«Քանի դեռ Հայաստանը և Ադրբեջանը շարունակում են մնալ Ռռուսաստանի ազդեցության գոտում, ԼՂ-ի հակամարտությունը չի կարգավորվի»

Մեր զրուցակիցն է խորհրդային տարիների այլախոհ, ռուս իրավապաշտպան, լրագրող և հասարակական գործիչ Ալեքսանդր Պոդրաբինեկը

Պարոն Պոդրաբինեկ, Միջազգային ճգնաժամային խումբը զեկույց է հրապարակել, որում նշում է, որ Լեռնային Ղարաբաղում 2016-ի ապրիլյան բռնություններից մեկ տարի անց Հայաստանն ու Ադրբեջանն ավելի քան երբևէ մոտ են պատերազմական իրավիճակին 1994-ի հրադադարի կնքումից ի վեր: Դուք համաձա՞յն եք, որ քաղաքական և անվտանգության պայմաններն այս մեկ տարում ավելի սրվել են, և երկու կողմում էլ արդեն իսկ սկսված էսկալացիայի նոր ալիք է ստեղծվում:

– Այո, դա ակնհայտ է և՛ ռազմական գործողությունների քանակից, և՛ դիվանագիտական հռետորաբանությունից, երկու պետությունների ղեկավարների հայտարարություններից։ Իրավիճակը, իհարկե, վատթարանում է։ Դա տեսանելի է անզեն աչքով։ Ես կարծում եմ, որ իրադրությունը վիճելի տարածքներում մեծամասամբ պայմանավորված է այդ հակամարտությունում Ռուսաստանի դիրքորոշմամբ։ Եվ, ինձ թվում է, որ քանի դեռ Հայաստանը և Ադրբեջանը, ընդհանրապես ամբողջ իրադրությունը շարունակում է մնալ Ռուսաստանի ազդեցության գոտում, հակամարտությունը չի կարգավորվի։

Մայիսի 18-ին ԵԱՀԿ ՄԽ համանախագահների տարածած հայտարարությունից հետո Ադրբեջանը ցույց է տալիս, թե ավելի է կոշտացրել իր դիրքորոշումը։ Օրերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե Բաքուն ոչ մի միլիմետր չի զիջի իր դիրքերը բանակցություններում։ Ի՞նչ է պետք սպասել Բաքվից։

– Նման հայտարարությունը բոլորովին նոր չէ, այդպիսիք հնչել են հակամարտության ողջ ընթացքում, երբեմն եղել են ավելի կոշտ, երբեմն՝ ոչ այդքան կոշտ։ Դա կախված է եղել քաղաքական կոնյունկտուրայից, տարածաշրջանում միջազգային հարաբերություններից։ Այսինքն՝ դրանում ոչ մի նոր բան չկա, Բաքվի այդ դիրքորոշումը շատ լավ հայտնի է։

Բայց մենք գիտենք, որ ներկայումս Ադրբեջանում տնտեսական լուրջ խնդիրներ կան։ Ի՞նչ եք կարծում, այս պայմաններում նրանք կգնա՞ն նոր էսկալացիայի։

– Ադրբեջանը բռնատիրական պետություն է, այնտեղ ավտորիտար ռեժիմ է, և ես կարծում եմ, որ Ալիևի կառավարության համար ժողովրդի տնտեսական բարեկեցությունն էական չէ։ Ժողովուրդն աղքա՞տ կլինի, թե՞ հարուստ, դա նրանց համար երկրորդական, անգամ՝ գուցե երրորդական հարց է։ Նրանք ռեսուրսներ կգտնեն նոր պատերազմ սկսելու համար, եթե նույնիսկ ստիպված լինեն ամբողջությամբ զոհել ժողովրդի բարեկեցությունը։ Դա բռնապետություն է, բռնակալական ռեժիմ, որտեղ յուրաքանչյուր որոշում ընդունվում է առանց հումանիտար հետևանքները հաշվի առնելու։

Հայաստանը պնդում է, որպեսզի նվազեցվի անվտանգության սպառնալիքների մակարդակը նախքան բովանդակային երկխոսություն սկսելը: Սակայն Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները մնում են թղթի վրա, իսկ վերջերս հայտարարվեց միջնորդների կողմից նոր պայմանավորվածության ձեռքբերման մասին, որ միջազգային դիտորդների թիվն ավելանալու է 7-ով։

– Ես կարծում եմ, որ դրսնք ձևական քայլեր են, որոնք չեն բերի խնդրի լուծմանը։ Ընդհանրապես, Ղարաբաղյան հակամարտության կարգավորման փորձերի ժամանակ շատ քայլեր ձևական են արվում, որոնք միայն ինչ-որ գործունեության կամ առաջընթացի իմիտացիա են ստեղծում, և ոչ մի արդյունքի չեն հանգեցնի։ Ես կրկնեմ, որ իրադրությունը պետք է դուրս գա Ռուսաստանի ազդեցությունից, և միայն այդ դեպքում հնարավոր կլինի ինչ-որ լուծումների հույս ունենալ։ Քանի դեռ Ռուսաստանն առնչություն ունի հայ-ադրբեջանական հակամարտությանը, խնդիրը լուծում չի ստանա, քանի որ Պուտինի կառավարությունը շահագրգռված է հակամարտության որոշակի աստիճանի պահպանմամբ, շահագրգռված է, որ Ռուսաստանի շուրջը լինեն լարվածության օջախներ, որոնցում Կրեմլը կարող է մասնակցել այս կամ այն կերպ։

Իսկ ինչպե՞ս կարելի է դուրս գալ ռուսական ազդեցության շրջանակից։ Ճգնաժամային խմբի այս զեկույցում ասվում է, որ այս գոտում ամենահզոր օտարերկրյա ազդեցիկ ուժը Ռուսաստանն է, թեև նրա դերակատարումը բարդ է՝ նա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից է, սակայն մյուս կողմից` Ադրբեջանի և Հայաստանի զենքի հիմնական մատակարարն է` կասկած առաջացնելով, որ ավելի շատ հետաքրքրված է տարածաշրջանում իր ազդեցությունը մեծացնելու, քան հակամարտությունը կարգավորելու հարցում։

– Ես կարծում եմ, որ դա բավականին բարդ է և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի դեպքում, եթե նրանք իսկապես հետաքրքրված են այդ խնդիրը կարգավորելու հարցում։ Բայց որևէ այլ ելք ուղղակի չկա։ Ռուսաստանը կշարունակի զենք վաճառել թե՛ Հայաստանին, թե՛ Ադրբեջանին, և ամեն դեպքում այս հակամարտությունը կպահի առնվազն «ծխացող» վիճակում՝ սրելով այն ժամանակ, երբ դա քաղաքականապես ձեռնտու կլինի Կրեմլին։

Երբ ասում եմ՝ «Ռուսաստան», ես, իհարկե, նկատի ունեմ այսօրվա ՌԴ իշխանություններին, և ոչ թե ռուս հասարակությանը, ժողովրդին կամ ընդհանրապես երկիրը։ ՌԴ իշխանությունները հետաքրքրված են, որ իրենց սահմանների մոտ հակամարտություններ լինեն, և իրենք իբրև թե կարգավորողի դերում հանդես գան։ Թե ինչպե՞ս դուրս գալ այդ իրավիճակից, բավականին բարդ է, որովհետև և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը, կարծում եմ՝ Հայաստանն ավելի շատ, կապված է ռուսական տնտեսությանը, ռուսական քաղաքականությանը։

Կարծում եմ՝ ճիշտ ուղին այդ կապերի նվազեցումն ու թուլացումն է և ավելի շատ անկախության ձեռքբերումը՝ գուցե երկրի արտաքին քաղաքականությունում ավելի շատ շեշտադրում անելով դեպի Եվրոպա, դեպի ժողովրդավարական երկրներ, որոնք սկզբունքորեն կարող են աջակցել Հայաստանին։ Բայց դա պետք է լինի Հայաստանի ներքին քաղաքական որոշումը։

Բայց արդյոք դա հնարավո՞ր է, չէ՞ որ Ռուսաստանը կխոչընդոտի դրան, ինչպես եղավ մոտ 4 տարի առաջ սեպտեմբերի 3-ին ԵԱՏՄ-ին անդամակցելու որոշման ընդունման պարագայում։

– Բնականաբար, Ռուսաստանն ամեն ինչ կանի խոչընդոտելու համար, բայց ՀՀ իշխանությունները պետք է գնան այդ երկարատև ու տևական գործողություններին։ Նայեք, թե դա ինչպես է տեղի ունենում Ուկրաինայի դեպքում, որը կողմնորոշվեց դեպի Արևմուտք, դեպի ժողովրդավարություն, դեպի իրավական պետություն, և Ռուսաստանն անմիջապես ռազմականապես միջամտեց նրա տարածքում և անեքսիայի ենթարկեց Ղրիմը։ Դա բարդ հարց է, բայց Ռուսաստանից կախվածության մեջ մնալու դեպքում ոչ մի ներքին խնդիր չի լուծվում։

Այո, բայց թե՛ Ուկրաինան, թե՛ նաև Վրաստանը, որ նույնպես հակադրվեց Ռուսաստանին, տարածքներ կորցրեցին, իսկ Հայաստանն իրեն չի կարող թույլ տալ տարածք կորցնել։

– Հասկանալի է, որ ոչ մեկը չի ցանկանում տարածքներ կորցնել, բայց ընտրության առջև եք կանգնած՝ բավականին լուրջ խնդիրներ ունենալ Ռուսաստանի՞ հետ, թե՞ կորցնել ինքնիշխանությունը, ազատությունն ու ազգային անկախությունը։

Ֆրանսիայից վերադառնալուց հետո Պուտինը չեղարկեց մի շարք սահմանափակումներ Թուրքիայի համար։ Ռուս-թուրքական այս մերձեցումն ինչպե՞ս կազդի Հայաստանի և Ղարաբաղյան հակամարտության վրա։

– Ես չեմ կարծում, որ ուղղակի կապ կա այդտեղ, և այդ գործողությունները որևէ ազդեցություն կունենան Ղարաբաղյան խնդրի վրա։ Կարծում եմ, որ Հայաստանի և Ադրբեջանի դեպքում Ռուսաստանն ուրիշ դրդապատճառներ ունի, և ռուս-թուրքական երկկողմ հարաբերությունները չեն ազդի դրա վրա։

Ըստ Ձեզ՝ կա՞ հավանականություն, որ Ադրբեջանի ագրեսիայի պարբերական դրսևորումների և կրկնությունների դեպքում՝ Բաքվի հանդեպ միջազգային հանրությունը պատժամիջոցներ կկիրառի։

– Դա ճիշտ կլիներ, սակայն, ցավոք, փորձը ցույց է տալիս, որ նման բան տեղի չի ունենում։ Ցավոք, միջազգային հանրությունը սովոր է «մատների արանքով» նայել ագրեսիայի կամ մարդու իրավունքների գրեթե ցանկացած դրսևորումների այնպիսի երկրներում, որոնք ուղիղ ռազմական սպառնալիք չեն իր համար։ Արևմուտքը հակված է մտածելու, թե թող այդ խնդիրները լուծվեն իրենք իրենց, ներքին կարգով, և չի միջամտի դրանց։ Այդպիսին է այսօր միջազգային քաղաքականությունը, որը, անխոս, թույլ քաղաքականություն է։ Այն պետք է այլ լիներ, բայց այնպիսին է, ինչպիսին կա։

 

Տեսանյութեր

Լրահոս