
Դևիդ Մոյեսը հեռացավ «Սանդերլենդից»

«Մանչեսթեր Յունայթեդից» հետո շոտլանդացի մարզիչը ոչ մի տեղ երկար չի կարողանում մնալ:
«Սանդերլենդն» ընդունել է թիմի գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսի հրաժարականը: Իր որոշման մասին մասնագետը հայտարարել է ղեկավարության հետ մայիսի 22-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ:
«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նախագահ Էլիս Շորթին և տնօրենների խորհրդին՝ «Սանդերլենդը» մարզելու հնարավորություն ընձեռնելու համար և երկրպագուներին՝ թիմին միշտ աջակցելու համար: Ցանկանում եմ ֆուտբոլիստներին և ինձ փոխարինողին հաջողություններ՝ ԱՊԼ վերադառնալու պայքարում»,- ասել է Մոյեսը:
Մոյեսը ղեկավարել է «Էվերթոնը» 2002-2013թթ., որից հետո հասցրել է մարզել «Մանչեսթեր Յունայթեդը», «Ռեալ Սոսիեդադը» և «Սանդերլենդը», բայց ոչ մի տեղ չի մնացել 1 տարուց ավելի:
Մոյեսի գլխավորությամբ «սև կատուները» գրավեցին ԱՊԼ- ի մրցաշարային աղյուսակի վերջին հորիզոնականը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը