Բաժիններ՝

Երկու բան, որն անհրաժեշտ է յուրաքանչյուր շրջանավարտի

Վաղը Վերջին զանգն է։ Այս իրադարձությունը գնալով ավելի աչքի է ընկնում իր ցուցադրականությամբ, ինչը միանգամայն համահունչ է մեր ժամանակների բարքերի հետ, երբ ցուցադրելը դառնում է ավելի կարևոր, քան հասկանալը, իմաստավորելը։ Ինչպես հայտնի կինոռեժիսոր Վուդի Ալենն է ասում՝ մեր կյանքի 80 տոկոսը ցույց տալն է։

Ուսումնական այս տարին առանձնահատուկ է առնվազն երեք առումով։ Հայաստանի դպրոցների տարեգրության մեջ միանգամից երեք էջ է փակվում։

Նախ՝ այս տարի դպրոցն ավարտում են 1900-ական թվականներին ծնված վերջին աշակերտները։ Հաջորդ ուսումնական տարում 20-րդ դարում ծնված ուսուցիչները դասավանդելու են միայն 21-րդ դարում ծնված աշակերտներին։

Երկրորդ՝ այս տարի դպրոցն ավարտում են 11 տարի սովորած վերջին աշակերտները։ Թեև ֆորմալ այս աշակերտներն ավարտում են 12-րդ դասարանը, բայց նրանք մեկ տարի «թռել» են։ Հաջորդ տարվա շրջանավարտները կլինեն առաջինը Հայաստանի պատմության մեջ, ովքեր 12 տարի են դպրոց գնացել։

Կարդացեք նաև

Երրորդ, այս տարվանից Հայաստանն անցնում է 12-ամյա պարտադիր կրթության, և դա նշանակում է, որ այս տարվա 9-րդ դասարանցիները վերջինն են, ում օրենքը թույլատրում է չշարունակել ուսումը։ Հաջորդ տարվանից բոլորը պարտավոր են սովորել 12 տարի։

Մի քանի շաբաթից կանցնեն Վերջին զանգի և քննությունների հետ կապված հուզական վիճակները։ Դրանից հետո լավ կլինի, եթե շրջանավարտները փորձեն հասկանալ ու իմաստավորել, թե ով են իրենք դարձել դպրոցում սովորելուց հետո։ Երբ սովորում ես, ավելի կարևորում ես, թե ինչ ես ստանում կամ ինչ ես զգում դպրոցում։ Միայն ավարտելուց հետո ես մտածում ամենակարևոր հարցի մասին. այս ամենի արդյունքում ո՞վ եմ դարձել ես։ Այսօրվա շրջանավարտների համար սա առանցքային հարց է, քանի որ նրանց զգալի մասն ապագայում կատարելու է աշխատանքներ, որոնք այսօր դեռ չեն ստեղծվել։

Ավելին, ենթադրվում է, որ ապագայում մարդիկ ստիպված են լինելու ավելի հաճախ փոխել իրենց մասնագիտությունը։ Ուրեմն, ինչի՞ վրա ուշադրություն դարձնել նման անորոշ աշխարհում, ի՞նչ է անհրաժեշտ շրջանավարտներին հասարակությանը պիտանի դառնալու համար։

Այս հարցի մասին տարբեր պատասխաններ կան։ Ոմանք խոսում են շրջանավարտներին անհրաժեշտ 20 առանցքային հմտությունների մասին, մյուսները՝ 15 հմտությունների, և այդպես շարունակ։ Բայց երեխայի համար շատ դժվար է մեծաթիվ հմտություններ հիշելը և զարգացնելը։ Ներկայացնենք ընդամենը երկու կարևոր բան, որոնք հաշվի առնելը շատ հարցերում օգտակար կլինի։

Սիրեք սովորելը

Ներկայումս կարևոր է դառնում ոչ թե այն, թե ինչ ծավալի գիտելիքներ ես կուտակել, այլ` արդյոք քո մեջ ձևավորվե՞լ է ինչ-որ բան սովորելու սեր։ Այլ կերպ ասած, դարձե՞լ ես սովորող, թե՞ ոչ։ Ընդ որում, սովորող ասելով՝ հասկանում ենք ոչ թե՝ պարզապես ակադեմիական առարկաներ սովորելը, այլ ցանկացած օգտակար բան սովորելը։ Ուսանողներիցս մեկը պատմում էր մի տղայի մասին, ում դպրոցում չէին համարում սովորող, քանի որ դասերը սովորելու փոխարեն՝ նա տարված էր ավտոմեքենաներով։ Արդյունքում՝ չսովորողի համբավ ունեցող տղան 9-րդ դասարանից հետո դուրս եկավ դպրոցից ուսման ձախողակի պիտակով։ Բայց պարզվում է՝ նա իր մեջ զարգացրել է սեր ավտոմեխանիկի արհեստի նկատմամբ։

Մեր դպրոցի չափանիշով այս տղան սովորող չէ։ Բայց այսօր նա Երևանի ամենահաջողակ ավտոմեխանիկներից մեկն է, ում մոտ վարորդները հերթագրվում են։ Ուրեմն, կարևոր չէ՝ ինչ ես սովորում։ Կարևոր է գտնել մի բան ու սիրով սովորել դա։ Ինչ-որ մի բան սովորելու սեր։ Ահա սա է գաղտնիքը։ Ուրեմն դպրոցի շրջանավարտի գլխավոր հարցը հետևյալը պետք է լինի՝ կա՞ առնվազն մի բան, որը ես սիրով եմ սովորում։ Շատ իմանալն օգտակար չէ, եթե դուք այդ գիտելիքները ձեռք եք բերել պարզապես ուսուցչի հանձնարարությունները կատարելու համար։

Մեզանում ընդունված է, որ լավագույն սովորողները նրանք են, ովքեր պարտաճանաչ կատարում են ուսուցչի հանձնարարությունները։ Բայց այդ երեխաները ոչ թե լավ սովորողներ են, այլ ուսուցչի հանձնարարությունները լավ կատարողներ։ Նրանք կհամարվեն լավ սովորողներ, եթե դպրոցը, քոլեջը, բուհն ավարտելուց հետո շարունակեն ինքնուրույն ու անընդհատ սովորել։ Իրականում մարդու կյանքում շատ բան կախված է այն բանից, թե ինչ է անում ուսումնական հաստատություններն ավարտելուց հետո։

Մենք միշտ ուսուցիչ ասելով՝ հասկանում ենք մի մարդու, ով դաս է տալիս, դաս հարցնում։ Բայց կարևոր է նաև‚ որ ինքդ լինես քո ուսուցիչը։ Կրթության միջոցով պետք է գտնես այն ճանապարհը‚ որը քեզ դարձնում է քո ուսուցիչը։ Միայն ուրիշներին քո ուսուցիչը համարելով՝ չես կարող շատ բանի հասնել։

Մոռացեք հնացածն ու անկարևորը

Այսօրվա երեխաներն ապրում են տեղեկատվական առատության ժամանակաշրջանում։ Նախկինում մարդիկ սովորում էին փորձից, մշակույթից, գրքից։ Երեքն էլ սովորելու դանդաղ եղանակներ են։ Այսօր մեծ տարածում է ստացել տեխնոլոգիաների միջոցով սովորելը։ Դա սովորելուն շատ ավելի արագ տեմպ է թելադրում։

Շատ քիչ հնարավորություններ ու ժամանակ կա հսկայածավալ տեղեկատվությունն օգտակար գիտելիքի և իմաստնության վերածելու համար։ Հետևաբար, պետք է վերանայենք սովորելու մեր մոտեցումը։ Այս հարցում շատ արժեքավոր դիտարկում է արել հասարակագետ Ալվին Թոֆլերը։ Նրա կարծիքով՝ այսօր անհրաժեշտ է ոչ միայն սովորել, վերստին սովորել, այլև մոռանալ այն ամենը, ինչն այլևս պետք չէ։

Վերջին թեզը շատ կարևոր է, քանի որ, եթե նոր բաներ ենք սովորում, իսկ հնացած բաները մի կողմ չենք գցում, նոր սովորածն այնքան էլ օգտակար չէ։ Անկարևորը մոռանալը սովորելու անհրաժեշտ բաղադրիչն է։

Հայտնի գրող Բորխեսի հերոսների մեկը՝ Ֆյունեսը, չուներ մոռանալու կարողություն։ Արդյունքում՝ նա չէր կարողանում մտածել։ Բորխեսից առաջ մոռանալու ուսումնական արժեքի մասին ինձ սովորեցրեց կրտսեր տղաս, ով տարիներ առաջ հերթական հանդեսից հետո ասաց. «Վերջ, կարող եմ ոտանավորս հանգիստ մոռանալ»։ Մենք պետք է հրաժարվենք անկարևոր բաներից, որպեսզի կապակցելով կարևորները՝ իմաստուն դառնանք։

Բարի երթ, 1900-ականներին ծնված վերջին շրջանավարտներ։

Հիշեք, որ դպրոցը ձեզ տալիս է ընդամենը քարտեզ։ Որոշ հարցերում այդ քարտեզը կարող է ձեզ օգնել իրականությունը հասկանալու գործում։ Բայց կյանքը լի է անորոշություններով։ Հետևաբար՝ շատ հարցերում քարտեզը կլինի անպիտան։ Խիզախություն ունեցեք առանց քարտեզի առերեսվել անորոշ իրականության հետ և ստեղծեք նոր իրականությանը համապատասխան քարտեզներ։

Յուրաքանչյուրդ ինքնատիպ եք։ Մնացեք այդպիսին և մի դարձեք ուրիշի պատճենը։ Մարկ Տվենն ասում էր. մարդու կյանքում երկու կարևոր օր կա։ Առաջինը ծննդյան օրն է, երկրորդն այն օրն է, երբ հասկանում ես՝ ինչու ես ծնվել։ Աշխատեք հնարավորինս շուտ գտնել ձեր կյանքի երկրորդ կարևոր օրը։ Ու որպեսզի շուտ գա այդ օրը, ոչ թե տարվեք առարկաներ հավաքելով, այլ հատիկ-հատիկ հավաքեք ու իմաստավորեք ձեր կյանքի կարևոր պահերն ու ապրումները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս