Բաժիններ՝

«Ամբողջ աշխարհից կհրաժարվեմ, բայց տղայիս համար մինչև վերջ կպայքարեմ»

19-ամյա Սուրեն Հովսեփյանը սովորում է Երևանի Նիկողայոս Տիգրանյանի անվան տեսողական խնդիրներ ունեցող երեխաների թիվ 14 հատուկ դպրոցում: Նա ունի տեսողական խնդիրներ, ստացել է երրորդ խմբի հաշմանդամության կարգ: Այս դպրոցում գործում է նաև երգի խմբակ, որը պատկանում է «Գեղարվեստական դաստիարակության և մշակույթի մանկապատանեկան կենտրոնին»: Սուրենն ապրում է Չարենցավանի Ալափարս գյուղում, և չնայած առողջական և ֆինանսական խնդիրներին, ինչպես նաև ամեն շաբաթ Երևան հասնելու դժվարություններին, նա առանց որևէ դաս բաց թողնելու՝ հաճախում է երգի խմբակ:

Պայմանավորվել էինք հանդիպել Սուրենի հետ, խոսել իր դժվարությունների, երազանքների մասին: Սուրենն ու մայրը՝ Լուսինեն, նշված ժամից շուտ էին եկել: Լուսինեն ասաց, որ Սուրենը շատ անհամբեր է՝ շտապում էր հանդիպմանը, անհանգստանում և հուզվում:

Սուրենն իր հաջողությունների մեծ մասով մորն է պարտական, քանի որ նա է տղային խմբակ բերում, հետո նստում, սպասում՝ մինչև ավարտեն պարապմունքները՝ փորձելով ամեն կերպ խրախուսել որդուն:

Կարդացեք նաև

Երբ խոսում էինք՝ Սուրենն անդադար ժպտում էր, և երբեմն՝ գլուխը կախում, երբ իրեն էին գովում: Ինձ զարմացրեց նրանց կենսուրախությունը, թե որքան կյանք կար մոր և որդու մեջ, թվում էր, թե նրանք չունեն ոչ մի խնդիր:

Երբ հարցրեցի խնդիրների մասին, մայրը ժպտաց՝ ասելով, որ դժվարություններն անցողիկ են, հետոն է կարևոր: Ասաց, որ դժվարություններ շատ են ունեցել ու հիմա էլ ունեն, բայց ամեն ինչ փորձում են հաղթահարել:

«Երեխան երբ ծնվեց, ընդհանրապես չէր տեսնում, դրանից էլ նյարդայնանում էր, հետո մոտն անքնություն էր առաջացել, բայց վիրահատությունից հետո ավելի հանգիստ դարձավ: Հիվանդանոցում բուժքույրերից մեկն ինձ խորհուրդ էր տվել հրաժարվել երեխայից՝ հետագա դժվարություններից խուսափելու համար, բայց ես ասել եմ, որ ամբողջ աշխարհից կհրաժարվեմ, բայց երեխայիս համար մինչև վերջ կպայքարեմ: Գիտեք, է՛լ հիվանդանոց չմնաց, որ չտանենք, ուր ասել են՝ տարել ենք, թանկարժեք դեղորայք ենք գնել, բայց առավելագույնն այսքանն են կարողացել անել: Նեղ օրեր շատ ենք ունեցել՝ ամուսինս փախստական է, մենք սկզբում տնակում ենք ապրել, բայց ես երբեք տղայիս ոչնչից զուրկ չեմ պահել: Հիմա էլ եմ տղայիս ասում, որ ինչ հնարավորություն ունեմ՝ կանեմ»,- պատմում է Լուսինեն:

Սուրենն այս տարի ավարտեց դպրոցը, բայց շարունակելու է խմբակ հաճախել: Նա բազմաթիվ մրցույթների է մասնակցել, հանդես է եկել նաև ԱՄՆ-ում՝ երգելով Մոնտեբելլո քաղաքի քաղաքապետարանի աշխատակիցների համար:

Խմբակը, որտեղ հաճախում է Սուրենը, ձևավորվել է դպրոցի երեխաներից, այստեղ կենտրոնի աշխատակիցները լսումներ են կազմակերպել և ընտրել լավ ձայնային տվյալներ ունեցող երեխաներին: Այդպես բացահայտել են նաև Սուրենին և արդեն երկար ժամանակ աշխատում են նրա կատարողական վարպետության, վոկալի վրա: Այս խմբակ են հաճախում նաև երեխաներ Հայաստանի տարբեր մանկատներից:

Խմբավար Վարդուհի Խաչատրյանը նշում է, որ Սուրենի հետ շատ հեշտ է աշխատել, քանի որ նա ամեն կերպ փորձում է իրեն գոհացնել:

«Սուրենն անվերջ ցանկանում է երգել, լինում են դեպքեր, երբ ավարտում ենք պարապմունքները, բայց նա դեռ ցանկանում է շարունակել: Երաժշտությունն այն ոլորտն է, որտեղ ամեն ինչ պետք է սիրով անես, այլապես ոչինչ չի ստացվի. Սուրենը սիրում է երգն ու հաճույքով խմբակ հաճախում»,- ասում է Վարդուհին:

Սուրենին հարցրեցի, թե ինչպես է պատկերացնում իր ապագան, ասաց, որ ցանկանում է երգիչ դառնալ, որ ուզում է սովորել Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, բայց ֆինանսական խնդիրներից բացի, նրանց գլխավոր խնդիրը ճանապարհն է:

Մայրը չի կարող ամեն օր նրան Երևան բերել: Սուրենն ունի նաև երկու քույր և երկու եղբայր, և իրենց բացակայության ընթացքում մեծ քույրն է նրանց հետևում, ով, պարզվեց, ընդամենը 15 տարեկան է, բայց չեն կարող երեխաներին ամեն օր նրա խնամքին թողնել: Բացի այդ, ընտանիքի եկամտի աղբյուրը հողի մշակումն է: Սուրենը քրոջ մասին շատ ջերմ էր խոսում՝ ասելով, որ երբեմն տանը միասին են երգում: Նա ժողովրդական և ազգագրական երգեր է կատարում, ասում է, որ լավ երգելուց բացի՝ երգիչը պետք է ամեն կերպ գրավի հանդիսատեսին:

Չնայած փորձություններին, որ կյանքն է տվել, նա շարունակում է ապրել, պայքարել ու երազել՝ ապացուցելով, որ կյանքը շարունակվում է, և, որ յուրաքանչյուր մարդ պետք է փնտրի այն արժանապատիվ ապրելու ճանապարհը:

ՇՈւՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս