Ինչպիսի՞ն է լինելու Ադրբեջանի հետ ԵՄ համաձայնագիրը
Այսօր սկսվում է Եվրոպական խորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Դեյվիդ Մքալիսթերի (ԵԺԿ, Գերմանիա) գլխավորած պատվիրակության եռօրյա այցը տարածաշրջան՝ Ադրբեջան, Վրաստան և Հայաստան: «Եվրոպական խորհրդարանի 8 անդամները կամփոփեն վերջերս ձեռք բերված նոր ԵՄ-Հայաստան համաձայնագրի ներկա փուլի արդյունքները, ԵՄ-Ադրբեջան նոր համաձայնագրի ուղղությամբ ձեռք բերված առաջընթացը և ԵՄ-Վրաստան հարաբերությունների սերտացմանն առնչվող հարցեր»,- նշված է ԵՄ գրասենյակի հաղորդագրության մեջ:
ՀՀԿ-ական պատգամավոր, «Եվրոպական ինտեգրացիա» հ/կ նախագահ Կարեն Բեքարյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ պատվիրակության այցելությունը մեր երկիր հնարավորություն կտա պառլամենտական փոխահարաբերությունները զարգացման նոր հանգրվան բերելու՝ հաշվի առնելով նաև, որ Հայաստանում նոր են ավարտվել խորհրդարանական ընտրությունները, այսինքն՝ գործընկերային կապերի թարմացման և զարգացման հնարավորություն կընձեռի, անդրադարձ կլինի սպասվող փաստաթղթի ստորագրմանը և այնտեղ խորհրդարանական սեգմենտի հնարավորություններին, գործիքներին, դերին, նաև հնարավորություն կտա մտքերի փոխանակման արտաքին քաղաքական օրակարգի տարբեր խնդիրների շուրջ։
Թե ինչպիսի՞ն է լինելու Ադրբեջանի հետ ԵՄ համաձայնագիրը, Կ.Բեքարյանը նշեց, որ, եթե ասոցիացման համաձայնագիրն ուներ որոշակ հստակ մոդելավորում, այսինքն՝ դա նույն կիրառվող գործիքն էր տարբեր երկրների պարագայում, ապա, երբ խոսքը չի վերաբերում ասոցիացման համաձայնագրին, տարբեր երկրների համաձայնագրերը կարող են էականորեն տարբերվել.
«Քաղաքական երկխոսության խնդիրը և՛ Ադրբեջանի, և՛ Բելառուսի պարագայում երբեք չի համեմատվել Արևելյան գործընկերության քառյակի հետ՝ Հայաստան, Մոլդովա, Վրաստան, Ուկրաինա, և չի կարելի երբևէ ասել, որ դա նույնն է կամ նման է։ Դա կլինի համաձայնագիր արդի փոխհարաբերությունների վիճակն ամրագրող, տեսլականը տվող, օրինակ՝ էներգետիկ համագործակցության հիմնական բլոկի շրջանակներում։ Այսինքն՝ սրանք շատ տարբեր թեմաներ են, տարբեր ուղղվածություն ունեն, տարբեր ընդգրկվածություն, և այլն»։
ՀՀ-ԵՄ համաձայնագրի մասին, ըստ Կ.Բեքարյանի, ավելի հստակ կարելի կլինի խոսել դրա գաղտնազերծումից հետո, քանի որ դրա մասին տեղեկությունները դեռևս միայն տարբեր խողովակներով են տարածվում. «Իհարկե, այն ապահովելու է առկա փոխհարաբերությունների ներկայիս որակը, և դրան գումարած՝ տալու է զարգացման բավականին մեծ հնարավորություն երկարաժամկետ կտրվածքի մեջ։ Եվ ասոցիացման համաձայնագրի հետ դրա տարբերությունը միայն տնտեսական բլոկում է»։
Կ.Բեքարյանը չհամաձայնեց այն տեսակետին, որ ԵՄ-ի հետ համաձայնագիրը ՀՀ իշխանության ձեռքին այլընտրանքային հաղթաթուղթ է լինելու ԵԱՏՄ-ում. «Մարդկանց, երկրների հարաբերություններն աշխարհոմ ոչ թե մեկը մյուսին այլընտրանք են ծառայում, փոխարինելու կամ խաղացնելու, այլ դա բնականոն վիճակ է՝ բոլորի հետ ունենալ հնարավորինս նորմալ և զարգացող հարաբերություններ»։