Բաժիններ՝

Երեխայի չարաճճիությունները սաստելու համար պետք չէ նրան վախեցնել

«Կանա» քրիստոնեական, կրթական կենտրոնի խմբագրությունը վախերի մասին զրուցել է «Ժեստ» հոգեբանական կենտրոնի ղեկավար, հոգեբան Արկադի Մեհրաբյանի հետ:

-Ինչ է վախը՝ հիվանդությո՞ւն, թե՞ հոգեվիճակ:

-Գոյություն ունեն վախի դրսևորման մի քանի արտահայտչամիջոցներ. վախը կարող է լինել պահպանողական, բնազդային, նևրոտիկ, կամ մարդը կարող է պարզապես բարդույթավորված լինել, ինչը ևս կարող է հանգեցնել վախի: Բարդույթը բխում է դաստիարակությունից: Երբ երեխայի մեջ մանկուց վախ են սերմանում այս կամ այն բանից, երեխան կոմպլեքսավորվում է, և հետագայում նրա մեջ սերմանված վախը սկսում է իր ազդեցությունը գործել:

-Վախենալու դեպքում ճիշտ է դիմել հոգեբանի՞, թե՞ հոգևորականի:

-Եթե գիտական տեսանկյունից դիտենք՝ բնականաբար հոգեբանի: Շատ դեպքերում անհրաժեշտ է լինում դիմել նյարդաբանի, եթե խնդիրը զուտ հոգեբանական է: Սակայն շատ կարևոր նախապայման է նաև հավատքը: Ես ինքս բոլորին, անկախ խնդրից, խորհուրդ եմ տալիս աղոթել, հավատով լցվել. դա շատ կարևոր է: Կապ չունի, թե հիվանդն ինչ բժշկի է դիմում, եթե նա հավատ չունի, իր մոտ որևէ դրական փոփոխություն չի լինի: Անհավատ մարդը ոչնչի չի հասնում:

-Ի՞նչ նախանշաններ ունի վախը:

-Եթե վախը վերաբերում է մարմնային ախտանիշներին, ապա դրսևորվում է հետևյալ կերպ. հիվանդը բողոքում է սրտխփոցից, արագ շնչառությունից, քրտնարտադրությունից, ճնշման տատանումներից, գլխացավից, գլխապտույտից, կոկորդում զգում է խեղդոց, ունի բերանի չորություն: Հիմնական նշանները սրանք են: Եթե նկատելի են թվարկվածներից միայն մի քանիսը, դա վախի նշան է: Պարզապես խնդիրն այն է, որ հույզերի դեպքում էլ է օրգանիզմը նույն կերպ արձագանքում: Երբ մարդը զայրանում է, նույն՝ վախի նշաներն են առաջանում, երբ ամոթխած է լինում կամ մեղքի զգացում է ունենում՝ կրկին նույն նշաներն են: Բոլոր դեպքերում հուզմունքը կարող է հանգեցնել դեպրեսիայի, այդ իսկ պատճառով պետք է դիմել մասնագետի:

-Ինչի՞ց են ծնվում մանկական վախերը

-Ծնողներից: Վախի մի տեսակ կա, որը կոչվում է տագնապային-կասկածամիտ: Ծնողները երեխային վախեցնում են՝ ասելով, թե քարի, դանակի մեջ արյուն կա, «Մեշոկ պապին» կգա: Այդ տարբերակներով նրանք իրենց կարծիքով հանդարտեցնում, սաստում են երեխային: Մանկական վախը զուտ դաստիարակության արդյունք է: Նևրոտիկ վախերը պաշտպվողանական բնազդներ են: Դրան կոչում են վախեր, սակայն իրականում բնազդային արձագանքներ են: Վախը չի ծնվում երեխայի հետ:

-Երբեմն երեխաների չարաճճիությունները կանխելու համար ծնողները նրանց վախեցնում են: Ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ դա: Եթե չվախեցնել, ապա ինչպե՞ս սաստել երեխաներին:

-Սկսենք նրանից, թե ինչո՞ւ սաստել: «Չարություն» ասվածը հարաբերական է: Եթե երեխան չունի լուրջ խնդիրներ, որոնք կարող են հանգեցնել անհանգստության և անհանդուրժողականության, ապա սաստել պետք չէ: Լինում են դեպքեր, երբ մայրիկի հղիության ընթացքում առաջանում են օրգանական կամ ծննդաբերական խնդիրներ. հետևանքը կարող է հանգեցնել նյարդային համակարգի կամ ֆունկցիոնալ այլ խնդիրների: Եթե լինում է ֆունկցիոնալ խնդիրների հետևանքով առաջացած ագրեսիա, չարություն, կամ երեխան չի լսում, սա ունի իր պատճառները: Պետք է գտնել այն և վերացնել, ոչ թե երեխային վախեցնել և պարբերաբար ասել՝ չի կարելի:

-Գրեթե բոլոր կանայք, ովքեր պատրաստվում են մայրանալ, ունենում են վախի առանձնահատուկ զգացողություն՝ ծննդաբերելու, երեխան կորցնելու, կերակրելու… Ինչպե՞ս հաղթահարել:

-Դա տարածված վախերից մեկնէ, որը մասնագիտական աշխատանք է պահանջում: Հիմնական պատճառը սոցիալական է, այդ խմբի վախերի մեջ մտնում են սեռական հարաբերությունները, ծննդաբերելը, երեխային կորցնելը: Այդ ամենը շրջապատի արդյունքն է: Եթե մեկն ասում է, թե ծննդաբերությունը շատ ցավոտ է, տանջանք է, ավելի լավ է մեռնել, քան երեխա ծնել, ապա դա հանգեցնում է վախի:

-Ցանկությունը կարո՞ղ է վախ դառնալ:

-Եթե մարդը նպատակասլաց չէ, սակայն դաստիարակությունը և մտածելակերպը ճկուն են, ինչ-որ արդյունքի չհասնելը նրան պետք է առավել մոտիվացնի: Եթե, օրինակ, մանուկ ժամանակ երեխայի մոտ ինչ-որ բան չի ստացվում, ծնողը չպետք է սաստի՝ ասելով. «Բավական է»: Ընդհակառակը, նա ինքը պետք է առաջնորդի երեխային և ասի, որ պետք չէ հիասթափվել, պետք է այնքան փորձել, մինչև որ ստացվի: «Դու ուժեղ ես: Դու կարող ես» խոսքերից հետո երեխան ավելի ինքնավստահ կլինի, և երբեք ցանկությունը վախի չի վերածվի:

-Հնարավո՞ր է , որ վախը գրավի քրիստոնյայի միտքն ու հոգին:

-Ոչ, հակառակը. լինում է, որ մարդը ճիշտ չէ ընկալում Աստվածաշունչը, երբ Աստծո խոսքը ծնում է մեղավորության զգացում, որից էլ առաջանում են վախեր: Շատ ցավալի երևույթ են, ցավոք սրտի, աղանդները: Դրանք ազդում են մարդու ենթագիտակցության վրա և վախեցնելով՝ քաշում են իրենց կողմը:

-Հաճախ մայրիկները երեխաների վրա բարկանալիս ասում են. «Աստված պապիկը կպատժի»: Ի՞նչ ազդեցություն կթողնի այս արտահայտությունը երեխաների հոգևոր դաստիարակության վրա:

-Անշուշտ, բացասական ազդեցություն կթողնի: Պետք չէ Աստծո նկատմամբ բացասական վերաբերմունք սերմանել երեխայի մոտ: Նման արտահայտություն անելով՝ երեխային ավտոմատ կերպով հեռացնում են Աստծուց և հոգևոր աշխարհից, որովհետև ծնողները Աստծուն դահիճի տեսքով են ներկայացնում:

-Վախի զգացումը մարդուն օգնո՞ւմ է, թե խանգարո՞ւմ:

-Միանշանակ խանգարում է: Վախն ու զգուշավորությունը տարբեր բաներ են: Ցանկացած գործողություն կատարելիս պետք է զգուշանալ, բայց չվախենալ:

-Վախի զգացումը հաճախ լինում է առանց պատճառի: Դա հոգեբանական դրսևորո՞ւմ է:

-Այդպիսի բան չի լինում: Այլ բան է, եթե մարդը չի հասկանում, թե որտեղից է իր վախը: Ցանկացած վախ հիմք ունի: Եթե մարդը վախի պատճառը չի գտնում, գուցե դա վաղ հասակում է եղել: Վախը կարող է նաև գենետիկ ինֆորմացիա լինել, այդ դեպքում մասնագիտական մոտեցում է անհրաժեշտ: Բայց առանց պատճառի ոչինչ չի լինում:

-Երբ հայրը ներողություն է խնդրում երեխայի ներկայությամբ, արդյո՞ք պետք է վախենալ, որ երեխան դրանից կառիթավորվի:

-Ներողությունն ուժեղ մարդու որակ է. և չի կարող պատահել, որ երեխան դրանից վախով մեծանա:

-Երբեմն մարդիկ դիմում են «վախ չափողների» օգնությանը: Կարո՞ղ ենք վստահ լինել, որ մոմ թափելիս վախն անհետանում է:

-Ոչ, քանի որ, ինչպես արդեն նշեցի, վախը հույզ է, մտքից է առաջանում: Եթե մարդը հավատաց ինչ-որ բանի, ապա ներշնչանքով կվերացնի բոլոր խնդիրները: Օրինակ, դեղը դրվագային լուծում է տալիս, այսինքն՝ ժամանակավորապես թուլացնում է մտածողությունը, իսկ եթե չկա մտածողություն՝ չկա նաև հույզ: Եթե վախը կրում է նևրոտիկ բնույթ, ապա մասնագիտական մոտեցում է անհրաժեշտ, իսկ եթե դրվագային է, այսինքն՝ ինչ-որ պահի ինչ-որ բանից մարդը վախեցել է, ապա հավատով և աղոթքով կարող է ազատվել վախից:

Աղոթքը հոգեբանական կարևոր նշանակություն ունի: Աղոթելիս մարդը մենակ չի զգում իրեն, կիսվում է և իր մեջից դուրս հանում ներսում կուտակվածը: Աղոթքը շատ կարևոր է, և մենք բոլորին խորհուրդ ենք տալիս աղոթել:

Պատրաստեց Նազելի Մարտիրոսյանը

qahana.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս