«Լավ կլինի՝ Հայաստանը դառնա տրանզիտային գոտի Չինաստանի համար՝ դեպի Եվրոպա չվերթեր իրականացնելու նպատակով»
«Հայաստանը դարերով կապված է այնպիսի հեղինակավոր երկրի հետ, ինչպիսին է Չինաստանը։ Մեր երկիրը Չինաստանի սրտում ունի իր չափերի պատճառով՝ փոքր, բայց կարևոր տեղ»,- այսօր՝ հուլիսի 2-ին, ԵՊԼՀ Կոնֆուցիոսի ինստիտուտի կազմակերպած «Հայաստանի դերը «Մետաքսի ճանապարհ» հայեցակարգի համատեքստում» կլոր սեղան քննարկման ժամանակ ասաց ԵՊԼՀ ռեկտոր Գայանե Գասպարյանը։
Նա իր խոսքում ասաց, որ շատ դարեր առաջ, երբ «Մետաքսի ճանապարհն» անցնում էր Հայաստանով, չինացիները Հայաստանն անվանում էին «Յամենիա»՝ Արևելքի գեղեցիկ դիցուհի, և, նրա կարծիքով՝ սա շատ կարևոր է, որովհետև այդպես են ընկալում ոչ թե մեր կանանց, այլ մեր երկիրը։
«Այսօր շատ կարևոր է ներկայացնել Հայաստանի դերը նոր կողմով՝ որպես մասնակից, որպես կատարող կողմ այս համագործակցության շրջանակում»,- ասաց ռեկտորը։
ԵՊԼՀ Կոնֆուցիոսի ինստիտուտի տնօրեն Գոռ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ամբողջ աշխարհում գործում է 500-ից ավելի Կոնֆուցիոսի ինստիտուտ։ Դրանք նպաստում են չինարենի և չինական մշակույթի տարածմանը։ Իհարկե, ըստ նրա՝ «Մետաքսի ճանապարհում» ավելի ակտիվ լինելու և ընդգրկվելու համար, հարկավոր է, որ ինքներս ակտիվացնենք մեր հանրային դիվանագիտությունը, այսինքն՝ խոսենք մեր մասին՝ միաժամանակ ընդունելով չինական մշակույթը և լեզուն։
«Կառավարության կողմից այսօր քննարկվում են շատ ծրագրեր՝ կապված տրանսպորտի, կրթական ոլորտի հետ, սակայն մեզ պետք են ավելի ռեալ քայլեր այս ուղղությամբ՝ հայ մշակույթն ավելի բաց ու հանրային դարձնել չինացիների համար, որպեսզի չինացիները գիտակցեն՝ ո՞ւր են գնում, ո՞ր երկրում են լինելու և ինչպիսի՞ հնարավորություններ ունեն բիզնես ոլորտում»,- ասաց նա։
Նրա համոզմամբ՝ «Մետաքսի ճանապարհը» որպես ծրագիր դիտարկելն այդքան էլ իրատեսական չէ, քանի որ այն հայեցակարգ է։ «Այս հայեցակարգում Հայաստանը գտնվում է աշխարհագրական շատ ավելի լավ դերում, քան մնացած պետությունները։ Խնդիրն այն է, որ մենք Չինաստանի հետ ուղղակի կապ չունենք՝ չունենք ինքնաթիռ, երկաթգիծ, ինչը չես ասի մեր հարևան Վրաստանի մասին։ Կարևոր դրույթները, որ մեզ կապելու են Չինաստանի հետ, մարդկային ռեսուրսներն են և տուրիզմի համար գրավիչ երկիր լինելու հանգամանքը»,- նկատեց Գ. Սարգսյանը։
ԵՊԼՀ գիտության և միջազգային կապերի գծով պրոռեկտոր Լուսինե Ֆլջյանն էլ նշեց՝ որպեսզի ունենանք լավ հարաբերություններ, պետք է ունենանք լավ գործող տրանսպորտ։ Դա, ըստ նրա՝ կնպաստի նաև կրթության ոլորտի զարգացմանը, որովհետև կհեշտացնի ուսանողների այցը Հայաստան, և՝ հակառակը։
«Մենք պետք է պնդենք, որ չինական կողմը համաձայնի ֆինանսավորել Հայաստան-Չինաստան երկաթգծի ստեղծումը, որի միջոցով կզարգանա նաև մշակույթը, կրթությունը»։
Շանհայի համալսարանի ռեկտոր Սուն Յույխվան ՝ արտահայտելով չինական կողմի դիրքորոշումը Հայաստանի նկատմամբ, ասաց, որ տրանսպորտային միջոցների բացակայությունը մեծ արգելք է, բայց նա կարծում էր, որ, եթե ցանկություն կա, ամեն ինչ կարող են անել։ Նա իր խոսքում նկատեց, որ Հայաստանը շատ տեսարժան վայրեր ունի, և տուրիզմը հիանալի միջոց է կապերն ամրապնդելու համար։ «Տուրիստական ճյուղը զարգացնելը պետությանը մեծ եկամուտ է բերում, որովհետև այն նպաստում է երկրի պատմության և մշակույթի տարածմանը»,- ասաց ռեկտորը։
Նրա դիրքորոշմամբ ՝ քիչ են հայերեն սովորող չինացի ուսանողները, մինդեռ չինարեն սովորող հայ ուսանողների թիվը մեծ է։ Նա հույս հայտնեց, որ մյուս տարի հայագիտությունը՝ որպես առանձին մասնագիտություն, կդասավանդվի այնտեղ։
Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը քննարկման ընթացքում ասաց, որ լավ կլինի՝ Հայաստանը դառնա տրանզիտային գոտի Չինաստանի համար՝ դեպի Եվրոպա չվերթեր իրականացնելու նպատակով։
Այս մտքի հետ համամիտ էր նաև ԵՊԼՀ ռեկտոր Գ. Գասպարյանը՝ ընդգծելով, որ դա շատ օգտակար կարող է լինել Հայաստանի համար։
Իսկ Լեզվի պետական տեսչության պետ Սերգո Երիցյանի խոսքով՝ երկու՝ հայ և չինացի ազգերն այդքան էլ տեղեկացված չեն մեկը մյուսից, և այդ նպատակով առաջարկեց ստեղծել հայ և չինացի պատմաբանների մի խումբ, որը կկազմի մի ընդհանուր ծրագիր հայոց և չինական պատմություններն ազգերի մեջ տարածելու համար։
Ռոզա Հակոբյան