Հայկական ցեմենտի տխուր պատմությունը. Թուրքիան ու Ադրբեջանը սպանում են ցեմենտի արտադրությունը Հայաստանում

Մինչ մենք խոսում ենք տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի միջոցով աշխարհը շուռ տալու մասին, Հայաստանի տնտեսության ավանդական և կարևոր ոլորտներից մեկն ինքն է «շուռ գալիս», ընդ որում, կայուն ու շեշտակի, բայց աննկատ։ Խոսքը Հայաստանում ցեմենտի արտադրության մասին է։ Սակայն ամեն ինչ՝ հերթով։

Այսպես, 2000-ականների ընթացքում ցեմենտի արտադրությունը Հայաստանում վերելք էր ապրում, ինչը հիմնականում պայմանավորված էր շինարարական բումով։

Հայաստանում գործող ցեմենտի արտադրությամբ զբաղվող 2 ընկերությունները՝ «Միկա ցեմենտն» ու «Արարատցեմենտը» միասին, 2000-ականների կեսերին արտադրում էին տարեկան միջինը 550-600 հազար տոննա ցեմենտ։ Ցեմենտի արտադրության պիկը 2007 թվականն էր, երբ (Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով) Հայաստանում արտադրվեց մոտ 722 հազար տոննա։

Դրանից հետո սկսվեց անկումը: Ինչպես տեսնում եք գծապատկեր 1-ում, 2008 թվականին ցեմենտի արտադրությունը նվազեց մինչև 624.6 հազար տոննա, իսկ 2009 թվականին՝ մինչև 467.3 հազար տոննա։ 2010-2015թթ. ընկած ժամանակահատվածում ցեմենտի արտադրությունը շարունակում էր նվազել, սակայն՝ ոչ կտրուկ, արտադրվում էր միջինը 425-430 հազար տոննա ցեմենտ։

Իսկ հիմա ուշադրություն դարձրեք 2016թ. ցուցանիշին. արտադրվել է 267.9 հազար տոննա։ 2015-ի համեմատ ցեմենտի արտադրությունը նվազել է մոտ 36%-ով։ Ընդ որում, նվազման միտումը պահպանվում է նաև այս տարի։ ԱՎԾ տվյալներով՝ 2017թ. հունվար-ապրիլ ամիսներին Հայաստանում արտադրվել է 62.7 հազար տոննա ցեմենտ, որը 20%-ով քիչ է նախորդ տարվա հունվար-ապրիլի ցուցանիշից։

Իսկ հիմա կրկին աչքի անցկացրեք առաջին գծապատկերը՝ ուշադրություն դարձնելով արտահանման ցուցանիշներին։ 2007-ին Հայաստանից արտահանվել է 486.4 հազար տոննա ցեմենտ (այս և արտահանման / ներմուծման մյուս տվյալները վերցված են ՄԱԿ-ի տվյալների բազաներից)։

Այսինքն՝ Հայաստանում արտահանվող ցեմենտի մեծ մասն արտահանվել է։ 2008-2010թթ. ցեմենտի արտահանման ծավալները կայուն նվազել են՝ հասնելով տարեկան 38 հազար տոննայի, հետո սկսել են աճել, սակայն մինչճգնաժամային ցուցանիշին այդպես էլ չեն հասել։ 2013-ին Հայաստանից արտահանվել է 185.5 հազար տոննա ցեմենտ, որից հետո կրկին սկսել է անկման փուլը, այս անգամ՝ ավելի դաժան։ 2014թ. արտահանումը կազմել է 73 հազար տոննա, 2015-ին՝ ընդամենը 3.7 հազար տոննա, իսկ 2016-ին Հայաստանից ցեմենտ չի արտահանվել։ Սա ցույց է տալիս, որ ցեմենտի արտադրության ծավալների նվազումը պայմանավորված է առաջին հերթին՝ ոչ թե ներքին պահանջարկի նվազմամբ (շինարարության անկման պատճառով), այլ՝ արտահանման նվազման։

Կարճ ասած, հայկական ցեմենտի նկատմամբ նվազել է պահանջարկը արտերկրում, իսկ 2016-ին՝ ընդհանրապես զրոյացել։

