Նազարբաևն առաջինն է գնել ղազախստանցիների համար պատրաստված ոսկու ձուլակտորները
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւն առաջինն է գնել սահմանված չափի ոսկու ձուլակտորները, որոնք հանրապետության դրամահատարանը պատրաստել է բնակչության համար: Ինչպես գրել է Sputnik-ի ղազախստանյան խմբագրությունը, այս մասին հայտնել է երկրի Ազգային բանկի նախագահ Դանիյար Աքիշեւը։
«Ղազախական հումքից պատրաստված ձուլակտորները ներկայացված են չորս տարատեսակներով՝ 10, 20, 50 եւ 100 գրամ»,-նշել է Ազգային բանկի ղեկավարը: Նրա խոսքով՝ սահմանված չափի ոսկե չորսվակները մատչելի են հանրապետության քաղաքացիների կողմից ձեռքբերման եւ վաճառքի համար:
Աքիշեւը նաեւ հայտնել է, որ այսօր ձուլակտորների մոտավոր արժեքը կազմում է 127 հազար (շուրջ 408 դոլար) թենղե 10 գրամի համար, 254 հազար թենղե (շուրջ 816 դոլար) 20 գրամի համար, 635 հազար թենղե (շուրջ 2 հազար դոլար) 50 գրամի համար եւ 1,27 միլիոն թենղե (շուրջ 4 հազար դոլար) 100 գրամի համար: