Արդյոք ադրբեջանական խնձորը հանվե՞լ է շուկայից. ինչպես տարբերակել այն
Հայաստանի շուկայում մեծ քանակությամբ ադրբեջանական խնձոր հայտնվելուց հետո մեծ աղմուկ բարձրացվեց տարբեր հասարակական կազմակերպությունների և անհատների կողմից, որից հետո համապատասխան գերատեսչությունները սկսեցին զբաղվել այդ հարցով: Արդյունքում՝ եղան ձերբակալություններ, և հայտարարեցին, որ շուկայից իսպառ վերացվել է մաքսանենգ ճանապարհով Հայաստան ներմուծված ադրբեջանական խնձորը:
168.am-ը զրուցել է «Իրազեկ և պաշտպանված սպառող» հ/կ նախագահ Բաբկեն Պիպոյանի հետ՝ պարզելու համար՝ պնդումները, թե այլևս շուկայում չկա ադրբեջանական խնձոր, որքանո՞վ են համապատասխանում իրականությանը, կամ՝ ինչպես կարող է սպառողն ադրբեջանական խնձորը տարբերել տեղականից կամ, ասենք՝ լեհականից ու վրացականից։
– Պարոն Պիպոյան, համապատասխան գերատեսչությունները պնդում են, թե մեր շուկայից հանվել է ադրբեջանական խնձորը, որքանո՞վ կարող ենք համոզված լինել դրանում, քանի որ մթերքի վրայից կարող են հանել մակնշման պիտակը և վաճառել, օրինակ, հոլանդական արտադրության տակ։
– Ես չեմ ցանկանում ավելորդ մտահոգությունների առիթ տալ մեր քաղաքացիներին, որպեսզի խուճապի չենթարկեմ, բայց միանշանակ կարող եմ պնդել, որ արված համապատասխան աշխատանքների մասով տրված համապատասխան տեղեկատվությունն առնվազն անվստահելի է։ Ասածիս վերաբերյալ մի քանի փաստեր ունեմ, որոնք ցանկանում եմ ներկայացնել Ձեզ։
Սկսենք նրանից, որ արդեն իսկ լիազոր մարմնի՝ շուկայից խնձորի հետ հավաքելու գործընթացը, սկսվեց շատ ուշ, երբ արդեն 3 օր հանրային աղմուկ էր, և տնտեսվարողների ստվար զանգված հնարավորություն ուներ պիտակները պոկել։
Անգամ հայտարարությունից հետո, թե՝ արդեն լիազոր մարմինը գնացել է, տեսանք, որ գիտական կազմակերպության ներկայացուցիչները գնացին տարբեր շուկաներ և հայտնաբերեցին խնձորները, ընդ որում՝ համապատասխան հորդորներ ներկայացնելով, կոչերով դիմելով լիազոր մարմնին, որպեսզի տեղում գա և կասեցնի այդ մթերքի իրացումը։
Մեդիա ներկայացուցիչները եկան, նկարեցին, հրապարակեցին, բայց լիազոր մարմինը չգնաց։ Շուկայում առկա էր ավելի քան մի քանի տոննա մթերք։ Մի քանի օր անց ասացին, որ ամբողջն իրար հետ 500 կգ ապրանք են գտել, շուկայից դուրս բերել և ոչնչացրել։ Երբ մենք տեսնում ենք, որ 2 տոննա ապրանքի ժամանակ չեն գնում և հետո 500 կգ են հավաքում, ավտոմատ կասկածներ են առաջանում։
Հիմա անդրադառնանք լիազոր մարմնի տարածած հայտարարությանը։ Լիազոր մարմինը հայտարարեց, որ փաստաթղթերով այդ ապրանքը ճանաչվել է վտանգավոր։ Հիմա հարց է առաջանում՝ եթե արդեն փաստաթղթերով վտանգավոր էր ճանաչվել, քանի որ անհայտ ծագման էր, և այդ հիմքը կար, ինչո՞ւ էին պետական բյուջեից փորձաքննություն անում, հետո էլ համարում անվտանգ։ Նրանք ասացին, որ վտանգավոր են համարել, ոչնչացրել են, որպեսզի արդարացնեն այդ ոչնչացման պրոցեսը։
Հետագայում էլ ասում են, որ լաբորատոր փորձաքննությամբ խախտում չի հայտնաբերվել։ Լավ, բա այդ փորձաքննությունն ինչո՞ւ եք արել։ Դրանից մի քանի օր անց արդեն լրագրողական հետաքննության արդյունքում այլ լաբորատորիա վտանգ էր հայտնաբերել այդ մթերքի մեջ։
Ես Ձեզ ներկայացնում եմ փաստերը, բայց սրանից ավելին, որ կարող եմ անել, ասելն է, որ այս պարագայում անվստահելի է լիազոր մարմնի կողմից արվող հայտարարությունը։ Մյուս կողմից էլ՝ չեմ ուզում խուճապի ենթարկել մեր սպառողներին, հատկապես, որ լիազոր մարմինը նույնականացնելու որևէ աշխատանք չի արել, այն էլ՝ երբ այս ապրանքն արագ փչացող ապրանք չէ, և շուկայում կարելի է մի քանի օր կասեցնել վաճառքը, ոչ թե ոչնչացնել։ Այսինքն՝ «ոչնչացնել» բառն ինքնին վատ է։
Ընդհանուր առմամբ՝ այս հարցն ուներ 2 խնդիր. մեկը՝ ինչպես եղավ, որ այս ապրանքը եկավ շուկա, որը հետագայում բացահայտվեց, և ունեինք երկրորդ խնդիրը՝ ինչո՞ւ է շարունակում այս խնձորն իրացվել, և ոչ ոք սրա հետևից չի գնում։ Եթե առաջին մասով խնդիրը բացահայտվեց, ապա իրացման ցանցում խնդիրը մնաց կիսատ։
– Քաղաքացին ինչպե՞ս կարող է տարբերել՝ իր գնած խնձորը տեղակա՞ն է, թե՞ ադրբեջանական։
– Քաղաքացին չի կարող տարբերել այդ խնձորը։ Ցավոք սրտի, կարող եմ ասել մեկ բան՝ հնարավորինս պետք է խուսափել ներմուծված ապրանքից՝ շեշտը դնելով տեղականի վրա։ Կամ՝ գոնե օգտագործել ներմուծված այն ապրանքը, որը հեշտ է նույնականացնել ծագման երկրի հետ։
– Պարոն Պիպոյան, եղանակները տաքանալուն պես շատանում են պաղպաղակներից թունավորումները։ Հիմնականում նման դեպքեր արձանագրվում են լցնովի պաղպաղակներից: Շուկայում դրությունն ինչպիսի՞ն է։
– Պաղպաղակների մասով մոնիտորինգ չենք արել, որովհետև սա ամենահարմար ժամանակը չէ լցնովի պաղպաղակների համար։ Նույնիսկ տեղեկություն չունեմ՝ լիազոր մարմինը մի բան արե՞լ է, թե՞ ոչ։ Այս ուսումնասիրությունը կանենք հավանաբար հունիս ամսվա վերջում, երբ առևտուրը մոտենա պիկին, և երբ արտադրական գործընթացներում չարաշահումներ տեղի ունենան, որովհետև հոսքերի ծանրաբեռնվածությունն օր օրի շատանում է, և համապատասխան նորմատիվների պահպանման համար կատարվող աշխատանքների մասով չարաշահում լինում է այդ ժամանակահատվածում։
Ամառվա շոգին այդ տեղադրված սառնարաններից շատերը չեն կարողանում ապահովել պաղպաղակի համար պահպանման ճիշտ պայմանները, մինչդեռ այսօր +23-24 աստիճանին կարողանում են պահել։
Մեզ համար խնդիրն այն է, որ սպառողը խանութից է գնում կատարում, ոչ թե արտադրամասից: Իսկ այդ դեպքում պետական վերահսկողության շրջանակներն ազնիվ դեմքով ասում են՝ գիտե՞ք՝ ինչ բարդ վիճակ է, ո՞ւմ մեղադրենք, խանութն անջատում է սառնարանը, փչացնում է ապրանքը, խանութին պետք մեղադրենք, բա ո՞ւմ։ Չէ՞ որ սպառողը ոչ թե արտադրամասից է գնում, այլ խանութից։
Մենք՝ որպես վերահսկողներ, պարտավոր ենք այնպես անել, որ սպառողը խանութից ձեռք բերի արդեն անվտանգ ապրանք։ Երբ մենք մեր բերանով ասում ենք՝ բա ի՞նչ անենք, գիշերն անջատում են սառնարանը, ուղղակիորեն խոստովանոմ ենք, որ այդ խնդիրը կարգավորելու մեխանիզմները չունենք, իսկ եթե մենք խոստովանում ենք, որ մենք էս գործից գլուխ չենք հանում, առնվազն պետք է արդար լինենք և հեռանանք։
– Ձեր գնահատմամբ՝որքանո՞վ են այժմ պաշտպանված սպառողների իրավունքները:
– Հենց հիմա մենք մեր մասով պաշտպանում ենք սպառողներին՝ փորձելով ազդել իրազեկվածության մակարդակի վրա, բայց, ցավոք սրտի, մյուս կողմից` համապատասխան այլ օղակներում, որտեղ արդեն պետք է սպառողի համար ապահովեն իր իրազեկվածության պահանջներին համապատասխան առևտրային պայմանները, միանշանակ չեն ապահովում։ Իրազեկվածության մակարդակի մասով, այո՛, մենք դեռ մեծ ծավալի աշխատանք ունենք կատարելու, բայց կարելի է ասել, որ հասարակությունն աստիճանական սանդղակով մի քանի աստիճան բարձրացել է վերև։ Ի վերջո, սպառողն իր իրազեկվածության մակարդակին համապատասխան ծառայություններ չի ստանում, և հետևաբար՝ որևէ կերպ չի կարող պաշտպանված լինել։
Ռոզա Հակոբյան