«ԱԺ մեծամասնության խմբակցության ղեկավարը չի հասկացել Դոնթի բանաձևի իմաստը». Արամ Սարգսյան

«Ազգային ժողովի պատասխանատվությունը և լիազորությունները մեծացնում են, իսկ ԱԺ-ի ինչ-որ հանձնաժողովից 80 մլն կրճատում են այն դեպքում, երբ կառավարությունն ու նախագահականը միլիարդներ են ծախսում: Այդ դեպքում ինչո՞ւ դարձանք խորհրդարանական հանրապետություն: Այն, ինչ կրճատվում է, պետք է այնտեղից կրճատել, ոչ թե խորհրդարանից: Որևէ տրամաբանություն չկա»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր, նախկին վարչապետ Արամ Սարգսյանը` պնդելով իրենց խմբակցության տեսակետը, որ թե՛ Մարդու իրավունքների մշտական հանձնաժողովը և թե՛ Եվրաինտեգրման հարցերով հանձնաժողովը պետք է պահպանել ԱԺ-ում:

Ըստ նրա` ՀՀ-ում և ԱԺ-ում գործող ցանկացած հանձնաժողով իր ենթատեքստում ունի մարդու իրավունքների խնդիր, և չէր կարելի այն կցել այլ հանձնաժողովի, իսկ Պետաիրավական հարցերով հանձնաժողովի հետ միավորելն անհեթեթություն է, քանի որ այդ հանձնաժողովը չի հասցնում իր պարտականությունների 30%-ը կատարել, ինչպե՞ս է հասցնելու մարդու իրավունքներով զբաղվել:

Ա.Սարգսյանի խոսքով` պարզ է, որ ՀՀԿ-ն 10 հանձնաժողով չի ստեղծում, որպեսզի «Ելքը» չունենա հանձնաժողովի տեղ, և 8-ը չի ստեղծում, որպեսզի իրենք չզրկվեն մեկ հանձնաժողովից. «Իրենց համար հարմար տարբերակ են ընտրել: Վազգեն Մանուկյանը կասեր` գեղական շուստրիությամբ»:

Ա.Սարգսյանը նշեց, որ եվրոպական համապատասխան կառույցներն ի սկզբանե զգուշացրել են ՀՀ իշխանություններին, որ Եվրաինտեգրման հարցերով հանձնաժողովի կրճատումն իրենք լավ չեն դիտարկի, և զեկուցողը չթաքցրեց, որ այդ նպատակով են պահել, այլապես կկրճատեին, որովհետև հանձնաժողովը շատ քիչ աշխատանք է արել.

Կարդացեք նաև

«Իսկ շատ քիչ աշխատանք է արել, որովհետև նախորդ խորհրդարանում այդ ոլորտներին քիչ տեղ են տվել։ Այսինքն՝ իրենք այնպիսի մթնոլորտ են ստեղծել, որ այդ ոլորտները չկարողանան աշխատել։ Թե՛ մարդու իրավունքների հետ կապված, թե՛ օրենսդրական փոփոխությունների հետ կապված դրամաշնորհներն ու ֆինանսական միջոցները տրամադրվում են Եվրոպայի կողմից, և ակնհայտ է, որ այդ կրճատումով նաև այդ գումարն է պակասելու։ Իսկ այդ միջոցներից հիմնականում օգտվում են իրենք։ Նաև այս առումով ստիպված էին պահելու՝ հետագայում խնդիրներ չունենալու նկատառումներով։ Բայց դա բացարձակ չէր նշանակում, որ Մարդու իրավունքների հանձնաժողովը պետք է կրճատեին։

Դա միանշանակ սխալ քայլ է և վատ է ընկալվելու։ Իրենց ասած՝ նոր խորհրդարանում պահվում է ավանդույթը, Դոնթի բանաձև է կիրառվում, որ բոլորին բաժին հասնի, բայց քաղաքական մեծամասնության խմբակցության ղեկավարը վեր է կենում ու ասում է՝ ընդդիմությունը չպետք է ուզենա։ Այսինքն՝ ինքը չի հասկացել Դոնթի բանաձևի իմաստը։ Զարմանալի է, որ խմբակցության ղեկավարը քաղաքական իմաստին ու բովանդակությանն անտեղյակ է»։

Հարցին, թե՝ ԵՄ-ի հետ համաձայնագրի իրական նպատակը Եվրոպայի հետ համագործակցության խորացո՞ւմն է, թե՞ ԵԱՏՄ-ին է ազդակ, որ ձեզ այլընտրանք կա, Ա.Սարգսյանը պատասխանեց, որ ապագա ստորագրվելիք փաստաթուղթը միանշանակ շատ ավելի թույլ է, քան Ասոցացման համաձայնագիրը.

«Որևէ եզրույթ չկա, ավելի շատ վերաբերում է մարդու իրավունքներին, օրենսդրական խնդիրներին։ Սպասել, որ դրանից ներդրումներ կավելանան, կամ հնարավորություն կտա մեզ եվրոպական շուկաներ մտնելու, դա ուղղակի ոչ ճիշտ, սխալ, ժողովրդին խաբելու, կեղծ մոտեցում է»։

Տեսանյութեր

Լրահոս