներում առաջատար ենք, և այլն»։

Ինչ վերաբերում է հաջորդ տարվան, Օսիպյանն ասաց, որ լավատես են և կապահովեն ավելի շատ շահույթ, քան ունեցել են 2016 թվականին. «Մենք կունենանք բանկային բոլոր ծառայությունների գծով աճ։ Նախատեսվում է նաև կապիտալի ավելացում»։

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Անժելա Սարգսյանն ասաց, որ ՎԶԵԲ-ը, արդեն տասը տարի է, համագործակցում է «Արարատբանկի» հետ. «Մեր տասնամյա համագործակցությունը, որը տարեցտարի նոր թափ է ստանում, անընդհատ փորձում ենք զարգացնել, համալրել ու ավելի ամրապնդել։ Բոլորովին վերջերս ՎԶԵԲ-ի խորհուրդը հաստատեց ևս երկու վարկային ծրագիր, որոնք բավականին կարևոր են. ընդհանուր գումարը 10 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ է։ Ծրագրերից մեկը միտված է շարունակել մեր աջակցությունը ՓՄՁ-ների վարկավորմանը, որը կազմում է 7 մլն դոլարին համարժեք դրամ, իսկ մյուս ծրագիրը, որը նոր է ՎԶԵԲ-ի համար, կազմում է 3 մլն դոլարին համարժեք դրամ և միտված է սատարել գործարար կանանց վարկավորումը»։

ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանն իր խոսքում նշեց, որ «Արարատբանկը» տարբեր գործիքներով իրականացնում է ակտիվ ներդրումներ ՀՀ տնտեսության մեջ՝ ապահովելով տարեկան միջին հաշվով 25% աճ, որը, ըստ նրա՝ բավականին բարձր է. «Բանկը ռիսկերի խելամիտ կառավարման քաղաքականություն է վարում։ Բանկն անցած տարի, օգտվելով կապիտալի ավելացման պահանջից, լուրջ որոշում կայացրեց՝ ավելացնել կապիտալը միավորման այլ բանկում ներդրում կատարելու միջոցով։ Սա նոր մշակույթ է։ Գնահատելի է, որ բանկի աշխատաոճի շնորհիվ բանկային ծառայությունները հասանելի են դարձել ինչպես՝ ՀՀ մարզերում, այնպես էլ՝ Արցախում։

«Արարատբանկը» ներգրավված է սոցիալական ուղղվածություն ունեցող մի շարք ծրագրերում։ Ցանկացած ծրագիր, որը նոր է և ռիսկային, «Արարատբանկը» մշտապես իր պատրաստակամությունն է հայտնում մասնակցելու այդ ծրագրին։ «Արարատբանկի» դերը բարձր ենք գնահատում նաև կապիտալի շուկայում, որովհետև ինքն իր օրինակով փորձում է մյուս բանկերին ցույց տալ, որ պետք է օգտվել կապիտալի շուկայի հնարավորություններից»։

2016թ. Global Finance միջազգային հեղինակավոր ամսագիրն «Արարատբանկին» ճանաչել է Հայաստանի «Առևտրի լավագույն ֆինանսավորող» բանկը՝ հաշվի առնելով բանկի կողմից իրականացրած գործարքների ծավալը, աշխարհագրական ընդգրկման շրջանակը, հաճախորդների սպասարկման բարձր մակարդակը, մրցակցային գնագոյացումը և «Արարատբանկում» ներդրված նորագույն տեխնոլոգիաները։

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ-ի կողմից կազմակերպված «Լավագույն անդամ» տարեկան մրցանակաբաշխության ժամանակ բանկը 2015 թվականի գործունեության արդյունքներով չորրորդ անգամ արժանացել է «Բորսայի լավագույն անդամ»՝ պետական պարտատոմսերի շուկայում մրցանակին։

«Արարատբանկ ԲԲԸ»-ն Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի կողմից Միջազգային առևտրի խթանման ծրագրի շրջանակում ճանաչվել է «2015 թվականի ամենաակտիվ թողարկող բանկը Հայաստանում»։

SWIFT համակարգով փոխանցումների բարձր՝ 100%-անոց որակ ապահովելու համար «Արարատբանկն» արդեն չորրորդ անգամ գերմանական Commerzbank AG-ի կողմից արժանացել է «Որակի գերազանցություն» մրցանակին։

Տեսանյութեր

Լրահոս