Ընդ որում, արտերկիր ասելն այս դեպքում չափազանցված է, քանի որ հայկական ցեմենտն արտահանվել է միայն մեկ երկիր՝ Վրաստան։ Ու Վրաստանի տվյալների հիման վրա կառուցել ենք գծապատկեր 2-ը, որն ավելի տխուր է, սակայն թույլ է տալիս ավելի լավ հասկանալ հայկական ցեմենտի ողբերգությունը։ Ինչպես տեսնում եք, 2007-ին Վրաստանը ներկրել է 454.2 հազար տոննա ցեմենտ, որը գրեթե ամբողջությամբ մատակարարվել է Հայաստանի կողմից։ Հաջորդ տարի Վրաստանի ցեմենտի պահանջարկն ավելացել է մինչև 615.2 հազար տոննա, սակայն Հայաստանը ոչ թե ավելացրել է մատակարարումը, այլ հակառակը՝ նվազեցել։ Դրանից հետո՝ 2009-2011թթ., Վրաստանը սկսել է ավելի քիչ ցեմենտ ներկրել: Պահանջարկը 2012-2013թթ. վերականգնվել  է՝ հանգեցնելով նաև հայկական ցեմենտի աճին։

Սակայն 2014-ից սկսած՝ Հայաստանը սկսել է ինտենսիվ կորցնել դիրքերը վրացական ցեմենտի շուկայում։ Այս գծապատկերն ավելի հետաքրքիր է դառնում, երբ համեմատում եք 2007թ. և 2016թ. ցուցանիշները։ 2007-ին և դրանից 10 տարի անց Վրաստանը ներմուծել է գրեթե նույն քանակի ցեմենտ։ Սակայն, եթե 2007-ին Վրաստանի ցեմենտն ամբողջությամբ մենք էինք մատակարարում, ապա 2016-ին Վրաստանը ցեմենտ է ստացել 14 երկրներից, որոնց թվում մենք ընդհանրապես չկանք։

Իսկ ովքե՞ր են զբաղեցրել մեր տեղը ցեմենտի վրացական շուկայում։ Ցավալի է, բայց փաստ.

2016-ին Վրաստանի ցեմենտի խոշորագույն մատակարարը դարձել է Թուրքիան (272.4 հազար տոննա), երկրորդ տեղում Ադրբեջանն է (184 հազար տոննա), մնացածը մանր մատակարարներ են։ Կարճ ասած, հայկական ցեմենտը վրացական շուկայում չի դիմացել թուրքական և ադրբեջանական ցեմենտի մրցակցությանը, ինչը չափազանց մտահոգիչ է։

Փոխարենը, որքան էլ զավեշտ լինի, վերջին 10 տարիների ընթացքում մենք ինքներս ենք սկսել ավելի շատ ցեմենտ ներմուծել։ Եթե մինչև 2012թ. տարեկան ներմուծում էինք 1.3-1.5 հազար տոննա ցեմենտ, ապա 2013-ին Հայաստան է ներմուծվել 3.1 հազար տոննա, 2014-ին՝ 7.5 հազար տոննա,  2015-ին՝ 12.3 հազար տոննա, 2016-ին՝ 30.1 հազար տոննա ցեմենտ (հետաքրքրվողների համար նշենք, որ ցեմենտը ներմուծվում է հիմնականում Իրանից)։

Այնպես որ, մենք խոսում ենք ներմուծումը տեղական արտադրանքով ու արտահանմամբ փոխարինելու մասին, ցեմենտի ոլորտում տեղի է ունենում ճիշտ հակառակը։ Եվ եթե ամեն ինչ նույն տեմպով շարունակվի՝ հաշվի առնելով նաև շինարարության ոլորտի անկումն ու ցեմենտի նկատմամբ ներքին պահանջարկի նվազումը, չի բացառվում, որ մոտ ապագայում չունենանք ցեմենտի արտադրություն և ինքներս վերածվենք ցեմենտ ներմուծող երկրի։

Տեսանյութեր

Լրահոս