«Թիմը պահանջեց այդպես, ես գնացի, դիմեցի պարոն Ծառուկյանին». Վահան Կարապետյան

«Ծառուկյան» դաշինքի տարածքային ցուցակով Ազգային ժողովի պատգամավոր ընտրված Վահան Կարապետյանը պարզաբանել է, թե ինչու էր խորհրդարանական ընտրություններից հետո մանդատից հրաժարվելու դիմում ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով, ապա ետ վերցրել այն:

Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Կարապետյանն ասաց, թե ինքը հիասթափված է եղել ընտրությունների արդյուն քներից և որոշել է ինքնաբացարկի դիմում ներկայացնել՝ վստահեցնելով, որ մանդատից հրաժարվելու դիմումը ներկայացրել է իր որոշմամբ, որևէ մեկը իրեն չի ստիպել գնալ այդ քայլին:

«Ինձ չէին գոհացնում ընտրությունների արդյունքները, ավելի շատ ձայներ էի ակնկալում ստանալ: Հիասթափված էի և մանդատից հրաժարվելու դիմում գրեցի, բայց հետո փոշմանեցի ու ետ վերցրեցի այն»,- ասաց նա:

Վահան Կարապետյանը նշեց, որ իրեն մանդատից հրաժարվելու դիմումը հետ վերցնելու հարցում համոզել է իր թիմը:

«Թիմը պահանջեց այդպես: Ես գնացի, դիմեցի պարոն Ծառուկյանին, ասացի՝ ես ինքս չէի ուզում, բայց թիմը պահանջում է, ի՞նչ անենք: Որոշեցինք, որ դիմում ես հետ վերցնեմ: Ես եմ գրել ինքնաբացարկի դիմումը, ամիս 2-ին էլ գնացել եմ, հետ վերցրել:

Ապա հրապարակավ հայտարարեցի, որ պարոն Ծառուկյանն ինքը կորոշի թիմի հետ միասին, թե որտեղ կլինեմ ես: Գիտեք, որ ես այս տարիների ընթացքում իմ թիմից, պարոն Ծառուկյանից ոչ մի քայլ հետ չեմ գնացել: Ես թիմից բացի ուրիշ տեղ չունեմ»:

Նրա խոսքով՝ այս պահի դրությամբ չի պատրաստվում վայր դնել մանդատը, սակայն նշեց, որ կվարվի այնպես, ինչպես կորոշի կուսակցությունը: Նա ասաց, որ կուսակցությունից և Գագիկ Ծառուկյանից երբեք ոչ մի քայլ չի հեռացել ու շարունակում է հավատարիմ մնալ իր սկզբունքներին:

Տեսանյութեր

Լրահոս