«Ընտրողները հիմար չեն և ստիպված նոր խաղի կանոններ են մտցրել». Ալեքսանդր Իսկանդարյան
Քաղաքագետ, «Կովկաս» ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանից այսօր լրագրողները հետաքրքրվեցին, թե արդյոք կա՞ հնարավորություն, որ Հայաստանում առաջանան արտախորհրդարանական ընդդիմադիր ուժեր, որոնք կդառնան հակակշիռ իշխանությանը, ինչին ի պատասխան՝ քաղաքագետն ասաց, որ նման պարագայում մարդիկ անպայման կնկատեն այդ ուժին. «Եթե ստեղծվեն ուժեր, որոնք ոչ թե հիստերիա են առաջացնում, սլոգաններով են խոսում, այլ լուրջ ծրագիր են առաջարկում, մարդիկ անպայման կտեսնեն այդ ուժերին: Բայց հիմա նման ուժեր չկան, ու չեմ տեսնում որևէ ուժի, որ կդառնա այդպիսին»։
Նրա խոսքով՝ աստիճանաբար ձևավորվեցին խաղի նոր կանոններ, մարդիկ հասկացան, որ «ռադիկալիզմը» չի կարող ազդել իշխանության վրա: Եվ ընդդիմության փոփոխությունը, ըստ նրա՝ հենց դրանով էր պայմանավորված.
«Մարդիկ, ընտրողները հիմար չեն, երբ նայում են կողքից, երբ իրենց ասում են՝ սա ապօրինի է, լեգիտիմ չէ, ոչ մի բան լավը չէ, Սահմանադրությունն օրինական չէ, սա օրինական չէ, նա օրինական չէ, ես չեմ ընդունում դրանցից ոչ մի բան, մարդիկ ասում են՝ լավ, «ջանսաղություն»։ Հետո ընդդիմությունն ասում է, թե՝ ոչ մի բանի հետ ընդհանրություն չունեմ, ես փողոցում եմ, մարդիկ էլի ասում են՝ լավ: Բայց հենց այն պահից, երբ այդ ընդդիմությունը մտավ խորհրդարան, ու սկսեցին ասել նույնը՝ ոչ մի բան լեգիտիմ չէ, բայց ես լեգիտիմության արդյունքում մտել եմ խորհրդարան ու հիմա նստած ասել եմ, թե լեգիտիմ չէ, այս դիրքորոշումը լրիվ այլ է, մարդիկ ստիպված նոր խաղի կանոններ են մտցրել»:
Ապա առանց անուններ նշելու՝ ավելացրեց. «Մենք հիշում ենք այդպիսի ընդդիմադիր ուժերի առաջնորդներից մեկին, թե ինչպիսին էր նա մինչև պառլամենտ մտնելը և ինչպիսին դարձավ պառլամենտում։ Դա բնական բան է, աստիճանաբար խաղի կանոններ են մշակվում»։
Իսկանդարյանն ասաց, որ հանրությունն ունի նման ուժեղ ընդդիմության կարիք. «Պահանջարկը կա, բայց համապատասխան ուժ չկա, և դա հանգեցնում է հիասթափության: Մարդիկ հեռանկար չեն տեսնում, որևէ մեկի հետ չեն կապում իրենց հույսը: 25 տարի է՝ մարդիկ տեսնում են նույն դեմքերը, լսում նույն խոստումները, նույն հայտարարությունները, որ կգան իշխանության, ամեն ինչ կփոխվի, բայց։ 10-15 տարում գուցե առաջանա մի ուժ, որը նման պոտենցիալ ունենա»: