Բաժիններ՝

«Մուլտիպլիկացիան սովորեցնում է սիրել, պատասխանատու և հոգատար լինել»

Խորհրդային հայ տիկնիկային մուլտարվեստի հայտնի ներկայացուցիչ, ռեժիսոր Գայանե Մարտիրոսյանը երկար տարիներ գծանկարային մուլտֆիլմեր է ստեղծում: Նրա և՛ տիկնիկային, և՛ գծանկարային ֆիլմերը սիրում են փոքրիկները, նաև մեծահասակները: Այս տարի Գայանե Մարտիրոսյանը կավարտի «Վիշապագորգը» մուլտֆիլմի հինգերորդ մասը: Այս և այլ հարցերի շուրջ «Արմենպրեսի» թղթակիցը զրուցել է ռեժիսորի հետ:

– Տիկին Մարտիրոսյան, ի՞նչ դեր և նշանակություն ուներ մուլտիպլիկացիան Խորհրդային Միության տարիներին և այսօր:

– ԽՍՀՄ-ում մուլտֆիլմ նկարահանելը պլանավորված էր: Մենք ունեինք հատուկ ծրագիր, որով առաջնորդվում էինք: Հայկական մուլտիպլիկացիայի ձևավորման սկզբնական շրջանում տարվա ընթացքում հինգ ֆիլմ էինք նկարահանում, իսկ հետո` վեց: Ե՛վ նախկինում, և՛ ներկայումս այն ունի դաստիարակչական, կրթական բնույթ, ապահովում է ինչպես՝ փոքրիկների, այնպես էլ` մեծահասակների ժամանցը: Ըստ իս` մուլտերը մինչ օրս պահանջված են:

– Ինչո՞ւ որոշեցիք հենց տիկնիկային մուլտֆիլմեր ստեղծել: Ի՞նչն է Ձեզ գրավել այդ գործընթացում:

Կարդացեք նաև

– 70-ականներին Հայաստանում զարգացում էր ապրում տիկնիկային մուլտիպլիկացիան, որն ինձ չափազանց շատ էր դուր գալիս: Հետաքրքիր մուլտեր էր ստեղծում Արմեն Միրաքյանը: Մասնագիտությամբ դրամատիկ թատրոնի ռեժիսոր եմ, հավանաբար դա էր պատճառը, որ ինձ գրավում էր տիկնիկային մուլտերի ծավալայնությունը, խորությունը: Ինձ համար դժվար էր պատկերացնել տափակ թղթի տարածությունը՝ չնայած արդեն հարմարվել եմ:

Իմ առաջին մուլտն «Անխելք մարդն» էր` ըստ Հովհաննես Թումանյանի համանուն հեքիաթի: Վերջերս այն նորից դիտեցի. բավականին պարզունակ է, բայց ունի իր յուրահատկությունները:

– Ձեր մուլտֆիլմում գայլն անխելք մարդուն չի ուտում: Ինչո՞ւ:

– Հենց այդ վերջաբանի պատճառով ինձ բազմիցս քննադատեցին, բայց ես չկարողացա դեմ գնալ իմ սկզբունքներին: Սիրում եմ երջանիկ ավարտ: Մուլտի վերջում և՛ գայլը գոհ մնաց, և՛ աղջիկը, և՛ անխելք մարդը, քանի որ անխելք մարդն ամուսնացավ աղջկա հետ, իսկ գայլը կշտացավ: Սա ավելի ընկալելի ավարտ էր երեխաների համար: Այդ մուլտից հետո հստակ որոշեցի, որ ստեղծագործելու եմ փոքրիկների համար: 

– 90-ականներին` մութ, ցուրտ տարիներ, դուք նկարահանեցիք «Տարաշխարհիկները», «Պատերազմը մեր փողոցում» մուլտերը: Ի՞նչ պատգամ ունեին դրանք:

Ոչ մի ֆիլմ հենց այնպես չի ծնվում: Երբ արվեստագետը ցանկանում է ինչ-որ բան ստեղծել, երկար մտածում է, թե ի՞նչ կտա դրանով իր լսարանին:

Այդ տարիներին մեծ հետաքրքրություն էին առաջացրել համակարգիչները: Երեխաները շատ ժամանակ էին անցկացնում դրանց առաջ, նրանք այլևս չէին խաղում բակում ու սկսել էին զոմբիանալ: Ես հստակ հասկացա, որ դա ժամանակի ընթացքում կարող է լուրջ խնդիր դառնալ, և ստեղծվեց «Տարաշխարհիկները» ֆիլմը, որը հորդորում է պահպանել բնությունը, շրջակա միջավայրը, և այն մինչ օրս արդիական է: 2012-ին «Հայակ» ազգային կինոյի մրցանակաբաշխությանն այն համարվեց վերջին 20 տարվա լավագույն անիմացիոն ֆիլմ:

Երբ նկարահանեցի «Պատերազմը մեր փողոցում» մուլտը, մարդիկ դեռ ընկճված էին սումգայիթյան ջարդերից: Անհասկանալի էր, թե ինչպե՞ս է 21-րդ դարի սկզբին նման բարբարոսություն տեղի ունենում: Ես չէի կարող ինչ-որ չափով չանդրադառնալ պատերազմի թեմային: Մուլտի միջոցով ուզում էի ցույց տալ, թե ինչ հետևանքներ է այն ունենում երեխաների վարքագծի, աշխարհընկալման վրա: Երկար փնտրտուքից հետո որոշեցի մուլտը նկարահանել Վիլյամ Սարոյանի «Պատերազմը» պատմվածքի հիման վրա:

Շատ եմ կարևորում նաև «Չոկո» մուլտֆիլմի դերը: Ֆիլմն այն մասին է, որ երեխան փոքր շուն է տուն բերում ու հոգ տանում նրա մասին, այնուհետև անտարբերության մատնում: Ցանկացա ցույց տալ, որ շնիկը` Չոկոն, խաղալիք չէ, պետք է պատասխանատվություն կրել այդ արարածի համար:

– Ի՞նչ տիկնիկներով էիք աշխատում Ձեր գործունեության սկզբնական փուլում և հետո:

– Սիրում եմ իմ բոլոր տիկնիկները, որոնք վաթսունից ավելի էին: Նշեմ, որ նկարիչը ստեղծում էր կերպարներ, որոնց հիման վրա պատրաստվում էին տիկնիկները, որոնք ժամանակի ընթացքում ավելի խոսուն ու շարժուն դարձան: Ժամանակին մուլտիպլիկատորներն աշխատում էին փայտե տիկնիկներով, այնուհետև՝ ավելի փափուկ ու հարմար տիկնիկներով: Դրանք պատրաստելու համար պահանջվում էր երեք ամիս: Դրանք ինձ համար պարզապես տիկնիկներ չէին, այլ կենդանի կերպարներ, որոնք իրենց կյանքով էին ապրելու: Նշեմ, որ մուլտ նկարելիս սկզբում գրվում էր ձայնը: Մուլտհերոսների նկարները ցույց էինք տալիս հնչյունավորողներին, և նրանք համապատասխան ձայներով խոսում էին: Այնուհետև աշխատում էինք դեկորացիաների վրա:

– Տիկին Մարտիրոսյան, ներկայումս դասավանդում եք ԵԹԿՊԻ-ում: Ձեր ուսանողները մուլտեր նկարահանո՞ւմ են:

– Մուլտարվեստը գրավում է երիտասարդներին, նրանց հետաքրքրությունն անիմացիոն կինոյի հանդեպ չի մարում: Այդ են վկայում վերջին տարիներին նրանց ստեղծած մուլտերը, Արթուր Միքայելյանը նկարահանեց «Անբան Հուռին», որը սիրվեց:

Այս տարվա ուսանողներից միայն մեկն է ցանկանում խաղարկային ժանրում ստեղծագործել, և ես դեմ չեմ, ընտրությունը նրանն է, սակայն ընդգծեմ, որ մուլտիպլիկացիան հետաքրքիր է, քանի որ նրանով կարող ես մարդկանց ավելի հասանելի լինել, նուրբ խոսել նրանց հետ, ցույց տալ, թե ինչ է սերը, մտերմությունը, իսկ երեխաների համար այն խաղ է, որի միջոցով նա շրջապատող աշխարհն է ճանաչում, ընկալում, թե ով է ինքը, և այլն: Հետևաբար՝ կարևոր է, որ ծնողները հետևեն, թե ինչ են նայում իրենց բալիկները:

– Այս տարի Հայաստանի ազգային կինոկենտրոնի պատվերով նկարահանվելու է գծանկարային «Վիշապագորգ» մուլտֆիլմի հերթական մասը: Ինչի՞ մասին է այն:

-Դա ֆիլմի հինգերորդ մասն է, որը գրեթե ավարտված է, սակայն դեռ որոշ անելիքներ կան: Այս ֆիլմում վիշապիկը կարդալ է սովորում: Նա դեռ փոքրիկ, չարաճճի աղջիկ է, որը բազմաթիվ արկածների մեջ է ընկնում: Մուլտի նախորդ հատվածների վիշապիկն արագ մեծացավ, քանի որ երկրի վրա էր ապրում, իսկ այս վիշապիկն ապրում է գորգի մեջ և ուշ է մեծանում. հազար տարի պետք է անցնի, որ նա հասուն դառնա:

Հարցազրույցը` Անժելա Համբարձումյանի

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս