Բաժիններ՝

Հարցումը ցույց է տվել, որ ֆրանսիացիները Մակրոնին ավելի քիչ են վստահում, քան նրա նախորդներին

Ֆրանսիացիները երկրի նոր նախագահ Էմանուել Մակրոնին եւ նրա վարչապետ Էդուար Ֆիլիպին ավելի քիչ են վստահում, քան նրանց նախորդներին նախագահական մանդատի համապատասխան ժամանակաշրջանում: Այդ մասին վկայում են հասարակական կարծիքի՝ Elabe ընկերության կողմից անցկացված հարցման արդյունքները:

Հետազոտության տվյալներով, որոնք հրապարակված են ընկերության կայքում, Ֆրանսիայի նոր նախագահի նկատմամբ վստահությունը 45 տոկոսի նշագծին է: Նախագահական մանդատի համապատասխան ժամանակաշրջանում Մակրոնի նախորդներին վստահում էր հարցման մասնակիցների ավելի քան 50 տոկոսը:

Այսպես, 2012 թվականի մայիսին Ֆրանսուա Օլանդին վստահում էր հարցվածների 58 տոկոսը, 2007 թվականի հունիսին Նիկոլա Սարկոզին ստացել է ֆրանսիացիների 59 տոկոսի աջակցությունը, իսկ Ժակ Շիրակի վստահության աստիճանը 1995 թվականի մայիսին կազմում էր 61 տոկոս եւ 53 տոկոս՝ 2002 թվականի հունիսին:

Նշվում է, որ Ֆրանսիայի նոր վարչապետ Էդուար Ֆիլիպին նույնպես ավելի քիչ են վստահում, քան նրա նախորդներին: Ուսումնասիրության տվյալներով՝ մասնակիցների միայն 36 տոկոսն է հայտարարել կառավարության նոր ղեկավարի նկատմամբ իր վստահության մասին: Իր հերթին, նախկին վարչապետ Ժան­Մարկ Էյրոյին 2012 թվականին վստահում էր հարցվածների 56 տոկոսը, իսկ Ֆրանսուա Ֆիյոնին 2007 թվականին վստահում էր ֆրանսիացիների 50 տոկոսը:

Elabe ընկերությունում Ֆիլիպի արդյունքը բացատրել են նրանով, որ «երկրի մասշտաբներով նա բավականաչափ հայտնի չէ»: Հետազոտությունը Համացանցում անցկացվել է մայիսի 16­-ին եւ 17­-ին. դրան մասնակցել է 18-­ից բարձր տարիքի 999 մարդ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Լուսանկարը` AFP

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս