Ինչ կխոստանա կառավարությունը մի քանի օր հետո

Հայաստանի կառավարությունը՝ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ, 2 օր առաջ հրաժարական տվեց։ Արտառոց ոչինչ չկա. օրենքի պահանջն է՝ ընտրություններից հետո պետք է հրաժարական տան, հետո նորից վերանշանակվեն։

Վարչապետը հրաժարական տվեց և նույն օրը վերանշանակվեց հանրապետության նախագահի կողմից։ Նախարարները դեռ չեն վերանշանակվել և հանդես են գալիս՝ որպես պաշտոնակատար։ Մի քանի օր հետո պարզ կլինի՝ ովքեր են մնալու իրենց պաշտոններում և ովքեր կլքեն կառավարությունը (այս պահին հստակ է միայն, որ Արփինե Հովհաննիսյանը չի լինի արդարադատության նախարար)։ Կարճ ասած՝ մի քանի օր հետո կունենանք նոր կառավարություն։ Նոր կառավարությունը կկազմի նոր ծրագիր, որը կներկայացվի խորհրդարանի հավանությանը։ Ստացվում է՝ արդեն երրորդ անգամ ենք խոստումներ լսելու կառավարությունից։

Հիշեցնենք, որ անցած տարի կառավարության փոփոխությունից հետո նոր կառավարությունը ներկայացրեց իր ծրագիրը (ԱԺ-ն հաստատեց այն հոկտեմբերի 18-ին)։ Հետո՝ այս տարվա մարտին՝ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքում, ՀՀԿ-ն էր ներկայացնում գրեթե նույն ծրագիրը։ Երրորդը կլսենք կարճ ժամանակ անց։

Կլինե՞ն արդյոք էական փոփոխություններ՝ 7 ամիս առաջ ներկայացված ծրագրի համեմատ։

Նախ հիշեցնենք, որ Կարեն Կարապետյանի կառավարությունն իր ծրագիրը դեռ անցած տարի բաժանել էր 2 մասի՝ նախնական և, կարելի է ասել, հիմնական։ Առաջին փուլը պետք է տևեր 6 ամիս, որի ընթացքում կառավարությունը նախ պետք է կատարեր խնդիրների ախտորոշում և հիմքեր ստեղծեր դրանց լուծման և զարգացման համար։

Խնդիրներն ախտորոշված են, հիմքերի մեծ մասը (եթե հավատանք կառավարությանը)՝ գցված։ Հիմա արդեն եկել է բուն գործողությունների ժամանակը։ Այսինքն՝ կարելի է ենթադրել, որ կառավարությունն այժմ պետք է «բացի» նախորդ ծրագրի երկրորդ մասը՝ ավելի կոնկրետ ներկայացնի՝ ինչ է անելու և ինչ արդյունքներ է ապահովելու։

Նախորդ ծրագրում թվային կանխատեսումներ գրեթե չկային։ Այս անգամ դեռ պարզ չէ՝ կլինե՞ն, թե՞ ոչ։

Սակայն հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը ԱԺ 6-րդ գումարման խորհրդարանի առաջին նիստի իր ելույթում հնչեցրեց որոշ թվային ցուցանիշներ, որոնք, թերևս, կդրվեն կառավարության ծրագրի հիմքում։ Դրանք շատ չեն, բայց թույլ տալիս են գոնե մոտավոր պատկերացում կազմել ապագա փաստաթղթի առանցքային փոփոխությունների մասին։ Նախ՝ տնտեսական աճի մասով։ Սերժ Սարգսյանն իր ելույթում անհրաժեշտ համարեց, որ  տնտեսական աճի միջին տարեկան տեմպերը զգալիորեն բարձր լինեն տնտեսական աճի միջազգային միջին տեմպերից, որպեսզի աստիճանաբար կրճատվի Հայաստանի և զարգացած երկրների մեկ շնչին ընկնող ՀՆԱ ցուցանիշերի տարբերությունը:

«Մասնավորապես, 1990-2015թթ. ընթացքում Հայաստանի ՀՆԱ-ն 2 միլիարդ 257 միլիոն ԱՄՆ դոլարից հասել է 10 միլիարդ 529 միլիոն ԱՄՆ դոլարի՝ աճելով մոտ 4.7 անգամ: 2016-2040 թվականների ընթացքում ևս մենք պետք է ապահովենք միջինը տարեկան մոտ 5 տոկոս ՀՆԱ աճ և հասնենք ավելի քան 57-60 միլիարդ դոլար ՀՆԱ ցուցանիշի՝ ապահովելով մոտ հինգ և կես անգամ աճ»,- ասաց երկրի նախագահը:

Անկեղծ ասած, տնտեսական աճի այս թիվը դեռ ելույթը լսելիս բավականին ցածր թվաց։ Ըստ Համաշխարհային բանկի տվյալների՝ զարգացած երկրները (բարձր եկամուտ ունեցող երկրները) վերջին տարիներին գրանցել են տարեկան միջինը 2% տնտեսական աճ։ 5% տնտեսական աճով մենք նրանց մակարդակին կհասնենք մի քանի սերունդ հետո։ Եթե կուզեք՝ ավելի կոնկրետ հաշվենք։ 2016-ը արդեն կորսված տարի է՝ ունեցել ենք զրոյականին մոտ աճ։ 2017-ին նախատեսված է 3,2% աճ. կառավարությունը բազմիցս նշել է, որ 2017 թվականը կայունացման տարի է, և նորմալ աճը կսկսվի 2018 թվականից։

Սակայն, եթե անգամ հաջողվի այս տարի 5% տնտեսական աճ ապահովել և շարունակել տարեկան 5% աճի տեմպը հաջորդ 5 տարիներին և դրանից հետո, ապա 2040 թվականին Հայաստանի ՀՆԱ-ն կկազմի ոչ թե 60 մլրդ դոլար, այլ դրանից գրեթե երկու անգամ պակաս՝ 33-34 մլրդ դոլար։ Կարող եք ինքներդ համոզվել՝ հաշվարկը բարդ չէ։

2040թ. 57-60 մլրդ դոլարի ՀՆԱ ունենալու համար Հայաստանի տնտեսությունը տարեկան պետք է ապահովի միջինը 7.5% տոկոս տնտեսական աճ։ Ի դեպ, ժամանակին (օրինակ` 2012թ.) կառավարությունը խոստանում էր տարեկան միջինը 5-7% ՀՆԱ աճ ապահովել։ Ինչպես տեսնում ենք, ՀՀԿ-ն գնալով ավելի համեստ է դառնում իր խոստումների մեջ։ Անցնենք առաջ։ Շարունակելով իր խոսքը՝ Սերժ Սարգսյանը նշեց. «Մեկ շնչին ընկնող ՀՆԱ ցուցանիշը 2015թ. մոտ 3500 ԱՄՆ դոլարից նախատեսվում է 2040թ. հասցնել մոտ 15000 ԱՄՆ դոլարի ՝ հաշվի առնելով ինչպես՝ ՀՆԱ աճի տեմպերը, այնպես էլ՝ ժողովրդագրական իրավիճակի ծրագրավորված բարելավումները»:

Մեկ շնչին ընկնող 15 հազար դոլար ՀՆԱ՝ 2040թ.։ Համեմատության համար նշենք, որ, օրինակ, Էստոնիայում 2015 թվականին 1 շնչին ընկնող ՀՆԱ-ն կազմել է 17 000 դոլար, Լատվիայում՝ 13 000 դոլար։ Էլ չենք խոսում զարգացած և հարուստ երկրների մասին՝ Ճապոնիայում՝ 34.5 հազար դոլար, Իսրայելում՝ 35.7 հազար դոլար, Դանիայում՝ 53 000 դոլար, և այլն։ Իհարկե, գնողունակության պարիտետով Հայաստանի մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն շատ ավելի մեծ է՝ մոտ 8.8 հազար դոլար։

Ըստ դրա (շատ կոպիտ հաշվարկով)՝ 2040թ. գնողունակության պարիտետով հաշվարկված մեր ՀՆԱ-ն կլինի մոտ 38 հազար դոլար։ Սակայն, օրինակ, նույն Էստոնիայի ՀՆԱ-ն գնողունակության պարիտետով արդեն իսկ 29 հազար դոլար է, Իսրայելինը՝ 36 հազար դոլար, մյուս եվրոպական երկրներինը՝ ավելի շատ։

Դժվար է կոնկրետ հաշվել, թե 2040 թվականին այս երկրներում 1 շնչին ընկնող ՀՆԱ-ն ինչ մակարդակ կունենա, սակայն հաստատ ներկայիս մակարդակից շատ ավելի բարձր կլինի։ Սա նշանակում է մեկ բան՝ ՀՀԿ-ն բաց տեքստով ասում է, որ անգամ 2040 թվականին մենք բավականին հեռու կլինենք զարգացած երկրների մակարդակից։ Իհարկե, ոմանք կասեն՝ իրատեսական գնահատական է։ Սակայն…

Մեջբերենք Սերժ Սարգսյանի ելույթից ևս մեկ հատված. «Հայաստանի անկախացումից անցել է ավելի քան 25 տարի: Այն բավարար ժամանակ է խոր վերլուծություններ կատարելու և հետևություններ անելու համար: Ժամանակն է, որ մեր ծրագրման, թիրախների ամրագրման հորիզոնը դառնա առնվազն 20-25 տարի, արտահայտի այն ցանկություններն ու նպատակները, որոնց մենք ձգտում ենք և հասնելու ենք մեր աշխատանքի շնորհիվ՝ անկախ կուսակցական պատկանելությունից»:

Ստացվում է՝ անգամ 20-25 տարվա հեռանկարում մեր (կամ ավելի ճիշտ՝ ՀՀԿ-ի առաջ քաշած) ցանկություններն ու նպատակները բավականին համեստ են։

Թվային մյուս կարևոր ցուցանիշը, որը նշել է Սերժ Սարգսյանը, վերաբերում է արտահանմանը. «Արտահանման խթանման և մրցունակության բարձրացման հետևանքով առաջիկա 5 տարիների ընթացքում ապրանքների և ծառայությունների արտահանումը պետք է կազմի մինչև ՀՆԱ 40-45 տոկոսը, այնուհետև նույն միտումը պահպանելով՝ այն 2040թ. պետք է հասնի մինչև ՀՆԱ 50-55 տոկոսը»: Սա, հիշեցնենք, նոր խոստում չէ։ Արտահանման 40-45% կշռի թիրախը տեղ էր գտել թե՛ կառավարության նախորդ ծրագրում, թե՛ ՀՀԿ նախընտրական ծրագրում։ Ամենայն հավանականությամբ՝ այն տեղ կգտնի նաև առաջիկա ծրագրում։

40-45% արտահանումը տպավորիչ ցուցանիշ է, 50-55%-ը՝ է՛լ ավելի տպավորիչ։ Որպեսզի հասկանանք՝ որքա՞ն տպավորիչ, կրկին կարդանք մի քանի տող առաջ գրվածը՝ 2040թ. սպասվող ՀՆԱ-ի ծավալի մասին՝ 57-60 մլրդ դոլար։

Ստացվում է՝ 60 մլրդ ՀՆԱ ունենալու դեպքում մեր արտահանման տարեկան ծավալը պիտի կազմի 30-33 մլրդ դոլար։ Հիշեցնենք, որ 2016թ. Հայաստանից արտահանումը կազմել է 1.8 մլրդ դոլար։ Այսինքն՝ արտահանման ծավալը 23 տարում պետք է 17-18 անգամ աճի։ 23 տարին քիչ ժամանակահատված չէ, սակայն հարց է՝ ի՞նչ ենք արտահանելու։ Հուսանք՝ կառավարության ծրագիրն այս հարցի գոնե մոտավոր պատասխանը կտա։  Հանրապետության նախագահը խոսել է նաև Համաշխարհային բանկի «Doing Business» զեկույցում Հայաստանի դիրքի բարելավման մասին։

«Մեր նպատակն է՝ առաջիկա 4-5 տարիների ընթացքում գործարարությամբ զբաղվելու «Դուինգ բիզնեսի» վարկանիշով առաջադիմել մինչև առաջին 20-յակը և հետագա տարիներին կայուն տեղ զբաղեցնել առաջին 15 հորիզոնականներում: Սա մեզ շատ է հարկավոր»,- ասել է նա։

Սա ինչ-որ առումով նույնպես կարելի է թվային կոնկրետ խոստում համարել։ Հիշեցնենք, որ «Doing Business 2017. Հավասար հնարավորություն բոլորի համար» զեկույցում Հայաստանը 38-րդ տեղում է աշխարհի 190 երկրների շարքում: Այսինքն՝ խնդիր է դրվում առնվազն 18 հորիզոնականում առաջադիմել առաջիկա 5 տարիների ընթացքում։

Կարևոր «մեսիջներից» մեկն ԱԱՀ-ի գանձումը սահմանին վերացնելն էր։ «Համոզված եմ, որ ժամանակն է, որպեսզի առաջիկա տարիներին ներմուծվող ապրանքների ավելացված արժեքով հարկումն աստիճանաբար սահմանից դեպի տնտեսություն տեղափոխվի՝ առաջին հերթին՝ շեշտը դնելով հումքի և սարքավորումների վրա: Այս քայլն էապես կխթանի տնտեսական ակտիվությունը, ինչպես նաև հնարավորություն կտա հայկական արտադրողներին դրամական միջոցներ տնտեսել և դրանք ուղղել արտադրության ընդլայնմանը և արտադրական տեխնոլոգիաների արդիականացմանը»,- ասաց Սերժ Սարգսյանը:

Այս դեպքում կոնկրետ ժամկետ չնշվեց, սակայն «առաջիկա տարիները» կարող են վերաբերել հենց 2017-2022թթ.։ Այնպես որ, այս դրույթն էլ կարող է տեղ գտնել կառավարության ծրագրում։

Սերժ Սարգսյանն իր ելույթում խոսեց նաև ներդրումների, գործարար միջավայրի և այլնի մասին, սակայն թվային ցուցանիշներ դրանցում նշված չէին։

Վերջում պարզապես հիշեցնենք, որ կառավարության ծրագրի դերը ո՛չ պետք է թերագնահատել, ո՛չ էլ գերագնահատել։ Ամեն դեպքում, 2017թ. ապրիլին հասարակությունը ոչ թե քննարկում էր, թե ինչպես է 2012թ. ընտրություններից հետո ՀՀԿ-ի ձևավորած կառավարությունը կատարել իր խոստումները, այլ «Ռեինկարնացիա» խմբի հոլովակն ու շատ ուրիշ «կարևոր» մանրուքներ։

Կարճ ասած՝ կլինի այն, ինչ կլինի։ Իսկ կառավարության ծրագրի մասին 2022թ. դժվար թե հիշեն, 2040թ.՝ առավել ևս։

Տեսանյութեր

Լրահոս