«Կառավարությունը փորձում է հավելյալ գլխացավանքից հեռու մնալ»
ՀՀ Կառավարությունը հաստատել է 2017-2020թթ. մասնավորեցման ծրագիրը, ըստ որի՝ հաստատված 47 պետական ընկերություններ նախատեսվում է մասնավորեցնել, որոնցից 23-ը՝ սեփականաշնորհման նախկին ծրագրով:
Դրանց թվում են՝ Հայաստանի փոստի ազգային օպերատոր «Հայփոստը», «Հայֆիլմ» կինոստուդիան, ՀՀ կառավարության ընդունելությունների տունը, «Հրազդանի մարզահամալիր» ՓԲԸ-ն, «Հայավտոկայանը», Երևանի ոսկերչական գործարանի պետական բաժնետոմսերի փաթեթը, Կուրորտաբանության և ֆիզիոթերապիայի գիտահետազոտական ինստիտուտը, Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնը, Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնը, և այլն: Ընկերությունների վաճառքից պետությունն ակնկալում է ստանալ 35-36 մլրդ դրամ:
Տնտեսագետ Մեսրոպ Առաքելյանի խոսքով՝ ի տարբերություն նախորդ տարիների, այս ցանկը ոչ միայն քանակի, այլև կազմակերպությունների խոշոր և կարևոր լինելու տեսանկյունից բավական հետաքրքիր է, քանի որ, ըստ նրա՝ ներառված են ոչ միայն նախկին ԽՍՀՄ-ից ժառանգություն մնացած և այժմ որևէ տնտեսական նպատակի չծառայող ձեռնարկություններ, որոնք այսօր անշարժ գույքի, առավել ևս՝ կիսակառույց անշարժ գույքի տեսք ունեն, այլև կան աշխատող ձեռնարկություններ, որոնց մի մասը երկրի համար ռազմավարական կարևորություն ունի։ Հետևաբար՝ դրանց վաճառքը, ըստ տնտեսագետի՝ մտահոգիչ է։
«Օրինակ՝ կան մի շարք հիվանդանոցներ, էներգետիկ ոլորտի կազմակերպություններ, նաև «Հայփոստը», «Հրազդան» մարզադաշտը, որը սպորտի համար կարևորագույն կառույց է և արդեն քանի տարի բարձիթողի վիճակում է, որևէ ֆունկցիոնալ օգուտ չի տալիս, և արդյունքում՝ գնալու է մաշման։
Այսինքն՝ այստեղ մենք գործ ունենք կազմակերպությունների հետ, որոնք բիզնես տեսանկյունից որևէ հետաքրքրություն կարող են չառաջացնել, և բնական է, որ դրանք պետք է շարունակեն պետական ներդրումների արդյունքում ծավալել իրենց գործունեությունը, քանի որ հանրային բարիք են ստեղծում, և ամենևին պարտադիր չէ այդ ամենին նայել բիզնես տեսանկյունից»,- 168.am-ի հետ զրույցում ասաց նա։
Տնտեսագետը կարծում է, որ ավելի նպատակահարմար կլիներ ոչ թե այս ամենը հանել վաճառքի, քանի որ, ըստ նրա՝ փորձը ցույց է տալիս, որ դա դրական արդյունք չի ունենում, և նման մեծ ձեռնարկությունների ձեռքբերումը ներդրողների համար այդքան էլ հետաքրքիր չէ՝ հաշվի առնելով Հայաստանի ներդրումային և ընդհանուր տնտեսական միջավայրը, այլ, ըստ մեր զրուցակցի՝ պետության կողմից մասնավորի հետ համագործակցությունն ավելի արդյունավետ կլիներ, եթե պետությունն այդ ձեռնարկություններում որոշակի պայմաններով մասնավոր ներդրումներ ներգրավեր և գործընկերային հարաբերություններ ստեղծելով՝ փորձեր ավելի արդյունավետ կառավարել պետական ձեռնարկությունները։
Մ. Առաքելյանը նշում է, որ պետությունն այս քայլով երկու նպատակ է հետապնդում.
«Պետական գույքի մասնավորեցումը ենթադրում է դրամական միջոցների մուտք պետական բյուջե, և, եթե հաշվի առնենք վերջին տարիներին պետական բյուջեի մուտքերի վիճակը, որ անընդհատ թերակատարվում են նախատեսված եկամուտները, ունենք վերջին երկու տարվա համար բյուջեի դիֆիցիտի կտրուկ աճ, հետևաբար՝ կարճաժամկետ հատվածում բյուջետային մուտքերը կառավարության համար օդի պես անհրաժեշտ են։ Մյուս կողմից՝ սրանով կառավարությունը փորձում է հավելյալ գլխացավանքից հեռու մնալ և չի ցանկանում ավելի երկարաժամկետ արդյունք ստանալուն ուղղված քայլեր կատարել։
Սակայն, հենց այն նույն ներդրումային ծրագրերը, որ կառավարությունը փորձում է բերել Հայաստան, մասնավորապես՝ հիմք բերելով Հայաստանում հնարավոր ներդրումային միջավայրը, տեսնում ենք, որ արդեն կես տարի է՝ այդ ամենը խոսակցությունների մակարդակից չի բարձրանում։
Ընդհանրապես, պետության կողմից ներդրումների ներգրավման համար, առաջին հերթին, ցանկալի է, որ պետությունը քայլ անի, և այս ամենը կարող է լինել հենց պետության քայլը, որ մի շարք ձեռնարկություններ բավականին ցածր, նույնիսկ՝ զրոյական գնով նվիրատվություն կատարվի այն ներդրողներին, որոնք կշահագործեն, ավելի կարդիականացնեն այդ կառույցները, և դրանից ստացված տնտեսական էֆեկտը կլինի ավելին, քան ուղղակի վաճառքից ստացվող դրամական միջոցները»։
Հետաքրքրվեցինք, թե ռազմավարական նշանակություն ունեցող կառույցների սեփականաշնորհումը որքանո՞վ է ճիշտ, հնարավո՞ր է, որ մի քանի տարի անց դրանք մատնվեն անգործության, և, օրինակ՝ «Հայփոստի» դեպքում դա որքանո՞վ է ճիշտ։
««Հայփոստը» Հայաստանի տարածքում փոստային ծառայություն մատուցող մոնոպոլ ընկերություն է, որի ռազմավարական գործոնը շատ բարձր է, և դրա մասնավորեցումը որոշակի մտահոգության տեղիք է տալիս։
Օրինակ՝ այս պահին «Հայփոստը» հանձնված է հավատարմագրային կառավարման, և այդ մոդելը բավականին արդյունավետ է նման ձեռնարկությունների համար, երբ բաժնետոմսերը պատկանում են պետությանը, այսինքն՝ ռազմավարական տեսանկյունից հնարավոր ռիսկերը զսպելու համար, սակայն կառավարումը տրվում է ոլորտում փորձ ունեցող կազմակերպությանը, որը համագործակցության լավագույն մոդելներից մեկն է։
Այսինքն՝ այս պարագայում, եթե «Հայփոստի» գործառույթները նախկինում պետության կողմից էին մատուցվում, կար որոշակի արդյունավետության պակաս, հետագայում դրա կառավարումը հանձնելով մասնավորին՝ տեղի ունեցան որոշակի դրական փոփոխություններ. և՛ բաժանմունքների արդիականացում, և՛ սպասարկման որակի որոշակի բարելավում։ Հետևաբար՝ այս համագործակցությունն ավելի արդյունավետ է, քան, եթե այդ կազմակերպությունն ամբողջովին հանձնվի մասնավորին, և պետությունը հանրային սպասարկման այդ կարևորագույն ոլորտում չունենա որոշակի վերահսկողություն»,- պարզաբանեց մեր զրուցակիցը։